ԲիթրեյթՀաղորդումներ

Բիթրեյթ | LAUV ~how i’m feeling~. հույզերը թվային աշխարհում

1. Drugs & The Internet

Երբ լոսանջելեսցի Լաուվը թողարկեց իր Modern Loneliness` ժամանակակից մենակություն սինգլը, դեռ ոչ մեկս կարանտինում չէինք: Բայց արի ու տես, որ տղան այս երգով կանխատեսեց Երկիր մոլորակի առաջիկա ամիսները: Չնայած, եթե ինձ լսեք, կասեմ՝ ապագա տարիները, որովհետև, եկեք մտածենք՝ ինչն է բնորոշում 21-րդ դարի մարդուն. մենակությունը, թվային աշխարհը կամ երկուսը միաժամանակ: Մենք մեր ընկերներին փոխարինել ենք համացանցով, ու հենց դրա մասին է Լաուվի ~how i’m feeling~ ալբոմի առաջին երգը՝ Drugs and The Internet. 

2. Fuck, I’m Lonely

Բայց ի վերջո՝ ինչ ենք մենք փնտրում համացանցում: Պարադոքս է, չէ՞. համացանցի օգնությամբ մենք հաղթահարում ենք այն մենակությունը, որի պատճառը հենց այդ համացանցն է: Գրո՛ղը տանի, ես մենակ եմ՝ երգում է Լաուվն, ու մենք բոլորս համաձայնում ենք: Anne-Marie-ի մասնակցությամբ երգն ալբոմի երկրորդ թրեքն է և երրորդ սինգլը:

3. Lonely Eyes

Շարունակելով ժամանակակից մարդու մենակության թեման՝ ալբոմի երրորդ երգում Լաուվը սեփական մենակությունից դուրս գալու ուղին գտնում է նույն մենակությամբ տառապող մարդկանց հետ կապվելու մեջ: Դե մենք միշտ փնտրում ենք այն, ինչի կարիքն ունենք: Լաուվը երգում է, իսկ ես մտածում՝ մի՞թե մենք դիմացինի աչքերում փնտրում ենք նույն մենակությունը, որ այն դարձնենք կիսելի: Չգիտեմ, բայց երգը լավն է:

4. Sims

Հիշու՞մ եք Սիմս խաղը: Դե, թվային կյանքի բնական արգասիք է: Բայց ի՞նչն էր մեզ ստիպում (կամ մինչև հիմա է ստիպում) թողնել սեփական կյանքն ու զբաղվել թվային աշխարհում մեր ստեղծած մարդուկների կյանքով: Մեր կյանքի արարման մեջ սովորաբար մենք պարզապես մասնակից ենք, թվային կյանքում սակայն, ամեն ինչ բացարձակապես մեր ձեռքերում է: Հետո, նկատե՞լ եք՝ ինչն է ամենագրավիչը: Խմբագրելու ու փոխելու հնարավորությունը: Թվային մարդուկներն անվերջ կյանքեր ունեն, անվերջ սխալվելու հնարավորություն. լավ է չէ՞: Բա ինչքան լավ կլիներ, եթե կյանքում էլ այդպես լիներ՝ երգում է Լաուվը:

5. Believed

Մենք կյանքում ամենաշատը երևի կուզենայինք ժամանակի հետ խաղալ այնպես, ինչպես խաղում ենք թվային մարդուկների հետ: Ասենք՝ հետ տայինք, ուղղեինք սխալները, նորից սկսեինք, ավելի արժևորեինք ապրածը, և այլն… Երևի համացանցում ժամանակի այդքան կարող ուժ չլինելն է մեզ այդքան գրավիչ թվում: Իսկ իրականության մեջ, ինչպես Լաուվն է ասում, կարող ենք միայն ափսոսալ անցած ժամանակի համար: 

6. Billy

Հասանք վեցերորդ երգին, որը Բիլիի մասին է: Իսկ Բիլի կարող է լինել մեզնից յուրաքանչյուրը: Մարդ, ում վրա ծիծաղում են, իսկ հետո նա է ծիծաղում, որովհետև այ այն ժամանակը, որից այդքան վախենում էինք, ամեն ինչ գցում է իր տեղը: Լավատեսական է այս երգը, մի օր Բիլիի նման ձեր ժամանակն էլ կգա:

7. Feelings

Թվային աշխարհից եկանք իրական կյանք ու իրական հույզեր: Մեկ-մեկ դրանք այնքան շատ են լինում, որ հեռախոսն ու համացանցը ոչ միայն մոռացվում են, այլև մոռացվում են բոլոր կանոններն ու սահմանները: Ու տղան լսում է իր սիրելի աղջկան: Կամ՝ հակառակը: Այս երգը թվային աշխարհում երբեք չաշխատող, բայց մեր կյանքի համար շատ կարևոր ամենամարդկային հույզերի մասին է:  

8. Canada

Թրեքն անվանել են Կանադա: Բայց Լաուվն այն գրել է ոչ թե հենց Կանադայի, այլ ավելի լավ կյանքի ակնկալիքների մասին: Բոլորս էլ երազում ենք, չէ՞, տեղափոխվել մի հեռու երկիր մեր սիրելի մարդու հետ ու երջանիկ ապրել: Լաուվն էլ է երազում, ու այդ երազանքը կիսում Ալիշիա Քարայի հետ: 

9. For Now

Իսկ եթե մենք չենք տեղափոխվում, բայց մեր սիրելի մարդն է հեռու երկիր գնու՞մ: Վերադառնում ենք թվային աշխարհ, ու պարզվում է, որ այն երբեմն կարող է օգնել, բայց դե… իրական համբույրներին փոխարինել չի կարող: Դրա համար որոշ ժամանակ կարելի է հեռախոսի միջոցով սիրել, բայց պայմանով, որ սիրելին տուն է վերադառնալու: 

10. Mean It

Տասներորդ թրեքը, որ կոչվում է Mean It, մեր ժամանակների մարդու հնարավորությունների մասին է: Նկատե՞լ եք՝ մենք այնքան շատ հնարավորություն ունենք, որ վերջնական ընտրություն կայացնելը դարձել է սուպեր դժվար: Վախենում ենք, որ կկորցնենք ավելի լավը, դրա համար էլ մեր ժամանակներում ամեն ինչ ժամանակավոր է: Բայց սա հարմար է, քանի մեզ չի վերաբերում, իսկ երբ մեզ հետ են որպես ժամանակավորի վարվում, նեղսրտում ենք: Լաուվի տաղանդի տեր մարդիկ էլ երգեր են գրում: 

11. Tell My Mama

Լաուվին իսկապես ժամանակակից երիտասարդի դիմանկար կարելի է համարել: Մենք բոլորս մի քիչ ընկճված ենք: Ու ավելի շատ ենք խոսում դրա մասին, ու հետաքրքիր է, որ մեր աշխարհում ընկճվածությունը դարձել է հաստատուն մի միավոր, որը որոշում ու կանխորոշում է անձի հետ կապված ամեն ինչ: Ովքե՞ր են տուժում: Մեր հարազատները: Չէ՞ որ հենց նրանք են մեր բոլոր սթրեսերի առաջին վերապրողները: Դրա համար էլ Լաուվը շտապում է հիշեցնել մայրիկին, որ նրան շատ է սիրում՝ անկախ այն հանգամանքից, թե իր հուզական վիճակն ինչ իրավիճակներ է ստեղծում շուրջը: Ճիշտ հասկացաք, երգն ակնարկ է մայրիկին ևս մեկ անգամ հիշեցնելու, որ սիրում եք: 

12. Sweatpants

Լաուվը սովորական կարոտն էլ է սիրուն պատկերում: Ալկոհոլով սուրճ, հարմար տնային հագուստ ու անկողին, որից նրա բույրն է տարածվում ու հիշեցնում, որ նրա կարիքը կա: Տեսնես, որ այդ հիշեցնող երևույթները չլինեին, մենք երբևէ մեր սիրելի մարդկանց այդքան կկարոտե՞ինք:

13. Who

Հասանք կորեական BTS-ի մասնակցությամբ երգին, որը կոչվում է Who: Մենք միշտ կարոտում ենք այն մարդուն, ում սկզբից ենք սիրահարվել: Չէ՞ որ այդ ժամանակ մենք մոռանում ենք, որ մարդը, ևս, հաստատուն միավոր չէ: Ու հետո, երբ մեր սիրելին մի քիչ փոխվում է, կորցնում ենք նրան, որովհետև հիմնականում դրվագային ենք սիրում: Այն ժամանակ, երբ ամբողջապես կընդունենք մեր մարդկանց, կարող ենք ասել, որ սիրում ենք: 

14. I’m So Tired

Լավ ինչքա՞ն կարելի է երգել սիրո մասին կամ սիրո մասին երգեր լսել: Մեկ-մեկ ուզում ես գնալ տուն: Բայց դե միշտ չէ, որ տանը քեզ սպասում է սիրելիդ: Պարադոքս է: Բայց միայնակ գիշերները անծանոթների հետ անցկացնելը հարցը չի լուծում չէ՞… Եթե իհարկե նրանցից մեկը սիրելի չդառնա: Եթե իհարկե, սիրելին մեր մտքում չէ այլևս: Թե չէ՝ տուն գնալն էլ չի օգնի: 

15. El Tejano

15-րդ թրեքում Լաուվը մի պահ կոտրում է սիրառատ բիթրեյթն ու առաջարկում լատինական ռիթմեր, բայց՝ նորից լաուվյան ոճով: El Tejano-ն Սոֆի Ռեյեսի մասնակցությամբ է: 

16. Tatoos Together

Վերադառնանք իրական հույզերին, որոնք երբեմն պիտի նյութականանան, այլապես կորչում-գնում են: Իսկ դուք հույզերն ամրագրելու ճիշտ ժամանակը գտե՞լ եք: Ո՞րն է այդ սահմանը՝ չուշանալու, բայց նաև շատ չշտապելու: Ես չգիտեմ: Լաուվն էլ: Դրա համար էլ հարց է՝ միասին արված դաջվածքներն ավելի կարևոր իմաստ կստանան, թե կմնան պարզապես հիշողություն: 

17. Changes

Միայն սիրելիները չեն փոխվում: Մենք էլ ենք փոխվում: Երբեմն՝ խենթանալու աստիճան շատ: Կյանքը հեշտ չէ հենց այդ անվերջ փոփոխությունների պատճառով: Կամ էլ՝ հենց դրա շնորհիվ է հեշտ: Մենք ենք ընտրում… Միևնույնն է, ամեն ինչ անցնում է: 

18. Sad Forever

Երբեմն ընկճվածությունը կարող է այնքան խորը արմատներ գցել, որ տպավորություն է ստեղծվում, թե այն երբեք չի հեռանալու: Սովորաբար այդպես է. երբ շատ տխուր ենք, մեզ թվում է, թե միշտ ենք այդպես լինելու: Լաուվի դեպքում ամեն ինչ մի քիչ ավելի բարդ է: Նա երկար ժամանակ է՝ ապրում է ամենատարբեր հոգեբանական խնդիրներով: Ու այս երգն իրականում նրա հոգեվիճակի արդյունքն է. ցանկացած ընկճված մարդ ուզում է մի օր զարթնել, ու հասկանալ, որ ամեն ինչ լավ է: 

19. Invisible Things

Իսկ ե՞րբ էինք մենք բացարձակապես երջանիկ. Եթե լուրջ խնդիրներ չեն եղել, ամենաընդունելի պատասխանը երևի կլինի մանկությունը: Որովհետև հենց այն ժամանակ էր ամեն ինչ երազային ու երազանքներով լի: Մեծանալով՝ մենք կորցնում ենք երազելու ունակությունը: Դրա համար էլ դրա փոխարենը մեր հոգիներում տեղ են գտնում ընկճվածությունն ու տխրությունը: Իսկ ո՞րն է ամենակարճ ճանապարհը երազանքների աշխարհ տեղափոխվելու հիմա, հենց հիմա: Իհա՛րկե երաժշտությունը:  

20. Julia

Լաուվի համար, այս ալբոմի սահմաններում համենայն դեպս, երաժշտությունը միակ լուծումն է: Վերջում նա ընտրում է չխաբել Ջուլիային, ներողություն խնդրել նրանից, գտնել ինքն իրեն, ու այլևս չփչացնել սիրելի մարդկանց կյանքը: Չնայած… Առանց դրա, երևի, ընկճվածները երբեք ոտքի չեն կանգնի: 

21. Modern Loneliness

Մենք ապրում ենք մենակության դարաշրջանում: Լաուվի ալբոմը, շրջապտույտ կատարելով հույզերի, երազանքների ու իր տարբեր ես-երի աշխարհում, նորից կանգնում է նույն կանգառում: Կանգառն այդ կոչվում է ժամանակակից մենակություն, երբ մենք երբեք մենակ չենք, որովհետև կա համացանցը, բայց միշտ տխուր ենք, երբ սիրում ենք մեր ընկերներին, բայց երբեք չենք զանգում, երբ գիտենք բոլոր ձևերը՝ պահի մեջ երջանիկ լինելու, բայց այդպես էլ մեզ երջանիկ չենք զգում: Սա Լաուվի բիթրեյթն է: Այն լուծում չունի: Բայց լավ նկարագրում է մոլորակը, որում ապրում ենք: Իսկ փոփոխությունները սկսում են նկատելուց: Հիմա, այս ալբոմի շնորհիվ, ևս մեկ անգամ նկատեցինք, թե ինչ աշխարհում ենք ապրում: Հաջորդ քայլը որոշում ենք մենք:

Ցուցադրել ավելի
Back to top button