ԲիթրեյթՀաղորդումներ

Բիթրեյթ | FUTURE NOSTALGIA․ Դուա Լիպայի նոր ալբոմը

1․ Future Nostalgia

Դուք ուզում եք ժամանակ չճանաչող ե՞րգ: Դուա Լիպան եկել է փոխելու խաղի կանոնները. համենայն դեպս նա հենց այս բառերով է սկսում իր երկրորդ՝ «Future Nostalgia» ալբոմի համանուն առաջին թրեքը: Ալբոմն, ըստ քննադատների, փոփ կատարելություն է։ Դուան այն ստեղծելիս հենց այդ նպատակն էլ ունեցել է. «Ես ուզում էի դուրս գալ հարմարավետության իմ սահմաններից ու այնպես աշխատել, որ «Future Nostalgia»-ն կարողանա դասական փոփ ալբոմների հետ նույն շարքը դասվել»: Սա արտիստուհու մոտ հաստատ ստացվել է: Այս ալբոմն իսկապես ստիպում է նվագարկիչի ձայնը բարձրացնել:

Ինքնավստահությունը, որ զգացվում է ալբոմի համարյա բոլոր երգերում, սնվում է խիզախ կանացիությունից: Դե սա արևմտյան աշխարհի ներկա օրակարգն է, և երգչուհիները ևս հետ չեն մնում: Դուան իրեն համարում է «կին-ալֆա», և հակադրվում «սեփական տաբատը կրել չկարողացող» տղամարդուն, որն անվերջ փորձում է իրենից «գլուխ հանել»: Չի ստացվի՝ ասում է Դուան, քանի որ բաղադրատոմսն իմանալու համար պետք է նախ դիմանալ իր հնչողությանը: Իսկ «Future Nostalgia»-ի էներգիան ամուրների համար է: 

Ի դեպ՝ անվանման մասին: Հետաքրքիր է, որ ալբոմի հնչողությունը կարելի է իսկապես նոստալգիկ համարել այն առումով, որ երգերի հիմքում մեծամասամբ ֆանք բասս կիթառով կառուցված ռիթմեր են, որոնք միանգամից տեղափոխում են 70-ականներ կամ դիսկո երաժշտության ժամանակներ: Իսկ ապագա՞ն: «Նորը լավ մոռացված հինն է»։ Այս դեպքում մենք ավելացնում ենք՝ «նոր մշակման ենթարկված»:

2. Don’t Start Now

«Don’t Start Now»-ն, որ երկրորդ թրեքն է, մինչև ալբոմի թողարկումը դառնալով սուպեր ռադիո-հիթ, արդեն իսկ «մատնել էր» ալբոմի ռիթմիկ դեմքը՝ պատկերացում ստեղծելով Դուա Լիպայի «նոր հնչողության» մասին: Կին-ալֆան այստեղ ամրացնում է իր դիրքերը՝ պատմելով, որ ինքն այնտեղ չէ, որտեղ «իրեն թողել էին», և վախենալու չափ առաջ է անցել: Այնպես որ խորհուրդ է տալիս հեռանալ, եթե լրիվ ոտքի կանգնած Դուային տեսնել չեն ուզում: 

3. Cool

Երրորդ թրեքը առաջին անգամ լսելիս Դուան զզվանք է ապրել: Հետո հասկացել է, որ ինստրումենտալ մասը լավն է, ու Թուվը Լուի հետ ստուդիայում գրել է այս ամառային հիթը, որում էլի, ինչպես մյուս երգերում, Փրինսից ոգեշնչված ռիթմեր կան, բայց այս թրեքն իրականում շատ ավելի մոտ է ժամանակակից փոփ հնչողությանն, ու հիշեցնում է այլ ռադիոհիթեր: 

4. Physical

Հասանք չորրորդ, ու, իմ համոզմամբ, գլխավոր երգին: Ինչու գլխավոր, որովհետև «Physical»-ն իր մեջ ամփոփում է այս ալբոմի երաժշտական մեսիջը: 80-ականների սինթ-փոփ էլեմենտներով սինգլն իրականում 81 թվականի նույնանուն հիթի մոտիվներն ունի, որը Օլիվիա Նյուտոնի ամենահայտնի երգերից մեկը լինելով, նաև բնորոշում է ամբողջ երաժշտական տասնամյակը: Այս սինգլը կամբողջացնեն հնաոճ, բայց շատ սեքսուալ սպորտային հագուստները, կամ էլ, ինչպես Դուան է ասում, ևս մի քանի շոթ՝ երեկույթի տրամադրությունն իր բարձրակետին հասցնելու համար: 

https://www.youtube.com/watch?v=MvgWk979eGY

5. Levitating

Մերօրյա փոփ աշխարհում տիեզերական հնչողությունը բնութագրելու համար օգտագործվում են ամենասինթետիկ էլեմենտները. «Levitating»-ը ևս բացառություն չէ: Այս երգը այլ աշխարհից է՝ մի քիչ քեթիփերիական է, բայց Դուայի մատուցմամբ: Չնայած, եթե ավելի լավ համեմատություն անենք, երևի կհիշենք Daft Punk-ի տիեզերական ձայնամբողջությունը: Ինչևէ, կարևորը՝ հիթը պատրաստ է: 

6. Pretty Please

Վերադարձ բասս կիթառին, բայց այս անգամ ոչ որպես պարային հերթական թրեքի հիմք: Սրանք թեթև ու, ինչպես ասում են, «chill» լինելու մի քանի րոպեներ են: Թեթևացման խնդիր կա ոչ միայն Pretty Please-ի բառերում, որոնց օգնությամբ Դուան խնդրում է սիրելիին բեռնաթափել իր միտքն, այլև լսողի համար. ալբոմի վեցերորդ երգը հաճելի դադար է, որովհետև հետո երաժշտանյութը նորից խտանում է: 

7․ Hallucinate

Ժամանակն է նորից բարձրացնելու նվագարկիչի ձայնն ու պարելու: Դուան, հարազատ մնալով ալբոմի սկզբնական հնչողությանն ու պահպանելով նոստալգիկ ռիթմերը, տեղափոխում է լսողին 90-ականների պարահրապարակ՝ որոշ փոփ էլեմենտներով, որոնք շատ էին օգտագործվում 2010-ականների ռադիոհիթերում, որոնցից են, օրինակ, ձայնավարժության նմանվող հնչյունային կրկնությունները, որոնք համադրվում են երգի ռիթմին: Երգչուհու բնորոշմամբ՝ սա փառատոնային երգ է: 

8. Love Again

8-րդ թրեք, և կրկին նոստալգիկ հիթի մոտիվներով: Այս անգամ խոսքը 97 թվականի «Your Woman» երգի մասին է, որի լեյտմոտիվը սեմփլինգով օգտագործված է «Love Again» երգում: Սիրել, ըստ Դուայի, միշտ հնարավոր է կրկին, անգամ այն ժամանակ, երբ թվում է, թե հուսահատությունը երբեք չի հեռանալու: Սա երգչուհու ամենասիրելի երգն է այս ալբոմից, որովհետև, իր բառերով, էժան թերապիա է կոտրված սրտերի համար: Հենց այն ժամանակ, երբ դադարում ես հավատալ, որ ներսումդ սեր է մնացել, ինչ-որ մեկը քեզ կրկին սիրել է տալիս: Միշտ է այդպես: 

9․ Break My Heart

«Break My Heart» և ևս մեկ սեմփլինգ. այս անգամ INXS-ի 1987 թվականի «Need You Tonight» երգից: Երբ ամեն ինչ լավ է, ու երջանկության մեջ ես, միշտ ինչ-որ մի միտք շտապում է քեզ հիշեցնել. իսկ ի՞նչ կլինի, եթե նա կոտրի իմ սիրտը: Երևի կստեղծվի ևս մեկ ալբոմ: Ի դեպ՝ այս երգը ևս իր հնչողությամբ լրիվ ներդաշնակ է ալբոմի հիմնական ուղղվածության հետ. սա կարելի է համարել MTV-ի ժամանակների ալբոմ, երբ մենք դեռ երաժշտությունը սպառում էինք հեռուստատեսությամբ, իսկ մելոմանները երաժշտական հեռուստաալիքներն ուղղակի չէին անջատում: Այս ալբոմի արժեքն առավելապես հենց այդ ժամանակներն ապրած մարդիկ կհասկանան:

10․ Good In Bed

Նախավերջին՝ «Good In Bed» թրեքով Դուան ամեն դեպքում հիշեցնում է, որ մեր ժամանակներից է. սա և՛ հնչողության, և՛ երգի բովանդակության մասով: 

11. Boys Will Be Boys

Եվ վերջում՝ վերադարձ կին-ալֆային, որը ևս մեկ անգամ հաստատում է իր դոմինանտությունը տղաների նկատմամբ, որոնք «սեփական տաբատը կրել չէին կարողանում»: Հետաքրքիր է, որ վերջին երգն իր հնչողությամբ կարծես «կապ չունի» ալբոմի ընդհանուր տրամադրության հետ, բայց բառերով՝ ամփոփում է այն: Կին-ալֆան, որ ալբոմի ընթացքում պարբերաբար ի ցույց էր դնում իր քաջությունն ու համարձակությունը, դրանց հաղորդելով նաև ֆիզիկական երանգներ, այս երգի մեսիջով էլ ավարտում է «ապագա նոստալգիան»:

Կդարձնի՞ այս ալբոմը Դուա Լիպային ալֆա նաև փոփ երաժշտության աշխարհում, դեռ դժվար է ասել, քանի որ այդ դիրքին սովորաբար հասնում են աշխարհին «նոր բան» հրամցնողները: Իսկ այս ալբոմը որակյալ հինն է, բայց շատ նոր մեկնաբանությամբ: 

Ցուցադրել ավելի
Back to top button