Երգխոսություն

Երգխոսություն․ Մանրատերև

Այս էպիզոդում Երգխոսում ենք «Մանրատերև» ալբոմի մասին՝ մի նախագիծ, որը դարձել է հայկական ֆոլկլորի և ժամանակակից երաժշտության միաձուլման լավագույն օրինակներից մեկը։

«Մանրատերև»-ը նորովի է ներկայացնում հայկական օրորոցայինները՝ հին մեղեդիների միջոցով փոխանցելով մայրական քնքշանք, մաքրություն և ազգային հիշողություն։ Սա մշակութային նախաձեռնություն է, որի նպատակն է վերակենդանացնել մոռացված հայկական օրորոցայինները և վերադարձնել դրանք մեր առօրյա կյանք։

Ալբոմի հեղինակներն են երգչուհի Անուշիկ Ալավերդյանը և երաժիշտ, պրոդյուսեր Կարեն Մամիկոնյանը, որոնց աշխատանքը վերածվել է խորը, անձնական և միաժամանակ ազգային ստեղծագործության։

Ալբոմում ներառված երգերը ծնունդ են առել հայկական տարբեր բնակավայրերում՝ Սասունից մինչև Գեղարքունիք, Տավուշից մինչև Թալիշ։ Յոթ երգից բաղկացած այս ալբոմը ներկայացնում է Հայաստանի տարբեր շրջանների բնիկ մեղեդիներ՝ յուրաքանչյուրը՝ իր տեղական հնչողությամբ և խոսակցական գույներով։

Ալբոմը առանձնանում է իր մինիմալիստական մոտեցմամբ․ յուրաքանչյուր երգում օգտագործվել է ընդամենը մեկ գործիք, ինչը թույլ է տվել պահպանել օրորոցի մաքրությունն ու անմիջականությունը։

«Մանրատերև»-ը նաև համագործակցության հրաշալի օրինակ է․ նախագծին միացել են հայ ժամանակակից նշանավոր երաժիշտներ՝ օրինակ՝ Արտո Թունջբոյաջյանը, որն իր իմպրովիզացիոն ոճով հաղորդել է ալբոմին տաք հնչողություն, ինչպես նաև «Զագակեր» խումբը, որի մասնակցությամբ ձայնագրված «Օրորոր բալաս» երգը ստացել է գրեթե հրեշտակային երանգ։

Այս համագործակցությունները ցույց են տալիս, որ հայկական օրորոցայինը կարող է նոր կյանք ստանալ՝ առանց կորցնելու իր բնիկ էությունը։

Էպիզոդի հյուրերն են Անուշիկ Ալավերդյանը և Կարեն Մամիկոնյանը, ովքեր պատմում են իրենց ստեղծագործական որոնումների, ալբոմի ծննդի և ֆոլկլորը արդիական դարձնելու իրենց փորձի մասին։

Ցուցադրել ավելի

Զառա Տոնիկյան

Ես Զառան եմ, վերջերս եմ միացել «Իմ ռադիոյի» թիմին, բայց արդեն հասցրել եմ տարվել ձայնային աշխարհով։ Երաժշտասեր եմ, հայկական երաժշտություն լսող ու տարածող, քանի որ հենց հայկականն է ամենավառը բնորոշում ինձ։ Սիրում եմ գրել, պատմել հայկականի և հայի մասին։
Back to top button