Երգխոսություն

Երգխոսություն․ Ամռան գիշեր

«Ամռան գիշերը» ժողովրդական երգարվեստի այն գոհարներից է, որը դարերի խորքից հասել է մեր օրեր։ Այն ծնունդ է առել Շատախի հայության միջավայրում և իր մեղմ ու լուսավոր տրամադրությամբ պատկերում է գյուղական ամառային գիշերվա տեսարան․ աշխատանքային օրվա ավարտից հետո գյուղացիները հավաքվում էին բակում, երգում, պարում, պատմում առասպելներ ու հեքիաթներ։ Երգի քառատողերում աչքի առաջ է գալիս ջահել հարսիկի կերպարը, որի առօրյա աշխատանքը՝ ալյուր մաղելը կամ իլիկ մանելը, վերածվում է սիրո ու հիացմունքի խորհրդանիշի։

Տարիների ընթացքում այս երգը բազմիցս կենդանացել է տարբեր կատարողների ձայնով։ Հայրիկ Մուրադյանի մեկնաբանությունից մինչև ժամանակակից գործիքավորումներ, այն շարունակել է ապրել նոր շնչով։ Լուսինե Եղիազարյանի և Տիգրան Համասայանի կատարումները երգին տվել են նոր ձև ու ներբերանգ՝ հասցնելով այն ոչ միայն հայկական, այլև համաշխարհային ունկնդրին։ Այսպիսով, «Ամռան գիշեր»-ը դարձել է միևնույն ժամանակ և ազգային հիշողության պահապան, և միջազգային հետաքրքրություն առաջացնող ստեղծագործություն։

Այս էպիզոդում իրենց փորձն ու զգացողությունները կկիսեն Նաիրյան վոկալ ասամբլի անդամներ Ելենա Ազարյանն ու Նաիրա Մուղդուսյանը։ Նրանց մեկնաբանությունը առանձնանում է նրանով, որ նրանք իրենց ձայնն են դարձնում գործիք, բազմաձայնելով և համակցելով տարբեր տեմբրեր՝ ստեղծելով յուրահատուկ հնչողություն։ 

Էպիզոդի մյուս հյուրը Ժաննա Դավթյանն է։ Նրա և Արման Փեշտմալջյանի գործիքավորումն ու պրոդյուսերական մոտեցումը երգին հաղորդել են ժամանակակից երանգներ՝ պահելով ավանդականի բուն մթնոլորտը։ Նրանց մեկնաբանությունը ցույց է տալիս, որ ժողովրդական երգը կարող է նորովի հնչել՝ միաժամանակ մնալով նույնքան ջերմ ու հարազատ։

Ցուցադրել ավելի

Զառա Տոնիկյան

Ես Զառան եմ, վերջերս եմ միացել «Իմ ռադիոյի» թիմին, բայց արդեն հասցրել եմ տարվել ձայնային աշխարհով։ Երաժշտասեր եմ, հայկական երաժշտություն լսող ու տարածող, քանի որ հենց հայկականն է ամենավառը բնորոշում ինձ։ Սիրում եմ գրել, պատմել հայկականի և հայի մասին։
Back to top button