Երգխոսություն

Երգխոսություն․ Ա՛յ տղա, մեր գեղեցի/Ապարանջան

Թեև Կոմիտասն այս ստեղծագործությունը գրել է իգական երգչախմբի համար, իրականում սա մեկ աղջկա պատմություն է՝ անպատասխան սիրո ու ներքին տանջանքի մասին։ Աղջիկը սիրահարված է իրենց գյուղից մի տղայի․ նա գիտի, որ այդ սերը փոխադարձ չէ, բայց սիրելիից հրաժարվել չի կարողանում։ Արտաքինից ավելի նրան հմայում է տղայի ներաշխարհը՝ այնքան մաքուր, որ աղջիկը նույնիսկ նրա բերանը համեմատում է եկեղեցու հետ։

Երգը համակում է երազով ու հիացմունքով․ աղջիկը պատկերացնում է, թե ինչպես շալ կկապի տղայի գլխին, թել կչափի, նախշեր կկարի, բայց հետո սթափվում է՝ նախատելով նրան, որ այդպես անտարբեր է բոլոր աղջիկների նկատմամբ։ Նրա աչքում տղան կարծես երկնքի թռչուն լինի՝ անհաս, հպարտ, բայց միևնույն ժամանակ՝ ցանկալի։

Այս խորհրդավոր և նուրբ երգի ենթաշերտերի մասին այսօր մեզ հետ զրուցելու է կոմիտասագետ Տաթև Շախկուլյանը․ նա բացահայտելու է այն պատմական, լեզվական և խորհրդանշական շերտերը, որոնք հաճախ մնում են աննկատ։ Արթուր Ալեքը՝ «ՀողԱրթուն» նախագծից, կպատմի այս երգի իրենց մոտեցման մասին՝ ինչպես են այս հին երգը վերգանգնել և ներկայացրել էքսպերիմենտալ ձևով՝ ցույց տալով, թե ինչպես կարող է Կոմիտասի հոգին հնչել նոր ժամանակներում։

Ցուցադրել ավելի

Զառա Տոնիկյան

Ես Զառան եմ, վերջերս եմ միացել «Իմ ռադիոյի» թիմին, բայց արդեն հասցրել եմ տարվել ձայնային աշխարհով։ Երաժշտասեր եմ, հայկական երաժշտություն լսող ու տարածող, քանի որ հենց հայկականն է ամենավառը բնորոշում ինձ։ Սիրում եմ գրել, պատմել հայկականի և հայի մասին։
Back to top button