Այլ

Այսօր թուրքի հետ հաց եմ կիսել, և սա ամենավատ նորությունը չէ․ առաջին հանդիպում կռվից հետո

Մեկ շաբաթ առաջ Թիֆլիսում մի ծրագրի էի մասնակցում։ Հյուրերը տարբեր երկրներից էին, այդ թվում՝ Ադրբեջանից։ Այդ օրը կռվից հետո առաջին անգամ թուրք տեսա։ Պարտության հետ դեմ-դիմաց հանդիպման մասին գրեցի օրագրումս՝ երբևէ չհանրայնացնելու կանխավարկածով։ Սակայն ավագ գործընկերներիս հորդորով օրագրիս այդ էջը հրապարակում եմ՝ առանց փոփոխությունների ու խմբագրման։

«Խմենք նրա համար, որ մեր երեխեքն էլ չխմեն իրենց զոհված ընկերների կենացը»։
Բոլորը բարձրացնում են բաժակները, ես՝ կախում գլուխս։
Սրահում մոտ 150 հոգի կար, մոտ 20-ը՝ թուրք (ադրբեջանցի)։ Փաստորեն այսօր թուրքի հետ հաց եմ կիսել։ Ու դա դեռ ամենավատ նորությունը չէ։

***
Կռվից առաջ՝ 2020-ի փետրվարին, առաջին անգամ թուրք տեսա։ Չնկատեցի։ Սովորական մարդիկ էին․ ոչ սիրուն էին, ոչ խարիզմատիկ, ոչ խելացի։ Ձուլված էին ոչ սիրուն, ոչ խարիզմատիկ ու ոչ խելացի մյուսների՝ ուկրաինացիների, վրացիների, բելառուսների, մոլդովացիների, հայերի հետ․ մարդ էին, որոնց նկատելու ոչ մի հիմք չունեի։ Դրանից 7 ամիս հետո իրենք կամ իրենց ընկերները սպանեցին իմ ընկերներին։

Չգիտեմ՝ 2020-ի փետրվարին իրենք ինձ նկատում էին, թե չէ, իմ անհոգությունն ու ժպիտը իրենց ինչ-որ կերպ ցավեցնում էր, թե չէ։ Բայց այսօր ես իրենց անհոգությունն ու ժպիտը չկարողացա կուլ տալ։ Ի տարբերություն հացի, որը, փաստորեն, կիսեցի թուրքի հետ։

***
Երբ վրացին վեր կացավ, երգեց ազգային երգը, դեռ ամեն ինչ կարգին էր։ Հետո, երբ մյուս խումբը, երևի Մոլդովան վեր կացավ, երգեց ազգային երգն ու պարեց, էլի ամեն ինչ կարգին էր։ Այդ ժամանակ մեր սեղանը Հայրենիքի, զինվորի, ընտանիքների, կանանց, պլանավորած գործերի հաջողության կենացն արդեն խմել էր, Գիլոյանը սիրո կենացն էր ասում։ Հետո բարձրախոսին մոտեցավ ադրբեջանցին։
Կենացը չեմ հիշում։ Չէի լսում․ պաշտպանվելու հիմար միջոց է։ Բայց լսեցի, որ Գայանեն կամ Կարինեն կամ ուրիշ մեկն ասեց՝ մենակ թե չերգի։ Թե ինչ էի մտածում մինչև այդ, չգիտեմ։ Բայց դրանից հետո մենակ մտածում էի՝ մենակ թե չերգի։
Չերգեց, բայց միացավ երաժշտություն։ Ու սրահի մոտ 150 մարդուց առնվազն 20-ը՝ բոլորը ադրբեջանցի, ոտքի կանգնեցին ու սկսեցին պարել։ Հնարավորինս ուրախ, հնարավորինս անհոգ, հնարավորինս ջիգյարով, հնարավորինս հաղթած։
Չգիտեմ՝ որքան ժամանակ նայեցի ափսեիս ուտելիքին, հետո գինուն, հետո սպասքին, հետո սփռոցին։ Հետո Գիլոյանն ինչ-որ բան ասեց, Արտակը կատակեց, Գայանեն միացավ խոսակցությանը։ Հետո մենք խոսեցինք, ծիծաղեցինք։ Չեմ հիշում՝ ինչ դեմքով էինք դա անում։ Ձիգ էինք ու հավասարակշռված, բայց ես հիմնականում ուտելիքին, գինուն, սպասքին, սփռոցին էի նայում։ Շատ երկար էին պարում։

Եթե չիմանայի՝ ովքեր են, կմտածեի հայկական քեֆի եմ։ Այդ կամ նման երաժշտության տակ շատ եմ պարել։ Նայեցի պարողներին․ ես ու ընկերներս ավելի սիրուն էինք պարում։ Էլի նայեցի․ ոչ սիրուն էին, ոչ խարիզմատիկ, ոչ խելացի։ Բայց այս անգամ հետաքրքիր բան կար․ անհավանական ինքնավստահություն, ինքնաբավություն։
Թուրքերը շատ երկար ու ուրախ պարեցին։

***
Գուցե շարունակեի օգտագործել պաշտպանվելու հիմար միջոցը՝ չլսել ոչինչ, նույնիսկ ջախջախված լինելուս մասին գոռացող ներքին ձայնիս, եթե երաժշտության դադարից անմիջապես հետո վրացի Բեկան չմոտենար ու չխմեր Հայաստանի կենացը։ Ասած ամեն լավ բառից արյունը գլխիս էր խփում, թվում էր՝ ծաղրում է։ Չգիտեմ՝ երբվանից եմ Հայաստանի ու հայերի մասին ամեն լավ կարծիքի տակ քմծիծաղ փնտրում։ Երևի այն ժամանակից, երբ միջին վիճակագրական մարդիկ սպանեցին իմ ընկերներին։
Հաջորդն Ուկրաինայի հերթն էր․ իրենց լսեցի․ «Մենք հաղթելու ենք, որովհետև հաղթանակը միշտ արդարինն է»։ Երևի եթե թուրքին լսեի, այսքան չբարկանայի։ Որովհետև նրանք, ովքեր ինձ հաղթեցին, արդար չէին։

***
Ես չգիտեմ՝ ինչ է հաղթանակը։ Մեծը, իսկականը։ Երբեք չեմ տեսել՝ ինչպես են մարդիկ գնում պատերազմ ու հաղթած տուն գալիս։ Ինձ երկար ժամանակ ասել են, որ մենք հաղթել ենք, ես լսել եմ, որ մենք ուժեղ ենք։ Բայց ես չգիտեմ՝ ինչպես են բարձր գլխով գնում Եռաբլուր՝ ընկերոջ գերեզմանին։


«Խմենք նրա համար, որ մեր երեխեքն էլ չխմեն իրենց զոհված ընկերների կենացը»։
Իմ երեխեքը երևի կխմեն։
Հուսով եմ, որ կխմեն։
Ոչ թե գլուխը կախ, այլ՝ բաժակը բարձր։

Հետգրություն. Գլխավոր լուսանկարն արվել է նկարագրված իրադարձությունների ժամանակ։

Արուսյակ Կապուկչյան

Ցուցադրել ավելի

Ա Բեկյան

Ես Անահիտն եմ, «Իմ ռադիոյի» ղեկավարը, որն անսահման կարոտում է առավոտյան իր ուղիղ եթերները։ Ես մարդ եմ, որն ապրում է ռադիոյում ու ռադիոյով։ Աշխարհում ոչ մի բանի հետ չեմ փոխի նոր հաղորդում մտածելու, ստեղծելու ու կյանքի կոչելու պրոցեսը։ Պաշտում եմ նաև իմանալ ռադիոլսողների արձագանքը մեր փոդքասթների ու երիտասարդ ալիքի մասին։ Այնպես որ շատ գրեք մեզ։
Back to top button