Իմ օրը

«Իմ օրը». Բացառիկ մանրամասներ Դալիի և Պիկասոյի ցուցահանդեսից

Մեկ ամիս անց կարևոր իրադարձություն է սպասվում Հայաստանում։ 20–րդ դարի իսպանացի աշխարհահռչակ նկարիչներ Սալվադոր Դալիի և Պաբլո Պիկասոյի աշխատանքները կցուցադրվեն Հայաստանի ազգային պատկերասրահում։ Սյուրռեալիզմի ականավոր ներկայացուցիչների ստեղծագործությունները «Ազգերի արվեստ» հիմնադրամի նախագահ Ալեքսանդր Շադրինի մասնավոր հավաքածուից են։ Եվ որպես շրջիկ ցուցահանդես՝ դրանք ներկայացվել են աշխարհի տարբեր պետություններում։ Մենք բացառիկ հեռախոսազրույց ենք ունեցել «Ազգերի արվեստ» հիմնադրամի նախագահ Ալեքսանդր Շադրինի որդու ՝ Յարոսլավ Շադրինի հետ։

Ինչպե՞ս որոշեցիք նման ցուցադրություն կազմակերպել:

Մեզ համար չափազանց հաճելի էր, երբ իմացանք, որ Հայաստանի ազգային պատկերասրահը հետաքրքրված է այս ցուցադրությամբ: «Ազգերի արվեստ» հիմնադրամի այս հավաքածուում Սալվադոր Դալիի և Պաբլո Պիկասոյի բացառիկ գործեր կան: Եվ չնայած բոլոր դժվարություններին, որոնք սկզբում առկա էին և հիմա էլ կան, մենք պատրաստվում ենք այս ցուցահանդեսը բարձր մակարդակով կազմակերպել Հայաստանում: Խոսքն օրենսդրական, փաստաթղթային, տեղափոխման խնդրների մասին է, որոնք մենք հաջողությամբ և միասնաբար լուծում ենք:

Դո՞ւք նման առաջարկով հանդես եկաք, թե՞ Հայաստանից էր հրավերը:

Մեզ մոտ, կարծես, ազատ ժամանակահատված առաջացավ, և որոշեցինք դիմել Հայաստանի ազգային պատկերասրահին, որպեսզի ձեզ մոտ ևս ցուցադրվեն այս աշխատանքները, և ուրախությամբ եմ հիմա ասում, որ հայկական կողմից դրական արձագանք ստացանք: Մեզ համար հատկանշանական էր, որ պատասխան-առաջարկը Հայաստանից չուշացավ, և մենք միանգամից գործի անցանք:

Մենք գիտենք, որ սա Ձեր հայրիկի հավաքածուն է: Հետաքրքիր է՝ ի՞նչ աշխատանքներ են ներառված:

Այո, շատ ճիշտ եք: Սա «Ազգերի արվեստ» հիմնադրամի նախագահ Ալեքսանդր Շադրինի անձնական հավաքածուն է: Նա իմ հայրն է և տասնյակ տարիներ հավաքել է արվեստի այդ բացառիկ գործերը: Նա կարելի է ասել Ռուսաստանում և ընդհանրապես հետխորհրդային տարածաշրջանում Սալվադոր Դալիի ամենամեծ երկրպագուն է: Հետագայում արդեն միասին մենք Քրիստիս աճուրդի տնից ձեռք բերեցինք Պիկասոյի աշխատանքները:  Ալեքսանդր Շադրինի համար այս աշխատանքները կարծես իր մի երեխան լինեն, ինչպես օրինակ ես եմ: Քանդակները, կերամիկան և գրաֆիկան, որոնք վերաբերում են նախորդ դարի 40-60-ական թվականներին, շատ վառ կերպով ներկայացված են մեր ցուցադրության մեջ:

Յարոսլավ, կա՞ն հայտնի գործեր, որոնց անունները կարող եք թվարկել:

Սա շատ հայտնի հավաքածու է, այն իրապես կարելի է աշխարհահռչակ անվանել: Մենք այս հավաքածուն տասնյակ երկրներում ենք ցուցադրել, կան այնպիսի աշխատանքներ, ինչպես օրինակ Դալիի քանդակը «Կինը կրակի մեջ» անունով կամ նրա՝ բարակ ոտքերով փղերի քանդակը: 15 տարվա ընթացքում մեր ցուցադրությունն արդեն մեկ միլիոնից ավելի մարդ է դիտել: Եթե մենք խոսում ենք Սալվադոր Դալիի գործերի մասին, դրանք շատ հայտնի են: Օրինակ «Միլոսյան Վեներա արկղիկներով», գրաֆիկական աշխատանքներից կառանձնացնեի կնոջ գեղեկցությունը գովերգող «Կանայք, ծաղիկներ» գործը:

Իսկ քանի՞ գործ է ներկայացվելու:

Ներկայացված է 240-ից ավելի աշխատանք: Սրանց մեջ գերակշռում են Սալվադոր Դալիի աշխատանքները, հայտնի Հալվող ժամացույցը, կանանց նվիրված գործերը: Իսկ Պաբլո Պիկասոն կերամիկական աշխատանքների միջոցով կներկայացվի: Եվ այստեղ նրանից ավելի շատ կերամիկական գործեր կան, քան օրինակ Էրմիտաժում:

Հետաքրքիր է, այս գործերը մինչև Հայաստան գալը այլ ո՞ր երկրներում են ցուցարդրվել:

Մենք այն ցուցադրել են ինչպես Եվրոպայում, այնպես էլ Ասիայում: 15 տարվա ընթացքում մեր ցուցադրությունն արդեն մեկ միլիոնից ավելի մարդ է դիտել: Մեր ցուցադրությունը հասել է մերձբալթյան երկրներ, կուզեի առանձնացնել Չինաստանում կազմակերպված ցուցահանդեսը, այն շրջել է չինական 12 քաղաքներով: Մոնղոլիա ևս հասել ենք, և մեզ համար չափազանց հետաքրքիր էր տեսնել, թե ինչքան երկրպագուներ ունեն Դալին ու Պիկասոն ասիական այդ երկրում:

Յարոսլավ, Հայաստանում անհամբեր սպասում ենք այս ցուցադրությանը, կասե՞ք այն երբ կբացի ու ինչքան կտևի:

Իհարկե, որպես այս կազմակերպության ղեկավար, ինձ համար մեծ պատիվ է այն բացելը: Ցուցադրությունը Հայաստանում կբացվի մարտի 6-ին: Մենք ամեն ինչ կանենք, որ մինչև այդ բոլոր փաստաթղթային հարցերը լուծվեն և ցուցադրությունը նախատեսված օրը բացվի: Այն մինչև ապրիլի 26-ը կգործի:

Ի՞նչ արձագանքներ են եղել այն երկրներում, որտեղ ցուցադրվել է այս հավաքածուն

Գիտեք, շատ տարբեր: Եվրոպացիները այս արվեստագետների աշխատանքներում իրենց աշխարհայացքի արտացոլումն են տեսնում, ինչը չի կարելի ասել ասիական ժողովուրդների մասին:  Նրանց համար սա ամբողջովին նորություն է, բացահայտում, բայց, ինչպես գիտեք արվեստը սահմաններ, ազգություն չի ճանաչում: Եվ այս գործերը անկախ ազգությունից, հիացնում են բոլորին: Պետք է դրանց պարզապես նայել՝ առանց խոսքերի ու ընկալել:

Իսկ ինչպե՞ս է կոչվելու այս ցուցադրությունը ։

Մենք նախընտրել ենք չափազանց հասարակ և պարզ խորագիր՝ Սալվադոր Դալիի և Պաբլո Պիկասոյի ցուցադրություն: Կարծում եմ այս անուններն արդեն ամեն ինչի մասին խոսում: Մենք շատ ուրախ ենք, որ Հայաստանում սպասում են մեզ: Ես հույս ունեմ ոչ միայն բացման, այլև փակման միջոցառմանը ներկա լինել: Ձեզ շատ շնորհակալ եմ, որ հնարավորություն տվեցիք խոսել Հայաստանում բացվելից ցուցադրության մասին:  

Ցուցադրել ավելի
Back to top button