«Խոսիր ինձ հետ․․»
Այս փոդքաստի մասնակիցները երկուսն են։ Մեկը հոգեբան/հոգեթերապևտ/հոգեբույժ, մյուսը՝ ռեալ այցելու, որը պատմում է իր խնդրից ու մասնագետի հետ միասին փորձում հասկանալ, թե որտեղից է առաջացել դա ու ինչ կարելի է անել։ Ընթացքում ծանոթանում ենք, թե ինչպես են աշխատում մասնագետները, ինչպես պետք է ընտրել հոգեբանին, ինչ է կատարվում հոգեբանի սենյակում։ Պատմությունները տարբեր են ու իրական, ոչ մի խաղարկային բան չկա, բոլոր այցելուները տեղյակ են ձայնագրման մասին, մենք ոչ մի էթիկայի կանոն չենք խախտում։ Մենք բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել մասնագետների հետ, որպեսզի աշխատանքի ընթացքում որևէ կերպ չվնասենք այցելուներին։
Մենք նպատակ ունենք մարդկանց ցույց տալ, թե ինչպես են մասնագետները օգնում, ինչու չպետք է վախենալ կամ խուսափել հոգեբանի մոտ գնալուց, պատմում ենք, թե տարբեր հոգեբանական խնդիրներ ունեցող մարդիկ ինչպես են ապրում հասարակության մեջ։ Ուզում ենք վերաբերմունք փոխել այս մասնագիտության և մասնագետների հանդեպ։ Նախագիծը սկսելուց առաջ, մենք հստակ գիտակցել ենք ու մեր մասնակիցներին էլ տեղեկացրել, որ մեկ կամ երկու այցով իրենց խնդիրները չեն վերանալու, բայց մեկ է, վստահ ենք, որ ինչ-որ բանով կարողացել ենք օգնել։ Մասնակիցների գաղտնիությունը ցանկության դեպքում ապահովում ենք։ Հարկ եղած դեպքում անձնական տվյալներ չենք հայտնում, անգամ ձայնն ենք փոխում։
Հույս ունենք, որ «Խոսիր ինձ հետ․․»-ը մարդկանց ինչ-որ տեղ ինչ-որ բանով կօգնի։