Եկավ տարվա վերջին կամ առաջին, ամենաուրախ ու ամենասիրելի տոներից մեկը՝ Ամանորը։ Հիմա շատերի տներում կանաչ տոնածառեր ու լիքը սեղաններ են, երեխաներից շատերն էլ սպասում են ոչ թե Ձմեռ պապիկին, այլ Սանտային։ Առաջարկում եմ Ամանորն էլ դարձնել Հայեցի, տոնածառի փոխարեն Լոլեյ կամ Կենաց ծառ կանգնեցնել, նվերների համար էլ դիմել Կաղանդ պապին։
Այս տոնի ծագման մասին, կարծես, պատմելու կարիք չկա, բայց հայկական Ամանորի հիմքում այլ խորհուրդներ էլ կան։ Ազգագրագետ Վանուհի Սիմոնյանը առանձնացրել է դրանցից ամենակարևորները։
Դե դռները բացեք, լույսերը վառեք ու հնարավորության դեպքում ջուրը կտրեք, կամ կարող եք կաղնդել՝ կախարդել։ Ջրին գարի ու ցորեն եք տալիս ու ասում՝ առ քեզ գարի, տուր մեզ բարի։ Ամանորի գիշերը զանգերին սպասելու փոխարեն կարող եք աղմկել, չար ուժերին վախեցնել, իսկ լավագույն դեպքում կարող եք մասնակից դառնալ Արևի ծննդին։
Ամանորի հայկական սեղանն էլ է տարբերվում։ Մեր իմացած մսեղենն իրականում արգելված է․ Նոր տարին պահոց շրջան է։ Փոխարենը առատ բնական այլ բարիքներ կան՝ 7 տեսակ միրգ ու 7 ճաշատեսակ։ Առաջին կենացներից հետո մի գդալ մեղր էին ուտում, ասում էին՝ անուշ մեղր ուտենք, որ տարին բոլոր անուշ զրուցենք ու վարվենք։ Իսկ սեղանի աստղը տարեհացն էր՝ ամանորյա գաթան։
Շատ տեղերում ոչ միայն տարեհաց էին թխում, այլև մարդակերպ թխվածքներ, որոնք կոչվում էին «Ասիլ-Բասիլ» կամ «Վասիլ»: Սրանք խորհրդանշում էին բնության մեռնող ու հարություն առնող աստվածներին` Նարին, Արա Գեղեցիկին: Այս թխվածքներն ուրիշ քաղցրավենիքի, չրերի ու ընդեղենի հետ հայտնվում էին երեխաների ձեռքում՝ որպես պարգև շրջայցերի դիմաց։ Հաղթական պաշարը հավաքում էին ու գնում խաղալու, բայց հայկական ավանդական խաղեր, որոնցում բարին հաղթում է չարին։
Հայկական Ամանորն էլ տոնածառ ունի, ասում էի, չէ՞։ Լոլեյը Դիարբեքիրի շրջանից եկած ծառ էր, բայց հեռու չգնալու համար կարող ենք նաև Կենաց ծառ զարդարել, կարևորը՝ Հայեցի։
Խաղալիքները, գույները և տրամաբանությունը ևս այլ են։ Զարդարում ենք կանաչ-կարմիր թելերով, չիր ու չամիչով, մրգերով, ընկույզից պատրաստած խաղալիքներով։ Տոնական ծառի վրա խնձորը խորհրդանշում է պտղաբերությունը, ցորենը՝ առատությունը, իսկ լոբու հատիկները՝ ընտանիքի ամրությունը։
Ամենակարևոր գործառույթը երեխաներինն է։ Նրանք երգելով բոլորի տուն են մտնում կամ երդիկից դատարկ տոպրակ իջեցնելով՝ ավետում են տարվա ավարտը, Նոր տարվա սկիզբը: Գովերգում են ընտանիքի
անդամներին, բարեմաղթանքներ ասում, ինչի դիմաց տանտիկինները կախված տոպրակի մեջ դնում են մրգեր, խմորեղեն, ընդեղեն, չամիչ և այլն:
Երեխաները կարող են ուրախություն ստեղծել ձեռքի տակ ընկած ամեն ինչից։ Հավաքված ընդեղենի մեջ ընկույզ հաստատ լինում էր, վերցնում էին ու մրցում։ Ում ընկույզն ավելի շատ էր գլորվում, նա էլ մյուս տարի հաջողակ կլիներ։
Ամանորյա հրաշքը զգալու համար գնացի Մեղրաձոր, այնտեղ երեխաները տարվա յուրաքանչյուր եղանակին կարողանում են ամանորյա տրամադրություն ստեղծել․ ամեն ինչ հրաշքներին հավատալու ու երազելու շնորհիվ։
Նոր տարին լավ հնարավորություն է մանկություն վերադառնալու։ Անկախ տարիքից, իրավիճակից ու նույնիսկ ձյան բացակայությունից՝ ամեն տարի այս օրերին մեր ներսում ինչ-որ կախարդական բան է տեղի ունենում։ Կարևոր է, որ բաց սրտով ընդունենք այն ու բաժանենք նաև մյուսներին, որ հրաշքը բազմապատկվի ու լուսավորի բոլորին։ Չմոռանաք մյուս տարի ևս Հայեցի մնալ ու հայկականությունը ուսումնաՍԻՐԵԼ։
«Հայեցին» ստեղծվում է «Վարը վարենկ» կրթամշակութային
հասարակական կազմակերպության աջակցությամբ:
Եվա Մինասյան