Ազգային մշակույթը շատ բազմազան ու բարդ համակարգ է, այն կարելի է հավերժ ուսումնասիրել, բայց միևնույն է ամբողջությամբ չբացահայտել։ Կա մի տարբերակ, երբ այս համալիրի բոլոր տարրերը գործում են միասին, շնչող օրգանիզմ են դառնում ու նույնիսկ անծանոթներին գրավում։ Երգը, պարը, խաղն ու ծեսը գոյություն ունեն, քանի դեռ դրանք կիրառելի են, իսկ կիրառելու լավագույն ժամանակը տոներն են։ Այնպես որ ․․․
Ահա եկան հայոց ազգին օրերը,
Հանեցեք հիները, հագեք նորերը:
Տոնն ամենապարզ ու ուրախ միջավայրն է ազգայինը փոխանցելու համար։ Բարեկենդանն այս առումով առանձնանում է ավանդական մյուս տոներից իր ակաշկանդ ու թեթև բնույթով։ Այս օրերին ամեն ինչ կարելի է, արգելքներ ու սահմանափակումներ չկան ոչ սննդի հարցում, ոչ վարքի կամ կարգուկանոնի։ Ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը բացատրել է, թե ինչու են մարդիկ Բարի կենդանություն մաղթում, և ինչ նշանակություն ունի Բարեկենդանը։
Բարեկենդանը զվարճության օր է, հիմքում Ադամի և Եվայի դրախտային կյանքն է, երբ նրանք ապրում էին ազատ ու անհոգ։ Մեծ պահքից առաջ մարդիկ այս տոնի միջոցով վայելում են ազատության վերջին հնարավորությունը, կուշտ-կուշտ ուտում են Ուտիս տատիկի բարիքներից և պայքարում Պաս պապի դեմ։ Տոնն ունի նաև դաստիարակչական բնույթ։ Պատկերացրեք, որ ամեն ինչ թույլատրելի է, ուրեմն կարելի է նաև վատը դատապարտել, չէ՞։ Վարը վարենկ կազմակերպության ծիսավար Հասմիկ Տիգրանյանը բացատրում է, թե ինչն են դատապարտում։
Եթե Սուտլիկ հարսանիքը ձեզ անծանոթ թվաց, եկեք միասին հիշենք, թե երբ ենք առաջին անգամ լսել Բարեկենդանի մասին։ Ժամանակով մի մարդ ու մի կնիկ են լինում․․․ ու Թումանյանի հետ տեղափոխվում ենք հեքիաթային աշխարհ։ Ինչպես տոները, այնպես էլ հեքիաթներն իրենց պարզության մեջ թաքցնում են և պատմական հիշողություն, և մշակութային ժառանգություն։ Ազգագրագետ Վահե Քոթանյանը այս ամենի գինն ու նշանակությունը լավ գիտի և մեզ էլ է պատմել։
Վերադառնանք վատ սովորություններին, միայն Սուտլիկ հարսանիքով չենք բավարարվի։ Ախր ամբողջ տարվա մեջ միայն այս օրն է հնարավորություն տալիս ասել է ինչ ուզում ես, ինչքան ուզում ես և ում ուզում ես, կապ չունի մեծ, թե փոքր, հարուստ, թե աղքատ։ Բացի անհաջող ամուսնություններից, այլ դժգոհություններ էլ ունենք, չէ՞․․․
Հաճախ թյուր կարծիք է ձևավորվում, թե ավանդական տոները միայն գյուղերում կյանք ունեն, քաղաքներում դրանք ձևական ու կիսատ են։ Պետք է չհամաձայնեմ. տոնն ապրում է այնտեղ, որտեղ այն հիշում ու նշում են, իսկ տոնելու համար շատ բան անհրաժեշտ չէ, դուրս ես գալիս փողոց ու սկսում երգել կամ պարել, վստահեցնում եմ՝ շատերն են միանալու։
«Հայեցին» ստեղծվում է «Վարը վարենկ» կրթամշակութային
հասարակական կազմակերպության աջակցությամբ:
Եվա Մինասյան