Գիտեմ-գիտեմ, որ հազար ու մի հոգս ունեք, կենցաղային ու ավելի կարևոր հարցեր կան լուծելու, բայց հիմա գոնե կես ժամով կտրվեք իրականությունից, մոռացեք ամեն ինչ ու թույլ տվեք ծաղկունքը հասնի նաև ձեզ։ Ամենակախարդական ու ծաղկաշատ տոնի հերթն է․ Համբարձում յայլա․․․
Համբարձման տոնը, ինչպես ավանդական տոների մեծ մասը, ունի և հոգևոր, և ժողովրդական խորհուրդ։ Հիսուս Քրիստոսի համբարձումից բացի, սա ջրի ու ծաղկի, սիրո ու կյանքի տոն է։ Նախաքրիստոնեական շրջանում տոնում էին գարնան ավարտը, սակայն ժողովրդի համար կենցաղային բացատրությունը բավարար չէր, մարդիկ հորինում էին լեգենդներ ու հավատում դրանց։ Մի պատմությունը երկու սիրահարների մասին է, որ չկարողացան միասին լինել ու աստղերի վերածվեցին՝ հույս ունենալով, որ գոնե երկնքում կհանդիպեն։ Մեկ ուրիշը Փոքր Մհերի հետ է կապվում ու վստահեցնում, որ նրա փակված դուռը բացվում է Համբարձման տոնին։ Մասունք ավանդական երգի-պարի համույթի անդամ Մերի Լևոնյանը ևս մի լեգենդ գիտի։
Տոնին պետք է պատրաստվենք դեռ նախորդ գիշերվանից, տատիկի տնից վերցնենք փարչը՝ այն կուժը, որ պիտի որոշի մեր բախտը, ու գնանք գուշակությունների հետևից։ Ժամանակակից աշխարհում մարդիկ իրենց ապագան իմանալու համար դիմում են թվահմայությանը՝ նումերոլոգիային, իսկ հնում մեր բախտը որոշվում էր այլ թվերով, ամենաշատը՝ 7-ով։ Հայերը հավատում էին 7 թվի զորությանը, 7 ծաղիկ էին քաղում, 7 քար գտնում ու ամենակարևորը՝ 7 բուռ ջուր էին լցնում փարչի մեջ։ Հետո երգում էին, որ գիշերվա կախարդանքը իրենց սեր ավետի։
Հետո առավոտը բացվում էր՝ սարեր գնալու ժամանակն էր գալիս։ Այս ամենը կարող էր կատարվել շատ լուռ ու գաղտնի, բայց նաև կարող էր վերածվել մի հնչեղ տոնախմբության՝ երգով, պարով, խաղերով ու կատակներով։ Ինչու՞ եք հեռու կանգնել, դուք էլ եք մեր տոնի մասնակիցը, չէ՞։ Հայկական ավանդական տոների ժամանակ հանդիսատես չկա, բոլորն էլ պետք է մասնակցեն։
Վիճակի փարչից փոքրիկ հարսները հանում են յուրաքանչյուրիս ճակատագիրն ու կարդում․
- Սարերի գարուն կուգա, քու սիրածը տուն կուգա։
- Ուռի ծառին բար չըլնի, սիրատերին ճար չըլնի:
- Երկան արտը գարի է, նշանվելու տարի է:
Եվ այսպես Համբարձումը կատարում է բոլորիս ցանկությունները։ Այս տոնի համար իմ ցանկությունն էլ ավելի Հայեցի դառնալն է, ձեզ հետ միասին հայկականը ճանաչելն ու սիրելը։