Հայեցի

Հայեցի․ Խաղողօրհնեք

Մտածում եմ՝ վաղուց մի լավ քեֆ-ուրախություն չենք արել։ Տոնից տոն հավաքվելը, իհարկե, յուրահատուկ երանգ է բերում մեր առօրյա, բայց դա հազվադեպ է լինում։ Առաջարկում եմ պարզապես հանդիպել ու նշել մեր բերք ու բարիքը, շնորհակալություն հայտնել հողին, ջրին ու բնությանը։

Լալա Մնեյան

Ժողովրդական վարպետ Լալա Մնեյանի խորհրդով այս անգամ կկարևորենք ու կնշենք ոչ միայն մեր գոյությունը, այլև ամենաքաղցր ու համեղ պտղի օրհնությունը։ Խաղողօրհնեքը կամ Աստվածածնի վերափոխման տոնը հայկական ավանդական տոնացույցի անբաժան մասնիկներից է։ Սա մի յուրատեսակ հնարավորություն է կյանքն ու բնությունը վերաիմաստավորելու, դեպի լավն ու բարին վերափոխվելու։

Այս գործում կարող է օգնության հասնել նախորդ օրվա ուխտագնացությունը։ Դեռ հնուց մարդիկ այցելում էին Աստվածածնին նվիրված եկեղեցիներ, ամբողջ գիշեր քայլում էին ու երազանք պահում։ Առհասարակ ավանդական տոների մեծամասնությունը ենթադրում է որևէ ուխտագնացություն կամ հատուկ ծես՝ ուղղված տոնի հոգևոր նշանակությանը։ Աստվածածնի վերափոխման տոնը կոչվում է Խաղողօրհնեք հենց այդ պատճառով՝ ի նշան խաղողի օրհնության, որ կատարվում է հենց այս օրը։ Պտուղի ընտրությունն էլ պատահական չէ, այն նույնպես ունի իր խորհուրդը, որը բացատրում է Տեր Զգոն քահանա Աբրահամյանը։

Տեր Զգոն քահանա Աբրահամյան

Իսկ եթե ցանկանում եք տանը մնալ, կարող եք այն վերածել հայկական ավանդական տան՝ իր մեծ բակով, տատական խնոցիով ու անպայման օրորոցով։ Հայ ընտանիքն ու գերդաստանը մշտապես տոնել են բոլոր առիթները իրենց բակում՝ բոլորը միասին։ Այսպիսով ծնվել են նոր ծեսեր, նոր սովորույթներ ու գաղափարներ, որ փոխանցվել են սերնդեսերունդ։ Դե էլ ինչ տոն առանց երգ ու պարի, բայց ոչ սովորական, այլ աշխատանքային․ մեղեդիներ, որոնք ծնվել են առօրյա աղմուկից, այն բոլոր ձայներից, որ հայտնվում էին, երբ ընտանիքն իրար գլուխ էր հավաքվում։

Եվ այս բազմաշերտ ու գունավոր կենցաղում տոնում էին յուրաքանչյուր ծնունդ, հատկապես՝ բնության միջնորդությամբ ծնված պտուղների։ Հայի ու խաղողի հարաբերությունները սկսվել են դեռ անհիշելի ժամանակներից, երբ մեր նախապապերը մի օր փորձեցին դրա քաղցրությունն ու սկսեցին տնայնացնել։ Ժամանակի ընթացքում խաղողագործությունը զարգացավ, և նրանց հարաբերություններում հայտնվեցին նոր հերոսներ, օրինակ՝ գինեգործությունը։ Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի Խաղողագործության ու գինեգործության ծրագրերի ղեկավար Արամայիս Մկրտչյանի ուղեկցությամբ փորձել ենք ավելի լավ ճանաչել այսօրվա գլխավոր հերոսին։

Արամայիս Մկրտչյան

Ես հիշում եմ՝ ինչպես էր տատիկս ինձ համար պահածոներ պատրաստում, հիշում եմ նաև, թե ինչեր էր պատմում իր տատից, նրա տատն էլ՝ իր տատից և այսպես շարունակ։ Մենք մարդիկ ենք, ովքեր ունեն գենետիկ հիշողություն, մի ազգի ենք պատկանում, որի սովորույթները փոխանցվում են գերդաստաններով ու հասնում մեզ նույնիսկ ենթագիտակցական մակարդակում։ Մեր հիշողությունները համ ու հոտ ունեն, այս էպիզոդի ընթացքում հաստատ գոնե մի պահ խաղողի կամ գինու համը զգացիք, չէ՞։ Ժամանակակից տեխնոլոգիաները, միտումներն ու ձգտումները հաճախ մեզ տանում են այլ ուղղությամբ, բայց, միևնույն է, ամենաթարմ ու զարգացած աշխարհում ևս տատիկի պատրաստած «մուրաբայի» համը բերանումդ է լինելու։ Այս ամենը համադրելով՝ բնական զգացողություններն ու այսօրվա ուտեստների պատրաստումը հանձնարարել եմ Արհեստական բանականությանը։ Այնպես որ, անուշ և օրհնված լինի մեր Խաղողօրհնեքի տոնական սեղանը։

Եվա Մինասյան

Ցուցադրել ավելի

Եվա Մինասյան

Ես Եվան եմ, իսկական Եվա` կյանք տվող, ու կյանք եմ տալիս իմ և ձեր բոլոր գաղափարներին: Արևային մի աղջիկ եմ, ով ճամփորդում է ժամանակների ու քաղաքների միջև` բացահայտելով մարդկանց ու կյանքը բոլորովին այլ տեսանկյունից:
Back to top button