Բնության ռիթմը․ Լևոն Հարությունյան
Գերմանական բնապահպանական NABU կազմակերպության թռչունների պահպանման ծրագրի ղեկավարն է կենսաբան Լևոն Հարությունյանը։ Մասնակցել է թռչուների հետազոտության և պահպանման ծրագրերի, համակարգել Արարատյան դաշտի կենսաբազմազանության ուսումնասիրության աշխատանքները, Դիլիջան ազգային պարկում կենսաբազմազանության մոնիթորինգ իրականացրել։ Ասում է՝ թռչունների հետ տարվող աշխատանքները տարբեր են, ուսումնասիրում են բնադրավայրերը, միգրացիան, գիշատիչ թռչունների դեպքում քարտեզագրում տարածվածությունն ու քանակությունը հասկանալու համար։
Լևոնը Վեդիից է, ծնվել է մանկավարժների ընտանիքում։ Մասնագիտության ընտրության հարցում մեծ է եղել հայրիկի՝ կեսնսաբանության իր առաջին ուսուցչի դերը։ Վերաբնակեցման ծրագրով 90–ականներին Վեդիից տեղափոխվել են Արցախ, քանի որ գյուղերում մանկավարժների կարիք կար։ Գետերի ու սարերի մեջտեղում ծվարած Քաշաթաղի շրջանի Տիգրանավան գյուղում է անցել նրա մանկությունը։ Հետո ուսումը շարունակելու նպատակով վերադարձել է Հայաստան և սովորել արհեստագործական ուսումնարանի ոսկերչական գործ բաժնում, բայց որոշ ժամանակ անց կտրուկ անցում կատարել դեպի կենսաբանություն։ Ուսումը շարունակել է ԵՊՀ–ում և մանկավարժական համալսարանում։ Երկու տարի աշխատել է Խոսրովի անտառ արգելոցում, որպես կենդանաբանի օգնական հետո տեղափոխվել ԳԱԱ կենդանաբանության ինստիտուտ և Թռչունների պահպանման միություն։ Ընկերների հետ Վեդիում ստեղծել է Կենաց ծառ ՀԿ և դրա շրջանակում էկո ակումբներ հիմնել, մասնագիտական գիտելիքներն ու փորձը փոխանցել համայնքի ակտիվ երիտասարդներին, բայց զբաղվածությունը թույլ չի տվել շարունակել ակումբի գործունեությունը։ Հիմա դասընթացներ անցկանցում է NABU կազմակերպության շրջանակներում։
Վերջին տարիներին Լևոնը զբաղվում է Արարատյան դաշտի սպիտակ արագիլների աղտոտվածության պատճառների հետազոտությամբ։ Ջրերից, արագիլների փետուրներից նմուշներ վերցնելով փորձում են հասկանալ պատճառը, բայց վերջնական եզրակացություն դեռևս չկա, թեև ձկնաբուծարանները, շրջակա միջավայրի աղտոտվածությունը հանգեցնում է վաղաժամ անկման։
«Տարվա թռչունը» միջազգային բնապահպանական արշավը տարբեր երկրներում է իրականացվում։ Այն նպաստում է թռչուների ու նրանց կենսամիջավայրի մասին մարդկանց տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը։ Մի քանի տարի է, ինչ արշավը Հայաստանում իրականացնում է NABU կազմակերպությունը։ Մրցույթին մասնակցում են այն տեսակները, որոնք հանդիպում են Հայաստանում, գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում։ Հանրային քվեարկությամբ այս տարվա թռչուն ընտրվեց սպիտակապոչ արծիվը, որը կարևոր էկոլոգիական ցուցիչ է. նրա ներկայությունը էկոհամակարգում առողջ բնական միջավայրի նշան է:
Լևոնն ասում է՝ Հայաստանում թռչուները բախվում են որսագողության, կենսամիջավայրի ոչնչացման խնդրիներին։ Նա հորդորում է գնահատել, ճանաչել և չաղտոտել, քանի որ կուտակված աղբը վնասում է բնությանը, հետո նաև մարդկությանը։