Բնության ռիթմը

Բնության ռիթմը․ Գոհար Մնացականյան

Երբևէ մտածե՞լ եք շնորհակալություն հայտնել կապուտաչյա գեղեցկուհուն, հոգ տանել նրա մասին ու ոչ թե սպառողական վերաբերմունք ցուցաբերել, այլ խնայողաբար օգտվել ընձեռած հնարավորություններից։
Գոհար Մնացականյանը Սեվան քաղաքի ամենակտիվ բնակիչներից է, նա իր գործունեությամբ վեր է հանում էկոլոգիական խնդիրները, տարբեր միջոցառումներ նախաձեռնելով նպաստում զբոսաշրջության զարգացմանն ու համայնքի երիտասարդների ակտիվ առօրյայի կազմակերպմանը: Ասում է՝ Սեվանա լիճը բոլորիս հարստությունն է, բայց ամենամոտ օղակը կողքի բնակիչներն են ու հատակապես նրանք  ավելի սիրով ու պատասխանատու պետք է լինեն։

Գոհարը նկարչուհի է, աշխատում է Հենրիկ Իգիթյանի անվան արվեստի դպրոցի Սեվանի մասնաճյուղում։ Իր սաներին սովորեցնում է սիրել ու ստեղծագործել ոգեշնչվելով բնությունից։ Բացօթյա նկարչությունը երեխաների ամենասիրելի ժամն է, երբ ստեղծագործում են սարերի հովին կամ լճի ալիքների ձայների ներքո։

«Սեվան երիտասարդական ակումբի» համահիմնադիրներից է, 2008 թվից տարբեր ծրագրեր են իրականացնում քաղաքում։ Ամենահայտնին Սեվան երաժշտական միջազգային փառատոնն է, որն ի սկզբանե ստեղծվել է լճի հանդեպ վերաբերմունքի ձևավորման նպատակով։ Սեվան քաղաքում 2017թվից գործում է Բոհեմը արվեստանոց–թեյարանը, որը ակումբի սոցիալական ձեռնարկությունն է։ Բոհեմի նպատակը մշակութային միջավայր ստեղծելն է ու դրա շուրջ համախմբելն այն մարդկանց, որոնք ունեն նույն նախասիրություններ։
Օրերս էլ «Սևան» երիտասարդական ակումբը» «Արահետներ փոփոխության համար» ՀԿ հետ համագործակցության հուշագիր է կնքել, որի շրջանակում պետք է մարզում ստեղծեն էկոտուրիստական երթուղիներ, արահետներ։

Շրջակա միջավայրի նախարարության հետ էլ շուտով կհայտարարեն լճին նվիրված երգերի մրցույթի հայտերի ընդունում։


Գոհարը համոզված է, որ մարդը ծնված օրվանից ինչ որ թելով կապված է բնության հետ, բայց տարբեր միջավայրերը, կրթությունը, դաստիարակությունը կարող են ավելի մոտեցնել կամ հակառակը։ Նա խորհուրդ է տալիս խաղաղ ապրել բնության մյուս մասնիկների հետ և գտնել այն կետերը, որոնք մեզ ներդաշանակ են դարձնում։

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button