Բնության ռիթմը․ Հասմիկ Մեհրաբյան
Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի սարերից է Հասմիկ Մեհրաբյանը հավաքում այն բոլոր բույսերը, որոնք իր հմուտ ձեռքերով վերածվում են խնամքի միջոցների։ Ճանապարհներից ու մարդկանցից հեռու այդ հատվածում բնությունը վայրի է, և այնտեղից հավաքված բույսերը տարբերվում են իրենց մաքրությամբ և օգտակարությամբ։ Պատմում է, որ դեռ մանկուց է հետաքրքրվել բույսերով, մինչ մյուս երեխաները փնջեր էին հավաքում, խաղում, ինքը փորձում էր ձեռքով տրորել բույսը, հոտ քաշել, ուսումնասիրել կառուցվածը։ Տարիներ հետո հասկացավ, որ մանկական այդ հետաքրքրությունը պատահական չէր։
Բույսերի յուրահատուկ աշխարհում հմտացած Հասմիկը շարունակում է բուսաբույժ պապիկի գործը և օգտվում այն բաղադրատոմսերից, որոնք ժառանգել է նրանից։
Ժամանակի ընթացքում Հասմիկը սկսեց ավելի լավ հասկանալ խոտաբույսերի «լեզուն»։ Ասում է՝ յուրաքանչյուրն իր հավաքման ձևն ու ժամն ունի։ Կան բույսեր, որոնք պետք է հավաքել վաղ առավոտյան, երբ ցողը վրան է կամ մայրամուտից հետո։ Առաջին քսուքն իր համար էր պատրաստել, բայց այն շատերին օգտակար եղավ։ Պատմում է՝ եկավ մի պահ, որ մեղրամթերքը սկսկեց չբավականացնել և հարազատների, ծանոթների խորհրդով ստեղծեց իր ապրանքանիշը՝ Hasi nature–ը, և բնական բաղադրիչներից պատրաստել ոտքերի, դեմքի, շուրթերի, մազերի խնամքի համար միջոցներ։
Չկա անպետք խոտաբույս, կա գիտելիքի պակաս, քանի որ այն, ինչ խանգարում է, թվում անպիտան, ուսումնասիրելուց հետո ես հասկանում, թե որքան օգտակար հատկություններով է օժտված։ Միայն պետք է իմանալ՝ երբ և ինչպես օգտագործել դրանք։