Ոսկե Ծիրան 2024․ Կինոարվեստի երևանյան կախարդանքը
Մեկնարկի մամուլի ասուլիս 03.07.24
Երևանում տեղի ունեցավ ավանդական «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մամուլի ասուլիսը, որը հավաքեց բազմաթիվ լրագրողների և կինոարտադրողների: Փառատոնի կազմակերպիչները ներկայացրեցին այս տարվա ծրագրի մանրամասները՝ ընդգծելով, որ ցուցադրվելու են տարբեր ժանրերի ավելի քան 100 ֆիլմեր: Նրանք նշեցին, որ փառատոնի նպատակն է հայ կինոարվեստի առաջմղումը և միջազգային մակարդակում դրա ճանաչելիության բարձրացումը:
«Ոսկե ծիրան»-ը դարձել է ոչ միայն հայ, այլև միջազգային կինոմիության կարևոր իրադարձություններից մեկը: Կազմակերպիչները հպարտությամբ նշեցին, որ այս տարի հյուրերի շարքում կլինեն ճանաչված ռեժիսորներ, դերասաններ և կինոքննադատներ, ովքեր կկիսվեն իրենց փորձով և գիտելիքով:
Ոսկե ծիրան․ բացման արարողություն 07.07.24
Ոսկե Ծիրան միջազգային կինոփառատոնը, որը հիմնադրվել է 2004 թվականին, Երևանում ամեն տարի հավաքում է լավագույն կինոնկարների ստեղծագործողներին ու սիրահարներին ամբողջ աշխարհից: 2024 թվականի փառատոնը դարձավ անմոռանալի իրադարձություն՝ ներկայացնելով աշխարհի ամենահետաքրքիր ու նորարարական ֆիլմերը, ինչպես նաև ստեղծելով հարթակ՝ քննարկումների, վարպետության դասերի և մշակութային փոխանակման համար:
Այս տարի փառատոնը կենտրոնացած էր կինոյի նոր հորիզոնների վրա՝ շեշտադրելով թե՛ հայկական, թե՛ միջազգային կինոարտադրության վերջին ձեռքբերումները: Ոսկե Ծիրան ընթացքում ներկաները հնարավորություն ունեցան դիտելու մրցակցային ծրագրերում ընդգրկված լավագույն ֆիլմերը, հանդիպելու հեղինակների հետ և մասնակցելու բազմաթիվ կինոդիտումներին ու քննարկումներին:
Քևին Սփեյս․ հանդիպում դերասանի երկրպագուների հետ 09.07.24
21-րդ կինոփառատոնն արժանացավ բազմաթիվ հայտնի և տաղանդավոր արտիստների, ռեժիսորների ու պրոդյուսերների ուշադրությանը, սակայն ամենամեծ ուշադրությունը գրավեց Քևին Սփեյսիի մասնակցությունը: Կինոյի տանը հանդիպման ժամանակ, Սփեյսին կիսվեց իր կյանքի ու կարիերայի մասին պատմություններով, ինչպես նաև անդրադարձավ իր դերասանական գործունեության առանձնահատկություններին ու առաջիկա ծրագրերին:
Զաֆար Փանահին Հայաստանում է․ Աշխարհահռչակ ռեժիսորը 14 տարվա տնային կալաքնից հետո Ոսկե ծիրան կինոփառատոնի պատվավոր հյուրն է 12.07.24
Իրանցի նշանավոր կինոռեժիսոր Զաֆար Փանահին այցելեց Հայաստան 21-րդ Ոսկե Ծիրան միջազգային կինոփառատոնի շրջանակներում: Հավաքվել էին կինոարվեստի բազմաթիվ սիրահարներ, լրագրողներ՝ լսելու և շփվելու համաշխարհային ճանաչում ունեցող ռեժիսորի հետ:
Հանդիպման սկզբում Փանահին ներկայացրեց իր ստեղծագործական ուղին՝ անդրադառնալով իր վաղ աշխատանքներին և այն ազդեցություններին, որոնք ձևավորել են նրա կինեմատոգրաֆիական ոճը:
Փանահին հատկապես շեշտեց իր աշխատանքում սոցիալական խնդիրների և մարդու իրավունքների հարցերի կարևորությունը: Նա նշեց, թե ինչպես են իր ֆիլմերը անդրադառնում Իրանի հասարակության տարբեր շերտերի կյանքի վրա և արտացոլում արդի խնդիրները: Ռեժիսորի նպատակն է ոչ միայն պատմություններ պատմել, այլ նաև բարձրացնել հասարակական գիտակցությունը և խթանել սոցիալական փոփոխություններ:
Հանդիպումը անցավ անչափ ջերմ և ինտերակտիվ մթնոլորտում: Լսարանն ակտիվորեն հարցեր էր ուղղում ռեժիսորի: Փանահին պատասխանեց բոլոր հարցերին մանրամասնությամբ և սիրով՝ հաճախ պատասխանները համեմելով հումորով և անձնական պատմություններով:
Եզրափակելով իր խոսքը՝ Զաֆար Փանահին հայտնեց շնորհակալություն կազմակերպիչներին և հանդիսատեսին ջերմ ընդունելության համար: Նա նշեց, որ Հայաստանը իր համար կարևոր վայր է, որտեղ նա միշտ պատրաստ է վերադառնալ:
Հանդիպման վերջում հանդիսատեսը բուռն ծափերով արտահայտեց իր երախտագիտությունը և հիացմունքը ռեժիսորի նկատմամբ, իսկ որոշները հնարավորություն ունեցան անձամբ շփվելու նրա հետ և լուսանկարվելու: Այս հիշարժան երեկոն հաստատեց, որ Զաֆար Փանահիի ստեղծագործությունները մշտապես կլինեն մեծ հետաքրքրության և հիացմունքի առարկա ինչպես Հայաստանում, այնպես էլ ողջ աշխարհում։
Հանդիպում Ալեքսանդր Փեյնի Հետ․ կինոաշխարհի վարպետը պատմեց իր ստեղծագործական ուղու մասին 11.07.24
Ամերիկացի ռեժիսոր և սցենարիստ Ալեքսանդր Փեյնը իր այցի ընթացքում հանդես եկավ երկար և հետաքրքիր զրույցով, պատմեց ֆիլմերի նկարահանման պրոցեսի մասին և պատասխանեց երիտասարդների հարցերին։
Այն հարցին, թե հնարավոր է արդյո՞ք սովորել նկարել ֆիլմեր՝ ռեժիսորը պատասխանեց․
«Իրականում լավ լուրը այն է, որ բոլորին կարելի է սովորեցնել նկարել ֆիլմ ընդամենը մեկ շաբաթում։ Նայեք ձեր շուրջը ՝ հեռախոսներ, յութուբ, համացանց՝ այնքան շատ են հնարավորություները,որ յուրաքանչուր մեկը կարող է նկարել։ Իրականում ֆիլմի դեպքում ինչպես արվետի մյուս ճյուղերի դեպքում առաջնային է թե ով եք դուք, որպեսզի կարողանաք արտացոլել ձեր շրջապատը և այն հրատապությունը թե ինչի եք ուզում նկարել հենց այդ ֆիլմը։ Օրինակ ՝ հայկական ֆիլմ « 1489», ռեժիսորը չի գնացել դպրոց, որ իմանա ինչպես ֆիլմ նկարել, այլ ապրել էր ինչ-որ իրավիճակ և վերցնելով իր հեռախոսը կարողացել էր դա արտացոլել։ Իրականում վերադառնալով ձեր հարցին, այո իհարկե կան ավանդական, դասական դարձած տեխնիկական հնարներ ինչպես ֆիլմ նկարել, բայց այդտեղ մենք սովորում ենք ինչպես աշխատել դրա հետ հետագայում»։
Ալեքսանդր Փեյնը պատմեց իր կյանքի ճանապարհի մասին, թե ինչպես նա սկսեց կինոարվեստով զբաղվել։ Նա հիշեց իր առաջին քայլերը, ուսման տարիները և իր ստեղծագործական ուղու հիմնական կետերը։ Փեյնը նշեց, որ իր մոտիվացիան եղել է պատմություններ պատմելու մեծ ցանկությունը և մարդկանց էմոցիաների հետ խաղալու կարողությունը։ Նա խոսեց իր առաջին փորձերի և այն մասին, թե ինչպես են փոքր բյուջեներով նախագծերը նրան սովորեցրել ստեղծագործական լուծումներ գտնել տարբեր խնդիրների համար։
Ֆիլմերում շատ հաճախ համադրվում են ողբերգությունն ու կատակերգությունը, երկու հակադիր ոճեր ու թեմաներ, Փեյնը պատասխանեց թե ինչպես է ընտրում թեմաները։
«Իրականում ինձ չի թվում,որ դրանք երկու հակադիր ժանրեր են, կյանք դա կյանք է,իրականում դրանք պարզապես ձևական տարաբաշխումներ են, բայց նրանք ինչ-որ տեղում ձուլվում են։ Թատրոնում էլ շատ ուրախ և շատ ողբերգիկ դեմքերը առանձին չեն, նրանք համատեղ են աշխատում»։
Ալեքսանդր Փեյնը նաև հորդորեց Թումոյի ուսանողներին լինել համարձակ և համառ իրենց ստեղծագործական աշխատանքի մեջ։ Նա խորհուրդ տվեց նրանց չվախենալ սխալներից, քանի որ դրանք կարող են սովորեցնել և օգնել զարգանալ։ Փեյնը ընդգծեց նաև, որ կարևորը ոչ թե մեծ բյուջեներն են, այլ պատմությունը և այն, թե ինչպես են ներկայացնում այն լսարանին։
Այս հանդիպումը Թումոյի ուսանողների համար մեծ ոգևորություն և մոտիվացիա առաջացրեց՝ ցույց տալով, որ հաջողությունը հնարավոր է նույնիսկ ամենափոքր քայլերով, եթե կա մեծ ցանկություն և աշխատասիրություն։ Ալեքսանդր Փեյնի խոսքը նրանց տվեց նոր մոտեցումների ճանապարհներ, որոնք կարող են նրանց օգնել իրենց ստեղծագործական ճանապարհներում։
Ոսկե Ծիրան 2024-ը ինձ համար անմոռանալի փորձ էր: Առաջին անգամ էի լուսաբանում կինոփառատոնը, այն ինձ տպավորեց լայնածավալ և բազմազան ծրագրով, որտեղ ներկայացվում էին ինչպես հայկական, այնպես էլ միջազգային կինոարվեստի լավագույն գործերը։ Փառատոնի անցկացման վայրերը՝ Երևանի կենտրոնական փողոցներից մինչև մշակութային կենտրոններ, վերածվել էին կինոարտադրության ու արվեստի համախմբման վայրի։
Հատուկ ուշադրության արժանի էին կինոդիտումները, որոնք ունեին քննարկումների և հարցազրույցների ձևաչափ։ Սա հնարավորություն տվեց ավելի լավ հասկանալ ֆիլմերի ստեղծման պատմությունները, ռեժիսորների մտքերը և դերասանների փորձառությունները։ Հանդիպումները կինոաշխարհի հեղինակավոր անձանց հետ և ներկա գտնվելը իրենց վարպետության դասերին մեծ ազդեցություն ունեցավ իմ մտածողության և ստեղծագործական ունակությունների զարգացման վրա։
Փառատոնի գլխավոր հարստությունը, անշուշտ, մարդկանց շփումներն էին։ Այստեղ ես հանդիպեցի բազմաթիվ հետաքրքիր մարդկանց, թե՛ մասնագետների և թե՛ հանդիսատեսների շրջանում, ովքեր կիսում էին կինոարվեստի հանդեպ իրենց սերն ու հետաքրքրությունները։ Այս շփումներն ու քննարկումները նոր հորիզոններ բացեցին իմ համար և տվեց իմ ստեղծագործական ծրագրերին նոր լիցք։
Ընդհանուր առմամբ, Ոսկե Ծիրան 2024-ը ինձ համար դարձավ կինոարվեստի տոնի մարմնացում։ Սա ոչ միայն հնարավորություն էր դիտել և գնահատել նոր ֆիլմեր, այլև ստեղծել կապեր, սովորել նոր հմտություններ և ներշնչվել ստեղծագործական մթնոլորտից։ Անհամբեր սպասում եմ հաջորդ տարիներին ևս մասնակցել այս հրաշալի փառատոնին։ Մինչ նոր հանդիպում ոսկե ծիրան 2025 թվականին։
Անժելիկա Գյուրջյան