Բնության ռիթմը․ Լուսինե Տոնոյան
Երևանի Կոմիտաս փողոցի 9–րդ հարկի իր տան պատշգամբում Լուսինե Տոնոյանը դեկորատիվ բույսեր և սննդային մշակաբույսեր էր աճեցնում։ Փորձառությունը հետաքրքիր էր և հաճելի, արձագանքներն էլ այնքան ոգևորող, որ որոշեց ուսումնասիրել քաղաքային այգեգործության ոլորտը։ 2019 թվականին տնային պայմաններում սկսած փորձարկումները որոշ ժամանակ անց վերածվեցին «էկոմոտիվ» քաղաքային այգեգործության բնապահպանական նախաձեռնության, հետո սոցիալական բիզնեսի։
Բնության նկատմամբ սերը Լուսինեի մոտ ձևավորվել է պատանեկության տարիներին, երբ ծնողներն աշխատանքնի բերումով տեղափոխվել են Արցախ։ Հետո, երբ արդեն Երևանում էր ապրում բնության պակասը լրացնելու համար ամեն շաբաթ կիրակի մասնակցում էր արշավների։ Բայց եկավ մի պահ, որ ոչ քաղաքային այգեգործությունը ոչ էլ արշավներն այլևս բավարար չէին։ Քաղաքային եռուզեռից հոգնած ցանկանում էր որևէ մարզում տուն ունենալ և օրգանիկ գյուղատնտեսությամբ զբաղվել։ Ընկերներից մեկի խորհրդով գնաց Լոռու մարզի Մարգահովիտ գյուղ և ամեն ինչ այնքան հավանեց, որ «Էկոմոտիվը» ընդլայնվելով Երևանից հասցրեց Մարգահովիտ։ Արդեն երկուսուկես տարի է, ինչ Լուսինեն զբաղվում է սննդային մշակաբույսերի աճեցմամբ։ 2000 քառակուսի մետր տարածքում իրար կողք կողքի աճում են 30 տեսակի ոչ ավանդական և բարձրարժեք մշակաբույսեր, կաղամբազգիների, լոբիներ տեսակներ, ցրտադիմացկուն լոլիկներ, համեմունքներ և դեղաբույսեր։
Այգում ոչ մի բույս պատահական վայրում տնկված չէ․ Լուսինեն աշխատում է պերմակուլտուրայի սկզբունքով և յուրաքանչյուր մշակաբույս իր տեղում աճելով աջակցում է վնասատուների դեմ պայքարում։ Երբ նոր էր տեղափոխվել Մարգահովիտ համագյուղացիները սկզբում մտածում էին, թե ծաղինկեր է աճեցնում, բայց երբ տեսան արդյունքը իրենք ևս սկսկեցին հետաքրքրվել, փորձարկումներ անել, առանց թունաքիմիկատների մշակաբույսեր աճեցնել։ Այգին միայնակ չի խնամում, խորհուրդներով օգնում են փորձառու գյուղատնտեսները, մշակման աշխատանքներում՝ տեղացիները, բերքահավաքի՝ գյուղի հյուրերը։
Երևանից 120կմ հեռավության վրա է գտնվում «էկոմոտիվ այգին», այցելուները հիմնականում մայրաքաղաքից են։ Գյուղում բացահայտելու շատ վայերեր կան,–ասում է Լուսինեն և ժպիտով նկատում, եթե մեկ անգամ եղել եք այնտեղ, ապա հաստատ հարց չի առաջանա, թե ինչու ընտրեց հենց Մարգահովիտը։
Քիչ չեն երիտասարդներ, որոնք ցանկանում են գյուղում ապրել, բայց վախենում են ռիսկային քայլեր անել։ Լուսինեն խորհուրդ է տալիս մինչև երազանքի հետևից գնալը կարգավորել ֆինանսական դրությունը, ուսումնասիրել տեղանքը, տրամաբանական գործողություններով առաջ գնալ, որ հետո չհիասթափվեն, քանի որ գյուղում ապրելը ոչ բոլոր մարդկանց հոգեկերտվածքին է համար։