Բնության ռիթմը

Բնության ռիթմը. Սաթենիկ Խաչատրյան

Գեղարքունքի մարզի Մարտունի գյուղում իր փոքրիկ ու հյուրընկալ անկյունն է ստեղծել Սաթենիկ Խաչատրյանը։ Անտառներով ու սարերով շրջապատված Բնության ու գիտակրթական բարեկեցության կետրոնը գյուղի հյուրերին օգնում է լիցքավորվել, իսկ բնակիչներին՝ գաղափարներ գեներացնել։ Սաթենիկը պատմում է, որ հյուրատան ու կենտրոնի ստեղծման հիմքում «Իմ Ագրիսամր» ճամբարն էր, որը 2019 թվականին ստեղծել էր սփյուռքում ապրող երեխաներին բնական միջավայրում ապրելու ու նոր հմտություններ սովորելու հնարավորություն տալու նպատակով։

Լուսանկարը՝ My Agrisummer–ի ֆեյսբուքյան էջից

Ոչ ստանդարտ ճամբարային մոդելը թույլ էր տալիս ամբողջ գյուղն իր բնությամբ ճամբարի հարթակ դիտարկել, բնակիչներին էլ հյուրընկալ ընտանիքներ։ Երեխաները սովորում էին այգեգործություն, մեղվաբուծություն, թելի մանում և այլն։ Գյուղի բնակիչներն էլ ներգրավում էին երեխաների առօրյայի կազմակերպման աշխատանքներում։ Ճամբարի մասնակցությունից գոյացած գումարն էլ եկամուտի աղբույր էր գյուղի ընտանիքների համար։
Ճամբարի գաղափարը ընդլայնվելով դարձավ Բնության, գիտակրթական կենտրոն ու հյուրատուն։ Կենտրոնում գործում են անգլերենի, նկարչության խմբակներ, տարբեր թեմաներով անցկացվում են քննարկումներ։

Իր նախագծերով Սաթենիկը ցանկանում է հայրենի գյուղը զբոսաշրջիկների շրջանում ճանաչելի դարձնել, բնակիչներին էլ նոր կապեր հաստատելու, ամբողջ տարվա ընթացքում եկամուտ ստանալու հնարավորություն տալ։ Թե՛ հայ, թե՛ արտասահմանցի զբոսաշրջիկների համար բացահայտում է Ճամբարակն իր բնական ռեսուրսների հարստությամբ։

Լուսանկարը՝ Nature Rooms-ի ֆեյսբուքյան էջից

Սաթենիկը պատմում է, որ երբ աշխատում էին հյուրատան՝ Nature Rooms նախագծի վրա, գաղափարի հիմքում բնության գրկում էկոլոգիապես մաքուր, ներդաշնակ շրջանաձև կառույցը ստանալն էր։ Կարևորել են ինչպես արտաքին տեսքը, այնպես էլ բովանդակությունը, որ իր ներկայությամբ չխաթարեր տարածքի խաղաղությունը։  Հյուրատունը շրջապատված է կաղնու անտառով, պատշգամբից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Միափորի լեռներ և Գետիկի հովիտ։

Անջատել ինտերնետը և միանալ բնությանը․ այս գաղափարախոսությամբ է առաջնորդվում Սաթենիկը։ Արագության, լարվածության այս դարում ժամանակակից մարդը հանգստի, ներքին խաղաղությունը վերագտնելու կարիք ունի, իսկ ահա բնությունը, թթվածնով հագեցած օդն ու աչքը շոյող կանաչը լավագույն թերապիան են։

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button