Բնության ռիթմը․ Հրանտ Դավոյան
Շան և կատվի մշտական վեճերի մասին բալլադները, մուլտֆիլմերն ու ասացվածքները Հրանտ Դավոյանի բակում զուտ թղթին հանձնված կամ նկարահանված պատմություններ են։ Ձորաղբյուրի իր տանը հարակից տարածքում 40 կատու և 9 շուն է խնամում, նրա կենդանիները ոչ միայն չեն վիճում, այլև ընկերներ են։ Հրանտն ասում է՝ բակի յուրաքանչյուր նոր բնակիչ նախ անցնում է ծանոթության, ընտելացման փուլերով ու մինչև հնաբնակները չեն ընդունում, բաց չի թողնում ազատավանդակ։
Կատուներին ու շներին Հրանտը միայնակ է պահում, դժվար է խոստովանում է, բայց սիրով է կատարում աշխատանքը։ Կան կենդանիներ, որոնք ամենօրյա խնամքի, դեղերի կարիք ունեն։ Որդեգրել ցանկացողներն էլ հիմնականում նախընտրում են ցեղական տեսակի շներ ու կատուներ։
Երկար տարիներ ապրել է ԱՄՆ–ում, այնտեղ սովորել է անասնաբուժություն, զբաղվել կենդանիների բուժմամբ, ստեղծել հիմնադրամը, որն օգնում է խնամքի կարիք ունեցող կենդանիներին, ապահովում կացարանով ու սննդով, անհրաժեշտության դեպքում կատարում կատուների ստերջացում։
Ոչ մի չորքոտանի դուրս չի մնում նրա ուշադրությունից, սիրում ու հոգ է տանում բոլորի մասին, գիտի յուրաքանչյուրի փրկության պատմությունը և անվանում է իր ընկերների, հարազատների անուններով։