Բնության ռիթմը․ Աշոտ Թոփուզյան
Լեռներով ու բնության գեղեցիկ պատկերներով շրջապատված Ջավախքի Մեծ Խանչալի գյուղում է ծնվել լեռնային ուղեկցորդ Աշոտ Թոփուզյանը։ Նրա աշավական կյանքը սկսվել է մանկուց, քանի որ հայրենի գյուղը 2100 մետր բարձրության վրա է և սարեր բարձրանալը, գյուղատնտեսական աշխատանքներին մասնակցելն ամենօրյա զբաղմունք է եղել։
2010 թվականին Աշոտը ընդունվել է Փոքր Մհեր ռազմական վարժարան, հետո սովորել ԵՊՀ պատմության ֆակուլտետում։ Ասում է՝ թե՛ Մեծ Խանչալի վսեմ լեռները, թե՛ ռազմական վարժարանն ու պատմաբանի մասնագիտությունը մեծ դեր են ունեցել իր արշավական կյանքում։ Սկզբում ընկերների հետ էր սարեր ու ձորեր բարձրանում, ուսումնասիրում քարտեզները, մասնակցում լեռնային տուրիզմի ֆեդերացիայի դասընթացներին։ 2019 թվականին ստեղծեց «Թռիչք» արշավական ակումբը։ Դժվարություններ շատ են եղել, բայց նոր գագաթներ նվաճելու ձգտումն օգնել է հաղթահարել ու առաջ շարժվել։
«Արշավել, ճանաչել և ավելի շատ սիրել հայրենիքը»․ այս սկզբունքով է առաջնորդվում Աշոտն ու իր թիմակիցներին, արշավական ընկերներին սովորեցնում հայրենաճանաչ ու հայրենատեր լինել։ Ամռանը ամսվա 24 օրը սարերում է անցկացնում, նույն երթուղով անցնելիս միշտ հիանալու նոր տեսարաններ է իր համար բացահայտում ու լուսանկարում, որ ցույց տա այն մարդկանց, որոնք հնարավորություն չունեն մոտիկից տեսնելու։
Արշավի մասնակիցներին ներկայացնում, թե որ կողմում որ սարն է, որ գետն ու լճակը։ Ճանապարհին էլ «Թռիչք»–ի ուղեկցորդները հավաքում են բնության մեջ թափված աղբը, մյուսները տեսնելով հետևում են նրանց օրինակին։
Աշոտը Հայաստանում ունեցել է 70 վերելք, ամենաբարձր գագաթից՝ Արագածից մինչև Խուստուփ։ Վերջին տարիներին փորձում է լեռնային, արկածային տուրիզմը Հայաստանի սահմաններից դուրս հանելով՝ընդլայնել արշավների աշխարհագրությունը։ Հաղթահարել է Եվրոապայի ամենաբարձր գագաթը՝ էլբրուսը, Պարսկաստանի Դամավանդը, արշավել Ջավախքի, Վրաստանի մի շարք ուղղություններով և իհարկե վերելքներ ունեցել դեպի Արարատ։ Հաջորդ նպատակակետը 8000 մետեր բարձրության գագաթներն են։
Հաճախ մարդիկ ասում են, որ առանց ընկերների չեն ցանկանում սար բարձրանալ կամ քայլարշավի մասնակցել,–պատմում է Աշոտն ու ժպիտով նկատում՝ փորձը ցույց է տվել, որ միայնակ արշավելն իր դրական կողմն ունի, քանի որ հենց սկզբից բոլորն ընկերանում են և միմյանց օգնելով հաղթահարում ճանապարհը։
Խորհուրդ է տալիս հաճախ ճամփորդել, բացահայտել հայրենի բնության գանձերը, սարի գագաթից հիանալ զմրուխտ դաշտերով, անտառներով ու զգալ բնության իրական ուժն ու արժեքը։