IT շաբաթ

IT շաբաթ. Մեկնարկել է կիբեռանվտանգության շաբաթ ոչ ֆորմալ համաժողովը

Կիբեռանվտանգության մասին գիտելիքները խթանելու, փորձի փոխանակմանը նպաստելու նպատակով մայիսի 18-ից 26-ը անցկացվում է «Կիբեռանվտանգության շաբաթ 2024-ը»։ Այն մեկնարկել է BSides Yerevan 2024 կիբեռանվտանգության ոչ ֆորմալ համաժողովով, որի ընթացքում կիբեռանվտանգության ոլորտի 15 մասնագետ Հայաստանից և արտասահմանից ներկայացրել են թեմատիկ զեկույցներ կիբեռհարձակումների դրդապատճառների, անվտանգության տարբեր սպառնալիքների, էլեկտրոնային նամակագրությամբ փոխանցվող վտանգների մասին։

Միջոցառման համակազմակերպիչ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի CyHub Armenia կիբեռանվտանգության նախաձեռնության ղեկավար Մարի Բարսեղյանի խոսքով՝ ոչ ֆորմալ համաժողովները կարևոր են ոլորտի վերաբերյալ տեղեկացվածության մակարդակի բարձրացման համար, ինչպես նաև խրախուսում են կիբեռանվտանգության ոլորտում մասնագիտական համայնքի ձևավորմանը:

Կիբեռանվտանգության շաբաթը կեզրափակի բագ Bug Bounty մրցույթը, որի նպատակն է խրախուսել ինչպես երիտասարդ, այնպես էլ փորձառու մասնագետներին՝ իրենց գիտելիքներով ու փորձով նպաստել Հայաստանում թվային լուծումների անվտանգ զարգացմանը: Մասնակից հաքերների թիմերը պետք է փորձեն մուտք գործել և գտնել տրամադրված համակարգերի խոցելիությունները: Լավագույն երեք թիմերը կստանան մրցանակներ։ Մրցույթը տեղի կունենա մայիսի 25-ից 26-ը ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում:

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button