ԹատրON | «Մամայի համար». փաստագրական ներկայացում
2021 թվականին «Արվեստի Բաց Հարթակ» կազմակերպության նախաձեռնությամբ ստեղծվել է «ԴոկուԹատրոն» փաստագրական ներկայացումների հարթակը։ Այն ժամանակակից թատրոնի կամ փերֆորմանսի հարթակ է, որը հնարավորություն է տալիս արվեստագետներին ազատ ստեղծագործել։ «Բաց հարթակի» հիմնադիր Գագիկ Ղազարեն նշում է՝ «ԴոկուԹատրոնն» անդրադառնում է հասարակության ամենատարբեր արդիական խնդիրներին՝ սոցիալական, մարդկային իրավունքներին առնչվող, մարդու այս պահի անձնական կյանքին ու ապրումներին, միջանձնային հարաբերություններին, որոնք ոչ թե որևէ դրամատուրգի երևակայության արդյունք են, այլ հենց հիմա տեղի ունեցող իրադարձություններ են։
«Արվեստի Բաց հարթակի» համահիմնադիր, դերասանուհի Գայանե Եղիազարյանը այս ժանրի ներկայացումներում խաղալու փորձ վաղուց ունի։ «Մամայի համար» նյութերի հավաքագրման ամբողջ փուլին մասնակից է եղել։ Պատմում է՝ բոլոր շահառուների հետ ապրել է նրանց պատմությունները, հետևել նրանց խոսքին, մարմնին, շարժումներին, դադարներին։ Երկարատև հարցազրույցներից, հանդիպումներից, մասնագետների հետ աշխատանքից հետո ներկայացումն արդեն ամիսներ շարունակ բեմում է։
Դե ինչ, այս էպիզոդում պատմում եմ վավերագրական թատրոնի և «Բաց Հարթակի» մասին. ինչպիսի պատմություններ են ընկած «Մամայի համար» ներկայացման հիմքում, ինչպես են այդ փաստերը հավաքել, պիես դարձրել ու բեմադրել, ովքեր կարող են ստեղծագործել այս հարթակում և ոչ միայն։