ԹատրON | «Սիրո պատմություն Նյու Յորքում». Մյուզիքլ
Բրոդվեյն ամերիկյան թատերական մշակույթի հիմքն է, որը ձևավորվել է 1920-30-ական թվականներին։ Այն ընդհանուր անվանումն է 41 մեծ թատրոնների խմբի, որոնք գտնվում են Մանհեթենի թատերական թաղամասի Բրոդվեյ փողոցի ամբողջ երկայնքով։ Նյու Յորք ժամանած զբոսաշրջիկների համար գոնե 1 մյուզիքլի դիտումը պարտադիր է, ինչի շնորհիվ երկրի տնտեսությունն ամեն տարի աճում է՝ բերելով միլիոնների, երբեմն միլիարդների եկամուտ։ Հայ թատրոնի պատմությունն ուսումնասիրելով` կտեսնեք՝ մյուզիքլներ շատ չեն բեմադրվել, բայց հետաքրքիրն այն է, որ ամերիկյան համարվող այս երևույթի որպես ժանրի ձևավորման հիմքում ընկած է հայազգի ռեժիսոր Ռուբեն Մամուլյանի «Օքլահոմա» բեմադրությունը:
Մյուզիքլ բեմադրելը բարդ է՝ պայմանվորված ժանրային առանձնահատկություններով, բեմադրական ծանր աշխատանքների դժվարություններով, ծախսերի մեծությամբ, դերասանների պատրաստվածությամբ և այլն։ Անցյալ տարի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում Սամսոն Մովսեսյանը բեմադրեց «Սիրո պատմություն Նյու Յորքում» մյուզիքլը, որի հիմքում «Ռոմեո և Ջուլիետի» սիրո պատմությունն է։
Դե ինչ, այս էպիզոդում կխոսեմ մյուզիքլ ժանրի առանձնահատկությունների և «Սիրո պատմություն Նյու Յորքում» ներկայացման մասին, կպատմեմ՝ ով է ռեժիսորը, ինչու է հենց այս պատմությունն ընտրել, արդյոք նախկինում մյուզիքլ բեմադրելու փորձ ունեցել է, ովքեր են մարմնավորում հերոսներին և ոչ միայն։