Ես ընտրել եմ Հայաստանը․ Նարեկ Ավետյան
Չորս տարի առաջ է Նարեկ Ավետյանը Թեհրանից տեղափոխվել Հայաստան։ Ասում է՝ իրանահայ համայնքում հայերեն գրել–կարդալ բոլորը գիտեն, իր ընտանիքում հայկական ավանդույթները միշտ պահպանել են, Թումանյան ընթերցել ու Կոմիտաս լսել։ Նա ծնողների միակ զավակն է, թեև նրանք տխրել էին, որ մեկնել է Թեհարնից, բայց ընդունել են որոշումն ու միշտ աջակցել։
Թեհրանի համալսարանում է սովորել, թարգմանիչ, անգլերենի գրականագետ է։ Մինչև Հայաստան տեղափոխվելն աշխատել է մասնագիտությամբ։ Հիմա «Թեքնամին» ընկերությունում բովանդակագիրների թիմի ղեկավարն է, նաև անգլերեն է դասավանդում, ցանկանում է ՏՏ ոլորտի պահանջված մասնագիտություններից էլ սովորել։
Նարեկը կիթառահար է, երգում ու երգեր է գրում։ 2013թ․ Իրանում ընկերների հետ «Ավարայր» ռոք խումբն է ստեղծել։ Խմբի հիմնադիրներն այժմ Հայաստանում են ապրում, ակտիվ ստեղծագործում, համերգներ ունենում։
Պաշտոնական փաստաթղթերում գրանցված է Նարեգ Աբեդի Մասիհի։ Պատմում է, որ իրենք Ավետյան տոհմից են, բայց Պարսկաստանի քաղաքացիություն ստանալուց գրանցել են Աբեդի, որոշ ժամանակ անց հորեղբայրն ավելացրել է Մասիհի, որը նշանակում է քրիստոնյա։
Նարեկը կարոտում է այն մշակույթը, որի մեջ մեծացել է, մտերիմ ընկերներին, հարազատներին։ Կարոտը մեղմելու համար ամեն տարի Իրան է այցելում, բայց վերադառնալու միտք չունի։ Վերջերս նշանադրվել է հայաստանաբնակ աղջկա հետ, պատրաստվում են ընտանիք կազմել ու ապրել Հայաստանում։
Ասում է՝ հեռվից Հայաստանի կյանքը ռոմանտիկ է թվում, բայց, երբ սկսում ես այստեղ ապրել պետք է զգոն լինել և շատ աշխատել։ Ամբողջ աշխարհում տագնապ կա և ոչ մի տեղ էլ հեշտ չի տրվում ոչինչ, այդիսկ պատճառով պետք է հայրենիքի առջև ծառացած խնդիրները լուծել և ոչ թե այլ երկրում բարեկեցիկ կյանք որոնել։