2 Տանդեմ | Մեր բարդույթները + շատ կարևոր հայտարարություն
Իհարկե, կսկսենք վերնագրի վերջից՝ շատ կարևոր հայտարարությունից: Այս շաբաթ օրը՝ հունիսի 17֊ին, ժամը 16:00 ֊ին, Հանրային ռադիոյում մենք վերջապես կհանդիպենք: Այո, այո, մենք և դու: Սա մեր առաջին հանդիպումն է մեր հեռուստառադիոփոդքասթալսողների հետ, ու քանի որ դու նրանցից մեկն ես, ուզես֊ չուզես, պիտի գաս: Եթե ինտրովերտ ես, խոստանում ենք քեզ տրամադրել ամենաթաքուն ու հարմար անկյունն ու մյուս հյուրերին արգելել նայել քո ուղղությամբ: Դե լավ վերջին մասը մի քիչ չափազանցրեցինք, բայց դե , դու էլ գիտես՝ այս նկարագրություններում սիրում ենք ամեն ինչ չափազանցնել: Այնքան հարցեր տվեցիր մտքումդ, որ քիչ էր մնում հասցեին մոռանայինք գրել՝ Ալեք Մանուկյան 5:
Իսկ հիմա էպիզոդի մասին, մի տեսակ խառը, բայց շատ բովանդակալից էպիզոդ է ստացվել, որտեղ, չնայած, որ Վեգան բոլորին ընդհատում է ավելի հաճախ, քան սովորաբար, ամեն դեպքում հասցրել ենք խոսել մեր ներքին ու արտաքին բարդույթներից, դրանց հաղթահարման ձևերից, ինչպես նաև հոնքերը հանելու թելով տարբերակից: Չհարցնես, մենք էլ չգիտենք, թե ինչու: