Ես ընտրել եմ Հայաստանը. Մարիաննա Շահպարոնյան
Մարիաննա Շահպարոնյանը 2 տարեկան էր, երբ ընտանիքը Երևանից տեղափոխվեց Մոսկվա։ Ասում է՝ հայրենիքի հետ կապը երբեք չի ընդհատվել և հետ վերադառնալը միշտ մեծ երազանք ու նպատակ է եղել։ Մոսկվայում ավարտել է Պատրիս Լումումբայի անվան ժողովուրդների բարեկամության համալսարանը հետո ուսումը շարունակել Բելգիայում, հասարակայնության հետ կապերի մասնագետ է։ Պատմում է, որ միշտ մասնակցել է Մոսկվայի հայկական համայնքի ամեն կիրակի անցկացվող միջոցառումներին և հաճախ հայրենիքին նվիրված իր բանաստեղծությունները ներկայացրել։ Մարիաննան ստեղծագործում է մանկուց։ Իր առաջին բանաստեղծությունը 5 տարեկանում է ստեղծվել Սևանա լճի ափին։ Պատմում է, որ մի քանի րոպե կանգնել է լճի ափին ու սկսել արտասանել։ Մայրիկին խնդրել է թուղթ ու գրիչ վերցնել և գրի առնել։
Վերջերս լույս է տեսել Մարիաննայի բանաստեղծությունների «Դեպի Հայասատան» ժողովածուն։ «Սյունիք», «Տուն արի», «Հերոս զինովոր», «Արարատ» և այլ վերնագրերով բանաստեղծությունները գրվել են Արցախյան 44–օրյա պատերազմի թողած ցավը մեղմելու համար։ Ասում է՝ երջանիկ պահերին չի կարողանում ստեղծագործել, իսկ երբ տխուր է բառերը կարծես սրտից են բխում։

«Դեպի Հայասատան» ժողովածուի մասին դրական արձագանքներ Մարիաննան հաճախ է լսում։ Ասում է՝ ընթերցողներն աշխարհի տարբեր ծայրերից են, ինչն ոգևորում է, քանի որ գրքի առաքելությունն է մշակույթի միջոցով միավորել հայաստանաբնակ և աշխարհասփյուռ հայերին ազգային արժեքների շուրջ։ Գիրքը վաճառվում է «Զանգակ» և «Բուկինիստ» գրախանութներում։ Ցանկանում է մարզերում և սփյուռքում ներկայացնել ժողովածուն։ Գյումրիի մշակույթի տանն արդեն տեղի է ունեցել գրքի շնորհանդեսն ու ընթերցողների հետ հանդիպումը։

Իր ստեղծագործությունների հիման վրա նաև տեսահոլովակներ է նկարահանում։ Առաջինը՝ «Նոյի ժառանգները» Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին է նվիրված։
Այժմ նա աշխատում է իր երկու գրքի վրա։ Մեկը` հայրենիք իր վերադարձի պատմությունն է, մյուսը՝ արձակ է նվիրված 44–օրյա պատերազմին։ Գրքերն աշխատանքային փուլում են և այս տարի դրանցից մեկը լույս կտեսնի։