Ես ընտրել եմ Հայաստանը. Սոնա Գալստյան
Սոնա Գալստյանը 4 տարեկան էր, երբ ընտանիքը Վաղարշապատ քաղաքից տեղափոխվեց Հունաստան։ Ասում է՝ թեև հեռու է ապրել, բայց ծնողների շնորհիվ Հայաստանի հետ կապը երբեք չի ընդհատվել։ Ամռան ամիսներին հաճախ եկել են հարազատներին այցելության, շրջել տեսարժան վայրերով, բայց թաց աչքերով հեռացել։
Սոնան սովորել է Աթենքի պետական համալսարանում անգլերեն բանասիրական բաժնում։ 10 տարի աշխատել է անգլերենի ուսուցչուհի, եղել է Հայ Ավետարանական եկեղեցու գրախանութի պատասխանատուն։ Արդեն մի քանի ամիս է, ինչ «Դասավանդի՛ր Հայաստան» ծրագրով աշխատում է Տավուշի մարզի Չորաթան գյուղի միջնակարգ դպրոցում։ 3–րդ 12–րդ դասարաններում ամեն օր 4–5 ժամ անգլերեն է ուսուցանում և համայնքային ծրագիր իրականացնում։
5–րդ դասարանի աշակերտների հետ դպրոցի մեծ դահլիճում կազմակերպել են սեմինար հուզական ինտելեկտի մասին և դրական արձագանքներ ստացել։
Անցած տարի Սոնան մագիստրոսական թեզ է գրել ժամանակակից թատրոն մասին։ Այժմ իր գիտելիքները փորձում է կիրառել այս տարվա հունվարից բացած թատերական խմբակում։ Հուզական ինտելեկտի մասին ներկայացում են բեմադրում, որում ներգրաված են 7–ից 11–րդ դասարանի աշակերտները։ Ասում է՝ երեխաները տաղանդավոր են և շատ շուտ են ընկալում նյութը։
Երբ նոր էր տեղափոխվում գյուղ շատերն ասում էին, որ չի հարմարվի գյուղական կյանքին, բայց քաղաքի եռուզեռից հեռու Սոնան սիրով հարմարվել է այնտեղի պայմաններին։ Ասում է՝ միշտ վստահ է եղել, որ դա այն վայրն է, որտեղ ուզում է ապրել։
Գրեթե ամեն շաբաթ Երևան է գալիս, շրջում քաղաքում և նոր լիցքերով վերադառնում Չորաթան։ «Դասավանդի՛ր Հայաստան» ծրագրի ավարտից հետո նա չի պատրաստվում հեռանալ հայրենիքից և, եթե Չորաթանից գնա բնակիչների հետ կապը միշտ պահելու է։
Նրա խոսքով՝ Հայաստանում հաստատվելու ճանապարհ հարթ չի անցել, բայց պետք է ուժեղ լինել և դիմակայել մատրահրավերներին, քանի որ մասնագիտական նոր որակներ ու փոփոխություններ բերելու համար, ինչքան էլ դրսից գումար փոխանցեն բավարար չէ, պետք է ներկայությամբ սկիզբ դնել բոլոր փոփոխություններին։