IT շաբաթ․ Հայաստանը՝ Մարսի անալոգային հետազոտությունների անցկացման վայր
Հայաստանը 2024 թվականին կդառնա Մարսի անալոգային հետազոտություններ անցկացման վայր, քանի որ տարածքը շատ է նման Կարմիր մոլորակի հրաբխային մակերեսին։ Օրերս Երևանում ստորագրվեց հուշագիր Հայաստանի օդատիեզերական գործակալության ու Ավստրիական տիեզերական ֆորումի միջև։ Առաքելությանը կմասնակցի 250 գիտնական Հայաստանից և արտասահմանից: Հայաստանում մարզումները կանցկացվեն բարձր ժայռոտ սարահարթում, որն իրենից ներկայացնում է Կարմիր մոլորակի յուրատեսակ երկրաբանական նմանակը: Առաքելության անձնակազմը բաղկացած կլինի 6 հոգուց, 4 տղամարդ և 2 կին։ Առաքելությունը կտևի մոտ մեկ ամիս։
Ավստրիական տիեզերական ֆորումի տնօրեն Գերնոտ Գրեմերի խոսքով՝ մեկ տարի անց Հայաստանը կհայտնվի Մարսի ուսումնասիրության էպիկենտրոնում. երկրում կիրականացվի Կարմիր մոլորակի վրա կյանքի ամենաժամանակակից, բարդ, միջազգային սիմուլյացիան։ «Նախնական գնահատականներով, առաջին իրական առաքելությունը Մարս կուղարկվի 20-30 տարվա ընթացքում։ Ի դեպ առաջին առաքելության անդամներն արդեն ծնվել են Նյու Յորքում, Պեկինում կամ, գուցե, Երևանում, սակայն այդ մասին դեռ չգիտեն»։