Ես ընտրել եմ Հայաստանը․ Ալան Թորոսյան
Ալան Թորոսյանը ծնվել և մեծացել է ֆրանսիայի Լիոն քաղաքում։ Սովորել տեղի հայկական դպրոցում, հետո ուսումը շարունակել համալսարանում։ Թվային մարքեթինգի մասնագետ է։ 2019թվին էլ «Դեպի Հայք» ծրագրով 4 ամիս կամավորական աշխատանք է կատարել տարբեր կազմակերպություններում։ Այդ ընթացքում նոր գիտելիքներ ու շրջապատ է ձեռք բերել: Ծրագրի ավարտից հետո Ալանը վերադարձել է ֆրանսիա մագիստրոսական կրթությունը շարունակելու։ 2021թվին արդեն «իԳործ» ծրագրով է եկել Հայաստան և աշխատել Սփյուռքի հանձնակատարի գրասենյակում։
Մեկ տարի հայրենիքում բնակվելուց հետո Ալանը զգաց՝ Հայաստանն այն վայրն է, որտեղ ցանկանում է ապրել։
«իԳործ» ծրագրի ավարտից հետո որպես հաղորդակցության մասնագետ աշխատանքի անցավ «Դեպի Հայքում»։ Այժմ զբաղվում է նաև կամավորական աշխատանքներում սփյուռքահայ երիտասարդների ներգրավմամբ։ Ասում է՝ ամեն տարի ԱՄՆ–ից, Ռուսատանից, եվրոպական տարբեր քաղաքներից 200 սփյուռքահայ է գալիս Հայաստան։ Նրանց հետ հետաքրքիր է շփվել, աշխատել, միշտ նոր բան է սովորում, կապերն ընդլայնելու հնարավորությունը մեծ է։
Ալանը ֆրանսիացի ընկերների հետ հաճախ է շփվում, միշտ խորհուրդ տալիս այցելել Հայաստան։ Իր առաջնային նպատակն է համարում ավելի շատ սփյուռքահայերի հայրենիքի հետ կապելը։