IT շաբաթ․ Մեկնարկել է Թումո ակադեմիա կրթական ծրագիրը
Թումո Երևանում տրվել է Թումո ակադեմիա վեցամսյա կրթական ծրագրի մեկնարկը։ Ակադեմիայի նպատակն է 21 տարեկանը լրացած երիտասարդներին հնարավորություն տալ նոր մասնագիտություն ձեռք բերել։ Ակադեմիան կտրամադրի ուսուցում նորարարական ոլորտներում, իսկ ծրագիրը հաջողությամբ ավարտած ուսանողներին կապահովի աշխատանքով Թումոյի մարզային կենտրոններում։Ներկայացրելով կրթական ծրագիրը, Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը նշեց, որ այս նախագծի արդյունքները տեսնելու ենք տասնամյակներով։ Ընդլայնելով աշխարհագրությունը ՀՀ-ի մարզերում ու Արցախում՝ նպատակ կա բոլոր պատանիներին տալ հավասարապես որակյալ, առաջադեմ կրթություն։
Թումո ակադեմիան գործարկման առաջին փուլում կտրամադրի ուսուցում 8 ոլորտում՝ երաժշտություն, անիմացիա, լուսանկարչություն, ֆիլմերի ստեղծում, խաղերի մշակում, եռաչափ մոդելավորում, նկարչություն և ստեղծագրություն։ Կրթական ծրագրին մասնակցելու համար պետք է մինչև ապրիլի 1-ը academy.tumo.org կայքում լրացնել առցանց հարցաթերթիկը։