Ստարտափ Հայաստան

Փայտը կարող է «շնչել», եթե ճիշտ ձեռքերում է․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Հովհաննիսյան Հարությունը երկար տարիներ բնակվել է Ռուսաստանի դաշնությունում, բայց Հայաստան գալու միտք միշտ է ունեցել, կապն էլ ամուր է եղել։ Պերմ քաղաքի հայ համայնքում էր Հարությունն իր զբաղվածության հարցը լուծում, երիտասարդների հետ բազմատեսակ նախագծեր էր կազմակերպում և մասնակցում, որոնցից մեկի ժամանակ էլ հանդիպում է կյանքի սիրուն և հետագայի «բիզնես գործընկերոջը»։ Անին ու Հարությունն ընտանիք են կազմում Հայաստանից դուրս։ Երեխայի ծնունդից հետո զգում, որ մինչ այդ հայրենիք վերադառնալու միտքն ավելի է սրվել, պետք է հավաքել իրերը ու տոմս գնել։ Սկզբից Հարությունը վերադարձավ, հետո ընտանիքի անդամները միացան նրան։ Լավ էր տրամադրված, Հայաստանն էլ լավ ընդունեց երիտասարդին, աշխատանք գտավ միանգամից, երբ հասկացավ, որ արդեն կարող է ընտանիքին ապահովել, բոլորը միացան Հայաստանում։

Հարությունի բիզնես գաղափարը պատահաբար է ծնվել։ Փայտի հետ աշխատելու փորձ ձեռք է բերել մի ռուս տղամարդու մոտ, այդպես սիրել է արհեստը։ Օրերից մի օր Հարությունը տղայի համար փայտից մահճակալ է փնտրում, հասկանում է, որ այստեղ իր ուզածը չկա, ելքը՝ սեփական ձեռքերով պատրաստելն էր, այդպես հիմնադրվեց փայտե իրերի պատրաստման բիզնեսը։ Հարությունն ամեն հարմար առիթով նշում է, որ Հայաստանում մարդիկ ուրիշ են, լավն են, կարծրատիպը, որ այստեղ դժվար է մարդկանց հետ բիզնես հարաբերություններ հաստատել, ջարդվում է, սեփական փորձից ելնելով է ասում։ Անին մասնագիտացել է ֆինանսների ոլորտում։ Աշխատանքը ստեղծագործական չէ, բայց ամեն հարցում փորձում է աջակցել ամուսնուն, Հարությունը կես կատակ կես լուրջ ասում է՝ ֆինանսական հարցերով զբաղվում է Անին, ստացվում է բիզնեսի տնօրենը կինս է։

Եթե չլիներ ընտանիքի աջակցությունը, մի քանի անգամ դժվար կստացվեր հաջողելը, ասում է Հարությունն ու պատմում վերջերս պատահած մի դեպքի մասին, երբ հասկացել է, թե որքան արժեքավոր է ընտանիքի անդամների օգնությունը, երբ որոշում ես միայնակ բիզնես հիմնել ու փորձել արագ հաջողել։ Հարությունը փորձում է ամեն բան անել, որ պատվերը հաճախորդների սրտով ստացվի, հասկացել է՝ ցանկացած գաղափար էլ իրագործելի է, եթե կա ցանկություն թե հեղինակի, թե պատվիրատուի մոտ։ Հայաստանում նոր մշակույթ է ցանկանում տեղայնացնել, եթե ապրանքի գինը բարձր է, պատվիրատուն կարող է գնալ և Հարությունի արհեստանոցում իր հետ աշխատել և օգնել, այդպես նաև մասնակից լինել սեփական իրի պատրաստման գործին։

Ամուսինների համար կարևոր է նախ Հայաստանում սեփական տուն ունենալը, հետո սեփական հարմարավետ աշխատավայրը, որտեղ Հարությունը հանգիստ կարող է և աշխատել ու ստեղծագործել, և ընտանիքի հետ լինել, Անին երազելով է պատմում ցանկության մասին, բայց հոգու խորքում գիտի, որ այդ ցանկությունները սարերի հետևում չեն։

Ցուցադրել ավելի
Back to top button