Էլիզա Ամիրխանյանի օրինակը
Գլխավոր պայմանն է՝ լինել այնտեղ որտեղ, քո կարիքն ամենից շատ կա։ Երկու տարի առաջ հենց այս մտքով «Դասավանդի՛ր Հայաստան» ծրագրով Երևանից Տավուշվի մարզի Չինարի գյուղ գործուղվեց էլիզա Ամիրխանյանը։ Որպես դասվար աշխատում է Չինարի Վահրամ Սաղոյանի անվան դպրոցում։ Ասում է՝ միջավայր փոխելը դժվար էր, բայց երեխաների հետ աշխատանքը դրական էներգիա և ուժ է հաղորդում։ Էլիզան սովորել է Մանկավարժական համալսարանում, թեև երկար տարիներ աշակերտներ է ունեցել, բայց դպրոցում չէր աշխատել։ Հիմա այնքան է կապվել երեխաների հետ, որ յուրաքանչյուր հնարավորություն փորձում է ի նպաստ նրանց ու դպրոցի օգտագործել։
«Դասավանդի՛ր Հայաստան» ծրագրի շրջանակում Էլիզան ամիսներ առաջ տիկնիկագործության խմբակ է ստեղծել և երեխաներին հեքիաթների իրենց սիրելի կերպարները պատրաստել սովորեցրել։ Մինչև խմբակի բացումը դերձակների հետ է խորհրդակցել, յուրաքանչյուր մանրուք ուսումնասիրել ու երեխաների հետ քայլ առ քայլ սովորել տիկնիկագործության գաղտնիքները։ Սկզբում էսքիզներն էին պատկերում, երբ առաջին տիկնիկը պատրաստեցին հասկացան, որ կարող են ավելին։
Մոտ 5 ամիս տևած տիկնիկագործության դասերին մասնակցել է 19 աշակերտ։ Ամենադժվարը մարդու դեմքով տիկնիկներ պատրաստելն է,– ասում է Էլիզան ու հավելում՝ երեխաները սիրով ու խնամքով են վերաբերվում տիկնիկներին, յուրաքանչյուր կերպար նոր աշխարհ է նրանց համար։ Այժմ տիկնիկային ներկայացում են պատրաստում գյուղի երեխաների համար, մտադիր են շրջիկ թատրոն ստեղծել և հարակից գյուղերի մանկապարտեզներում էլ ներկայանալ։ Ասում է՝ ընտրել են այնպիսի հեքիաթներ, որտեղ հերոսները շատ են։
Չինարիում Էլիզան ապրում է վարձով տանը, ասում է՝ պայմաններն այնպիսին են, ինչպես գյուղի մյուս ընտանիքերում, հարմարվել է այն ամենին ինչ կա։ Այնքան է կապվել երեխաների հետ, որ չի պատկերացնում ծրագրի ավարտից հետո, ինչպես է բաժանվելու սիրելի գյուղից ու երեխաներից։