Իմ օրինակը

Վանա Սեկյանի օրինակը

Վանա Սեյկանը մի քանի ամիս առաջ է եկել Հայաստան կամավորական աշխատանք կատարելու։ Նա ծնվել է Դուբայում, սովորել Բեյրութի Ամերիկյան համալսարանում, մասնագիտությամբ հոգեբան է։ Քանի որ հաճախ էր կամավորական տարբեր աշխատաքներ կատարում համալսարանի հայկական ակումբում նրան խորհուրդ տվեցին «Դեպի Հայք» ծրագրով գալ Հայաստան։ Վանան մի քանի անգամ որպես զբոսաշրջիկ է եկել հայրենիք, բայց այս անգամ այցն այլ նպատակ ուներ։ Սկզբում ինքը եկավ հետո՝ ընտանիքի անդամները։ «Երևան իմ սեր» հիմնադրամի՝ հաշմանդամություն ունեցող երեխաների վերականգնողական «Lուսէ»  կենտրոնում Վանան ներգրավված է ֆոնդահայթայթման գործում։ Արմավիրի մարզի Հացիկ գյուղի՝ ՔՈԱՖ-ի կենտրում էլ օգնում է երեխաներին խմբային աշխատանքներ կատարել։
Վանան հաճախ է ճամփորդում Հայաստանում, սիրելի վայրերը, որտեղ կարողանում է հանգիստը վայելել Ջերմուկը, Սեվանն ու Դիլիջանն են։ Ասում է՝ այս քաղաքներում ամեն ինչ այնքան հանդարտ է, բնությունն այնքան մաքուր ու յուրահատուկ, որ ամեն այցից հետո թարմացած ու նոր գաղափաներով է հետ գալիս Երևան։

Լուսանկարը՝ Վանայի ֆեյսբուքյան էջից

Վանան ընկերներ շատ ունի Դուբայում, հաճախ է շփվում նրանց հետ։ Ասում է՝ այնքան է պատմել Հայաստանի մասին, որ նրանք էլ են ցանկանում գալ։ Կամավորական աշխատանքն ավարտելուց հետո Վանան կվերադառնա Դուբայ մագիստրոսական կրթությունը հոգեբանության ոլորտում շարունակելու նպատակով։ Բայց մտադիր է կրկին հետ գալ հայրենիք և մասնագիտական նոր գիտելիքներն ու հմտություններն այստեղ օգտագործել։ 
Նա սփյուռքահայ երիտասարդներին հորդորում է հաճախ այցելել հայրենիք, գործով ու նվիրվածությամբ նպաստել երկրի զարգացմանը։

Ցուցադրել ավելի
Back to top button