ԱյլՉեմպիոնական նախավարժանք

Բրայան Մեյ. Տիեզերական երաժշտությունը սրտում

1963թվականին 21 ամյա բրիտանացի մի երիտասարդ հազվագյուտ հիվանդության ախտորոշում է ստացել․ բժիշկները մատնանշում էին հնարավոր վատատեսական ընթացք: Թվում էր, թե ամեն բան հենց այդպես կլինի, սակայն այսօր՝ նոր հազարամյակում, այս անունը գիտական հանրույթում դարձել է ամենահեղինակավորներից մեկը: Թերևս քաղաքակրթությունն առաջընթաց է ապրում և ստեղծում արժեք հենց նման «շեղումների» հետևանքով։
Բրիտանացի ֆիզիկոս-տեսաբան, տիեզերաբան Սթիվեն Հոքինգի ներդրումը գիտության ոլորտում այնքան մեծ է, որ այսօր անգամ նրա անվամբ մրցանակ է հանձնվում, այն էլ՝ Հայաստանում «Սթարմուս» փատատոնի ընթացքում: Մրցանակի այս տարվա առաջին դափնեկիրը բրիտանացի ռոք-երաժիշտ, Queen խմբի կիթառահար, աստղաֆիզիկոս Բրայան Մեյն է, որն այս մրցանակը ստացավ ընկերոջ՝ լեգենդար երաժիշտ Ֆրեդի Մերկուրիի ծննդյան օրը: Այո՛, գուցե մինչև հիմա անհավատալի է թվում, բայց Մեյը Հայաստանում է և մեծ ոգևորությամբ կիսվում է Հայաստանի մասին իր տպավորություններով։

«Չնայած, որ Հայաստանում երբևէ չեմ եղել, երկրաշարժից հետո շատ մտահոգ էի Հայաստանին վերաբերող հարցերով: Եղել են դեպքեր, երբ երաժիշտների հետ փորձել եմ գալ Հայաստան: Եվ վերջապես ես այստեղ եմ, կարելի է ասել, որ դա իմ երազանքներից մեկն էր։ Ինձ համար մեծ պատիվ էր նաև համագործակցությունը Ջիվան Գասպարյանի հետ, իհարկե Գարիկ Իսրաելյանի միջոցով։ Այդ համագործակցության միջոցով փորձեցի բացահայտել հայերի երաժշտական ոգին։

Գարիկ Իսրաելյանի հետ համագործակցել եմ դեռ առաջին Սթարմուսից: Իսկ մրցանակը ստանալն, իհարկե, մեծ անակընկալ էր և շատ հուզիչ։ Մեծ պատիվ է ստանալ մրցանակ նման խոշոր գործիչների հետ», — ասում է լեգենդար կիթառահարը: Մեյը նաև անդրադարձավ մերօրյա և իր ժամանակների երաժշտական միտումների տարբերություններին։ Նա կարծում է, որ իր սերնդի համար գուցե մի փոքր բարդ է այսօրվա երաժշտությունը, և գուցե հենց տեխնոլոգիական միտումներն են դրան նպաստում։ Իսկ իրենց խմբի դեպքում քննադատական ոգին ու ստեղծագործ ոգին էին հենց ներդաշնակության բերում։

Մեյը «Սթարմուսի» ընթացքում նաև հանդես կգա Տավուշի թեմի երգչախմբի երեխաների հետ, ովքեր ոգեշնչել են երաժշտին և համատեղ ելույթի գաղափար դարձել: Ասում է՝ երեխաների ելույթում ոչ թե կատարողական բարձր արվեստը պետք է գնահատել, այլ՝  էմոցիոնալ ինքնաարտահայտումը:

Քանի որ Մեյը ոչ միայն ֆանտաստիկ երաժիշտ է, այլև՝ գիտնական, նրան մտահոգում են նաև այդ ոլորտի խնդիրները։ Ասում է՝ կցանկանար, որ ավելի շատ անդրադարձ կատարվեր Երկիր մոլորակին և մարդկությանը։ Կարևորում է հարգանքն ինքներս մեզ և մեր շրջակայքի նկատմամբ։ Նրա կարծիքով՝ սկսելով ինքներս մեզնից, մենք կունենանք ավելի լավ աշխարհ ողջ մարդկության համար:

Իսկ վերջում նորից կոչ է անում ուշադրությունը սևեռել ոչ միայն մարդկության, այլև ողջ մոլորակի վրա ու շտապում փորձի:

Ալմաստ Մուրադյան

Ցուցադրել ավելի
Back to top button