ԱյլՉեմպիոնական նախավարժանք

Մայրամուտ Աղավնոյում/Աղավնոյի մայրամուտը

Առաջաբանի առաջաբան։ Վերջին օրն Աղավնոյում ես, Անին ու Ռոմանը գնացինք մայրամուտը նկարելու։ Արևածագը չէր ստացվել, ամպամած էր։ Մտածեցինք գոնե մայրամուտի կադրերն ունենանք։ Բարձրացանք դիքն ի վեր, տեղավորեցինք կամերաներն ու «ռեք տվեցինք», հետո մոնտաժի ժամանակ կարագացնենք կադրն ու 30 րոպեն կդառնա 10 վայրկյան։ Ընթացքում մեր խոսակցությունը մեկ բռնկվում էր, մեկ էլ հանգչում։ Երբ հերթական անգամ լռեցինք, մտքումս ասացի՝ «Աղավնոյի մայրամուտը», հետո ակնթարթի մեջ մայրամուտը երկրորդ՝ փոխաբերական իմաստով հասկացա, այսինքն՝ անկում, վախճան, վերջ։ Ինքս ինձ հանդիմանեցի այդ մտքի համար ու անմիջապես փոխեցի ձևակերպումը՝ ոչ թե «Աղավնոյի մայրամուտը», այլ «Մայրամուտն Աղավնոյում», թող ոչ ոք իմ նախորդ մտքին չհանգի։ Բայց նախորդ միքտը դեռ արմատախիլ չէր եղել՝ քիչ չանցած առաջարկեցի նկարելուց հետո նկարվել վերջին անգամ։ Անին ու Ռոմանը ոչ միայն համաձայնեցին, այլև չնկատեցին իմ «նկարվել վերջին անգամ» արտահայտությունը։ Ես ինքս էլ չէի նկատի, եթե վերջին օրերին Աղավնոն հանձնելու մասին խոսակցությունները չակտիվանային։ Դրանք անիմաստ դարձրին գյուղի ու այնտեղ բնակություն հաստատած մարդկանց մասին նախորդիվ գրած իմ էսսեն։

Ի վերջո, ի՞նչ էի ուզում այդ նյութով տեղ հասցնել։ Եթե կարճ՝ կառչելու դրվագներ։ Ուզում էի ցավը տնտղել՝ լույս ցույց տալու համար։ Գիտեմ՝ այդպես հնարավոր է։ Կկարդաք, կհամոզվեք։ Ուզում էի Աղավնոն սիմվոլ դարձնել, բայց վերջին մի քանի օրերը իմ այդ մտադրությունը անիմաստ դարձրին։ Լույս, իսկապես, որ կա, բայց դա այն լույսն է, որ վառում է Անիի ֆիլմի տատիկը, գուցե դրանով պայքարի իր պերֆորմանսը կայանում է, բայց դա չի փոխում այն փաստը, որ գյուղում մարդ չկա։ Հենց սրանով է իմ գտած լույսը պատրանքային, դա չի փոխում համայնապատկերը։ Օգոստոսի 25-ին պարզ կլինի այդ օրը «Աղավնոյի մայրամուտն» էր, թե «Մայրամուտն Աղավնոյինը»։ Իսկ մինչև օգոստոսի 25-ն ու մինչև վերջին լուրերը Աղավնոն իր հին ու նոր բնակիչներով այսպիսին էր։

Լուսանկարը՝ Ահարոն Ներկարարյանի

Առաջաբան։ Ալեն Ռոբ-Գրիյեի ֆիլմերից մեկում՝ «Տրանսեվրոպական էքսպրեսում», հեղինակը սցենարիստների հետ պարբերաբար հայտնվում է կադրում և քննարկում ֆիլմի հետագա զարգացումները, իսկ կինոդիտողը տեսնում է, թե ինչպես է ստեղծվում ֆիլմը։ Կոնստանտին Վագինովի «Այծերգություն» վեպում էլ հեղինակն իր ստեղծած հերոսների հետ պարբերաբար զրույցի է բռնվում և ընթերցողին մանրամասներ հաղորդում։ Եթե կա ֆիլմ ֆիլմի մասին, գիրք գրքի մասին, ապա լրագրություն լրագրության մասին էլ կարող է լինել։ «Ակն ընդ ական» կազմակերպության վավերագրողներով գնացել էինք Աղավնո, Ստեփանակերտ և Մարտունի։ Լրագրող եմ, բայց կյանքումս առաջին անգամ  որպես ռեժիսոր ու վավերագրող էի ներկայանում: Ստացվեց լրագրողի գրած «գեղարվեստական վավերագրություն». պատմություն սպիտակ մոպեդով Անդրանիկի, Բերձորի քաղաքապետացու Փառանձեմի, Լաչինի միջանցքում Նոր տարին դիմավորած Արտյոմի, «Բոզի կալգոտկա» դիրքի, հրամանատարի, նկարչի ու Հոմերոսի մասին։

Օր 0, դեռ Երևան։

10։30

Շարժվում ենք Անատոմիկից։ Սիրուն ականջօղով կինն ասում է՝ եթե ուզենաք ռոումինգն ակտիվացնել, կոդը սա է։ Ցույց է տալիս թղթի վրայի գրվածը։

14։08

Ճաշում ենք Վայքում։ Այստեղ ճանճերի դեմ պայքարի հնարամիտ միջոց ունեն։ Թափանցիկ ցելոֆանի մեջ ջուր են լցնում։ Ճանճը մոտենում է, «հայելու» մեջ ինքն իրեն շատ խոշոր է տեսնում ու հետ փախչում։

15։33                                                                                            

Մինչև Արցախ հասնելը Սիսիանում արվեստագետ Աշոտ Ավագյանի և Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Երկաթի հետ ենք ծանոթանում։ «Հերոսն ինքն է, բայց հերոսի տեսք ես ունեմ»,- կատակում է նկարիչ Ավագյանն ու պատմում.

Աշոտ և Աշոտ․ «Անառակի զուգագուլպայի» արտեֆակտը

«2016-ին Սիսական ջոկատը Մինասյան Աշոտի (Երկաթի) հրամանատարությամբ հասնում է Թալիշ, որ դիրքեր գնան։ Աշոտը գնում է հրամանատարական կետ՝ իմանալու, թե ուր են գնալու։ Այդ ընթացքում սիսիանցի երկրապահների գլխավերևում կամիկաձե-ԱԹՍ է հայտնվում: Տղերքն էլ, երեխեն ոնց է լինում, ավտոմատները քաշած սկսում են գռռացնել ԱԹՍ-ի վրա՝ առանց հասկանալու, դե չեն տեսել, մեղադրելու չէ։ Սովորաբար «հառռոպ»-ով մարդկանց չեն պայթեցնում: Թանկ է: Օդում կախվում, իրեն համարժեք թիրախ է փնտրում: Այս դեպքում, թերևս, հենց այն մոտակա հրամանատարական կետը: Սիսիանցի ավտոմատավորները նրան հազար տարի պետք չէին:

Բայց երբ հասկանում է, որ հեսա-հեսա կխփեն, ճարահատյալ մխրճվում է խմբված տղաների մեջ: 11 հոգի տեղում զոհվում է: Այսօր բոլորը գիտեն, որ կամիկաձե-ԱԹՍ տեսնելիս, վրան կրակել պետք չէ: Ցրվել, պախկվել: Այն ժամանակ մարդիկ ԱԹՍ առաջին անգամ էին տեսնում»:

Պետք է ցուցահանդես անեի` ասում է նկարիչ Աշոտը․ «Ինձ արտեֆակտ էր պետք։ Վառված կասկաներ կային, որոնք հավաքել էի։ Չգիտեի՝ ցուցահանդես անելո՞ւ եմ, թե՞ չէ, բայց ներքուստ զգում էի, որ ինչ-որ բան պետք է անել։ Այս դուռն Աշոտի միջոցով բերեցի։ Հենց այդ Վիլիսի դուռն է: 2017թ-ին ցուցահանդես արեցի, որը կոչվում էր «Բոզի կալգոտկա»*․ ոչի՞նչ, էրեխեք, մանավանդ ֆեյսբուքում ամբողջ օրը գրում են, էլի։ Դիրքի անուն է էդպես։ Այդտեղից տղերքի գրառումներն էի ցուցահանդեսի նմուշ դարձրել»,- պատմում է նկարիչ Աշոտ Ավագյանը։

Աշոտ Ավագյանը և Աշոտ Երկաթը։ Լուսանկարը՝ Ահարոն Ներկարարյանի

* Անցած կռվի ժամանակ այդ տեղանքի վրա այնքան էին կրակել, որ ամբողջովին ծակրտվել էր՝ դարձել ցանցավոր զուգագուլպա: Այդպես էլ մնաց անունը։

Օր 1Աղավնո, ժամը 18։47

Գյուղի սկզբնամասում ռուս խաղաղապահներ են։ Մի մասը մնում է ԲՏՌ-ի վրա նստած, ստուգողները մոտենում են մեզ։ Ցույց ենք տալիս անձնագրերը։

— Լրագրող կա՞, — հարցնում է հերթապահություն իրականացնող հայը։

— Չէ, — լսվում է պատասխանը։

— Արվեստագետներ եք, եկել եք ջրոցի խաղալո՞ւ,- հավանաբար կրկնում է մեր խմբի առաջին մեքենայից լսած պատասխանը։

— Հա, — ասում ենք ու մտնում գյուղ։

Անդրանիկ Չավուշյան զգուշացեք նման մարդկանցից, նրանք կարող են եղանակ փոխել

Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանը պատմում է, թե ինչպես էին պատերազմից հետո գյուղը զինաթափում։  

«Ես չէի պատկերացնում, որ ինչ-որ մեկը գա, ասի՝ դուրս արի։ Այսինքն, ի՞նչ է նշանակում զենքդ հանձնի, զգեստդ հանի, դրոշդ իջեցրու։ Ավելի լավ է`այս հարցը զենքով լուծվի։ Ասում էի՝ զինաթափվել չկա, զինվորի զինաթափումը մահ է, ոչխա՞ր ենք, որ գանք զենքերը հանձնենք։ Անընդհատ փորձում էին հոսանքը անջատելով, ջուրը կտրելով խեղճացնել։ Հետո գալիս-տեսնում են, ասում են՝վա՜յ,երեխա կա՞ ստեղ։

— Հա, — ասում եմ, -լիքն են։

— Զորքդ ո՞ւր է, — հարցնում է ծիծաղելով։

— Անտառում` խաբում եմ։ Իրար են նայում, հավատում։

— Պե՞տք է կանչեմ, ամեն մարդ իր տեղն է զբաղեցնում,- ասում եմ։

Անդրանիկ Չավուշյան

Քարտեզը բերեցին։

— էս ի՞նչ ա, — ասեցի։

— Չես նայո՞ւմ քարտեզին, — հարցրեց խաղաղապահը։

— Ո՞վ է նկարել սա, ես տանն ավելի լավ նկարած ունեմ, Ծովից ծով Հայաստանի քարտեզը բերե՞մ։ Ես կարող եմ դա ապացուցել, բայց դու բերել ես քարտեզը, նոր ճանապարհ գծել, ո՞վ կարող է սա հաստատել։ Ո՞վ կարող է այդ պատասխանատվությունն իր վրա վերցնել։ Առանց մեզ հետ քննարկման ո՞վ կարող է, մեր կամքից ուժեղ կամք ունեցող կա՞, որ իմ տան մասին որոշում կայացնի։  «Զգուշացեք այդ մարդկանցից, նրանք կարող են եղանակ փոխել». այսպես են խաղաղապահները մեր մասին Մոսկվա զեկուցել:

Հաղորդագրություն

August 1 at 9:34 PM Համացանցում շրջանառվող տեղեկությունները Արցախի այս կամ այն հատվածում ընթացող թեժ մարտերի մասին չեն համապատասխանում իրականությանը: Շփման գծում որոշակի լարվածությունը պահպանվում է: Հանրապետության ղեկավարությունը, ՊԲ հրամանատարության ու ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ համապատասխան քայլեր է ձեռնարկում իրադրության հանգուցալուծման ուղղությամբ: ԱՀ պաշտպանական գերատեսչությունը լրատվամիջոցներին ու սոցիալական ցանցերի անհատ օգտատերերին կոչ է անում հետևել բացառապես պաշտոնական լրահոսին:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

August 2 at 12:16 AM  · 

Հաղորդագրություն

Օգոստոսի 1-ին ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված սադրանքի հետևանքով վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Ալբերտ Վլադիկի Բախշիյանը։ Վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է բավարար:

Լուսանցքում։ Աղավնոն ասես ճամբար լինի։ Գունավոր տնակներ, երեկոյան խարույկի շուրջ հավաքված մարդիկ։ Այս ամենի մեջ ինչ-որ նոնսենս կա․սարերի գլխին թշնամին է, իսկ մարդիկ տոնում են՝ նկատում է օպերատոր Ռոմանը, որ վերջերս է Ռուսաստանից տեղափոխվել Հայաստան։ Աղավնոն փոքր Հայաստանն է, այն տարբերությամբ, որ եթե թուրքերը որոշեն ներխուժել՝ առաջինը գյուղապետի տուն են մտնելու։

Վերադառնում ենք տուն։ Դռան դիմաց Հոմերոսը պոչն է խաղացնում։ Իր բաժին հարիսան է պահանջում։ Գյուղապետ Անդրանիկը թուրքերին չի սիրում, անգլերենի ուսուցչուհին էլ հաստատ հույների հետ չունի․ էլ ինչը պիտի ստիպեր շան անունը Հոմերոս դնել։

Օր 2, Աղավնո։

06։ 19 Ջրոցու օր։ Ջուր չկա։

10։ 48 Լուսանկարիչ Նարեկը լուսանկարիչ Արտյոմին Սևանի ճակատամարտի մասին է պատմում։

Ես ափսեիս մեջ եմ տեղավորում Բերձորի քաղաքապետացու Փառանձեմի սարքած ձվածեղը։

Արտյոմը զարմացած է մերոնց հնարամտությունից։

Նախաճաշը համեղ է։

Առավոտյան ամպամած է։ Մի քանի կադր եմ անում, հետ գալիս տուն։ Խաղին ավելի ուշ եմ միանում։ Տղաների կամերան ջրել են: Պետք է ռիսկի դիմել․ գնալ ու ջրոցի խաղացողներին բացատրել, որ ինձ ջրեն, կամերան՝ չէ։  Ստացվում է: Կադրեր եմ անում: Զգում եմ մեջքիս վրայով սահող ջուրը։ Կարևորը կամերայի վրա չեն լցնում։ Տուն հետ գալիս ռուս խաղաղապահները խնդրում են, որ մոտենամ։ Մասնագիտությունս են հարցնում, ասում եմ՝ ռեժիսոր։ Երկու մետր բարձրությունից գլուխը մոտեցնում է ու խնդրում կադրերը ցույց տալ․ ռուսներին մոտիկից նկարել չի կարելի: Մեզ այդ մասին նախապես զգուշացրել էին։

Լուսանցքում։ Գիշերվա հազար։ Խոսակցություններ բանակի, պահեստազորի, համապարփակ պաշտպանության մոդելի մասին։ Լուսանկարիչ Նարեկը, ըստ երկրների, նայում է, թե ԶՈՒ-ի ու պահեստազորի քանակը որքան է։ Հասել ենք աֆրիկյան երկրներին, որոնց մասին ինֆորմացիան մեզ առանձնապես պետք էլ չէ։ Քնելու ժամանակն է։

August 3 at 3:22 PM  · 

Հաղորդագրություն

Ժամը 15:00-ի սահմաններում, շփման գծի հյուսիս-արևմտյան հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները կիրառել են հարվածային անօդաչու թռչող սարքեր, ինչի հետևանքով մահացու վիրավորում է ստացել ՊԲ մեկ զինծառայող: Եվս 8 զինծառայող ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ:Հետագա զարգացումների վերաբերյալ կտեղեկացնենք հաջորդիվ:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

August 3 at 6:13 PM  · 

Հաղորդագրություն

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, օգոստոսի 3-ին, ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաև ականանետներ, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը և Արթուր Յուրիի Խաչատրյանը: ԱՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Եվս 14 զինծառայող տարբեր աստիճանի վիրավորումներ է ստացել:

Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատարության հետ միջոցներ են ձեռնարկվում իրադրությունը կայունացնելու ուղղությամբ։

Ժամը 18։00-ի դրությամբ օպերատիվ մարտավարական իրադրությունը հարաբերականորեն կայուն է:

Հետագա զարգացումների վերաբերյալ ԱՀ պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրություններով։

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Բերձորի ապագա քաղաքապետ Փառանձեմը

Էլիսոն Թահմիզիան-Մուսը Միացյալ Նահանգներում է ծնվել։ Մոր ծնողները Ամասիայից են, վերապրել են Ցեղասպանությունը։ Էլիսոնը լրագրող է, վերջին 10 տարում ռազմական լրագրությամբ է զբաղվել։ FrancePress-ի և Մինեսոտայի հանրային ռադիոյի համար լուսաբանել է Իրաքի, Սիրիայի, Լիբանանի պատերազմները։ Նախորդ տարի տեղափոխվել է Հայաստան, սկսել աշխատել «իԳործ» ծրագրում, զուգահեռ նաև դասավանդել Հայաստանի Ամերիկյան համալսարանում։ Երբ ճանապարհը հանձնելու մասին խոսակցությունները սկսվեցին, հիմնական բնակություն հաստատեց Աղավնոյում:  

Հիմա թիվ մեկ խնդիրը հայրենիքը պահպանելն է՝ ասում է էլիսոնը։ Փորձում է իր օրինակով ցույց տալ, որ Աղավնոյում հնարավոր է ապրել։ Ասում է՝ հիմա հոգեբանական պատերազմ է ընթանում։ Սակայն Աղավնոյում մարդիկ ծառ են տնկում, նկատում է՝ եթե մտադիր չլինեին այստեղ ապրել, հաստատ ծառ չէին տնկի։ Կյանքն Աղավնոյում նրան դուր է գալիս, կատակում է, թե սա հիանալի վայր է հայերեն սովորելու համար, որովհետև ոչ ոք իր հետ անգլերեն չի խոսում։

Էլիսոնը մտադիր է տեղափոխվել Բերձոր, իսկ հետագայում՝ քաղաքապետի ընտրության ժամանակ, իր թեկնածությունն առաջադրել։ Ասում է՝ Աղավնոյում կազմակերպված համայնք արդեն կա, ենթակառուցվածքները հիմնականում աշխատում են, մինչդեռ Բերձորում պատերազմից հետո կազմակերպվածության պակաս կա։ Ցանկանում է այդ բացը լրացնել։

Լուսանցքում։ Էլիսոնին Փառանձեմ անունով Աշոտ Ավագյանն է կնքել։ Նոր ծանոթությունների ժամանակ Էլիսոնը որպես Փառանձեմ է ներկայանում։ Ասում է՝ սիրում է այդ անունը:

August 4 at 10:12 AM  · 

Հաղորդագրություն

Օգոստոսի 3-ի լույս 4-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ մարտավարական իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է: Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանունները որոշ հատվածներում խախտել են հրադադարի ռեժիմը’ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ: ՊԲ ստորաբաժանումների կողմից կորուստներ չկան: Վիրավորում ստացած 19 զինծառայողներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր, որոնցից մեկինը’ ծայրահեղ ծանր: Մյուս վիրավորների վիճակը բավարար է:

Ռուսական զորակազմի հրամանատարության միջնորդությամբ շարունակում են քայլեր ձեռնարկվել իրավիճակի կայունացման ուղղությամբ:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

August 5 at 9:22 AM  · 

Հաղորդագրություն

Օգոստոսի 4-ի լույս 5-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է եղել։ Լարվածությունն, ընդհանուր առմամբ, պահպանվում է։ Որոշ ուղղություններում ադրբեջանական ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը’ կիրառելով հրաձգային զինատեսակներ:

Հայկական կողմից կորուստներ չկան։

Նախորդ օրերին վիրավորում ստացած զինծառայողներից մի քանիսը դուրս են գրվել բժշկական հաստատություններից։ Վիրավոր զինծառայողներից 3-ի վիճակը շարունակում է մնալ ծանր, ևս մեկինը’ ծայրահեղ ծանր` դրական որոշակի դինամիկայով։

Ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ, իրադրության հետագա կայունացմանն ուղղված աշխատանքները շարունակվում են։

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Օգոստոսի 5-ին Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը տեղի բնակչության, համայնքի և շրջանի իշխանության ներկայացուցիչների հետ քննարկել է Աղավնոյի, Ներքին Սուսի և Բերձորի բնակչության՝ մինչև սույն թվականի օգոստոսի 25-ը տարհանման հարցերը քաղաքացիական պաշտպանության պլանի շրջանակներում։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ՏԿԵ նախարարությունը։

Այս հայտարարությունից երկու օր անց «Ակն ընդ ական»-ի վավերագրողների մի մասը վերադառնում է Աղավնո և գյուղը պահելու տարբերակներ մտածում։ «Ակն ընդ ական»-ի հիմնադիրներից Հովհաննես Իշխանյանի խոսքով՝ Աղավնո են հրավիրել պատգամավորների(Հայաստանից և Արցախից), մտավորականների, հոգևորականների և հասարակական գործիչների։ Նրանց են միացել Արցախի «Արդարություն» խմբակցությունից Դավիթ Գալստյանը, Մետաքսե Հակոբյանը և Հակոբ Հակոբյանը։ Հայաստանից «Հայկական նախագիծը», GG-ի Խաչատուր Գրիգորյանը, «Ժողովրդական համախմբում» կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանը, պատգամավորներ Ասպրամ Կրպեյանը և Քրիստինե Վարդանյանը, նաև «Կռունկ» հաղորդման հեղինակ Հովիկ Մանուչարյանը և գրող Արմեն Նիազյանը։ Որոշակի քայլերի հաջորդականություն են մշակել։ Իշխանյանի խոսքով՝ մարդկանց ֆիզիկական ներկայությունը կարող է որոշիչ դառնալ բանակցություններում։  

«Եթե 500 հոգի գային այստեղ, իրենց ներկայությամբ ցույց տային, որ պատրաստվում են ընդդիմանալ հայկական հողերը ուղղակի հանձնելուն, վստահ եմ հնարավոր կլինի որևէ փոփոխություն անել։ Այսինքն, առնվազն ռուս խաղաղապահը կհարցնի՝ «Էս ի՞նչ պահ ա», ու բացատրելուց բանակցություններում նոր ուղղություններ կառաջանան։ Ցավոք, հայ քաղաքական վերնախավը, նկատի չունեմ դավաճաններին, այլ նրանց, որոնք Արցախով են մտահոգված, միանգամից թևաթափ են եղել։ Մտածել են, որ հնարավոր չի պահել, ինչն այդքան էլ լավ հոգեբանական «խասյաթ» չի քաղաքական գործիչների համար, քանի որ նրանք պետք է բոլորից կամքով տասնապատիկ ուժեղ լինեն, իրենք մեզ ուղղորդեն, թե որտեղ գնանք, որովհետև մենք ենք նրանց տվել այդ մանդատը։ Դեռ ուշ չի, 10 օր կա։ Հուսով եմ կգան ու միասին կփորձենք լուծումներ գտնել՝ նոր մարդկանց ներգրավելու համար։ Նրանց մանդատը կարևոր է նաև նրանով, որ Թուրքիան ասում է այստեղ ահաբեկիչներ կան չէ՞, նրանց ներկայությունը ցույց կտար, որ ճանաչված պետության պատգամավորներն այստեղ են և թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից այդքան էլ հեշտ չէր լինի սադրանքներ իրականացնել»։

Լուսանցքում։ Առաջիկայում Աղավնոյում մշակութային փառատոն կանցկացվի։ Գյուղում ակտիվության, աղմուկի պակաս չի լինելու։ Բայց ի տարբերություն Վարդավառի, այդ աղմուկի հեղինակները ամբողջովին գյուղի բնակիչները չեն լինելու։ Նրանց մի մասն արդեն հեռացել են։ Փոխարենը Երևանից են մարդիկ տեղափոխվել Աղավնո։ «Միասին Աղավնոյում»-ը կամավորականների ջանքերով կյանքի կոչվող փառատոն է։ Ուզում են մշակութային աղաղակ բարձրացնել՝ զերծ քաղաքական երանգավորումներից, միավորել արվեստագետներին, մշակութային գործիչներին, խնդրով հետաքրքրված մարդկանց ու կազմակերպություններին և միասին կազմակերպել Մշակութային փառատոն։

Օր 3-րդ, Ստեփանակերտ, ապա Ամարաս

11։10  Նախորդ օրը թրջված հեռախոսներն ու տեսախցիկները տերերը բրձով լի թավայի մեջ էին դրել: Բրինձը քաշել էր խոնավությունն ու սարքերին հարություն տվել: Բայց տեխնիկական կորուստ, մեկ է, ունեցանք: Ամարասի կողմերը կորավ օպերատոր Ռոմանի դրոնը: Թռավ ու հետ չեկավ:  

Ստեփանակերտ տանող ճանապարհ։ Ցուցանակն ասում է՝ 30 կմ-ից Շուշիիում կլինեք։ Վրան փակագծերի մեջ արժեր ավելացնել «տեսականորեն» բառը: Շուշի՝ (տեսականորեն) 30 կմ: 

Էլի ճանապարհ: Էլի հատուկ անուն ու թիվ պարունակող ցուցանակներ.Վաչիկ 23։ Նարեկ 25։ Հայասեր 31։  

Լուսանցքում։ Տրոպիկական Մարտունիում ենք։ Քաղաքապետը պատմում է՝ ինչպես 4 հոգով հետ բերեցին քաղաքամերձ բլուրներից մեկը։ «Դե, էնպես չէ, որ նրանք հարյուրն էին, մենք չորսը։ 15-ն էին երևի։ Նռնակներով հանկարծակիի ենք բերել»։ Չորսից մեկը 64 տարեկան, մեղմ ձայնով ու հանգիստ շարժուձևով փոխքաղաքապետն է, դժվար է նրան մարտական իրավիճակում պատկերացնել, նույնքան դժվար է պատկերացնել, որ երեկ պատերազմ էր այսօր ամբողջովին վերականգնված Մարտունիում։ Բլուրը վերցնողներից մեկը վիրավորվել է, Էջմիածնից էր։ Այդպես էլ քաղաքապետն ու փոխքաղաքապետը համաձայության չեկան՝ անունը Կամո՞ էր, թե՞ Վարդան։ Հիվանդանոցներում փնտրել են բոլոր կամոներին ու վարդաններին, բայց չեն գտել։

Ամարասում վերանորոգում է։ Նկարում ենք, նկարվում։ Հետո բակում ժինգյալով հաց ուտում։ Դրոնը չկա։ Ռեժիսոր Անին ու օպերատոր Ռոմանը տրամադրություն չունեն։ Վաղը գնալու են նորից փնտրելու։

Հրամանագիր մասնակի զորահավաք հայտարարելու մասին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 3-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ 2022 թվականի օգոստոսի 3-ից հանրապետությունում հայտարարվել է մասնակի զորահավաք:

2022-08-03

August 8 at 10:02 AM  · 

Հաղորդագրություն

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, ըստ որի` ԱՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը՝ չի համապատասխանում իրականությանը:

Օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ էական միջադեպեր չեն արձանագրվել։ Չնայած հարաբերական կայունությանը’ լարվածությունը պահպանվում է։

Որոշ ուղղություններում ադրբեջանական զինուժը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը’ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Ռուսական խաղաղապահ զորակազմի հետ միասին շարունակում են աշխատանքներ իրականացվել իրավիճակի հետագա կայունացման ուղղությամբ։

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Արտյոմ Միկրյուկով․ Նոր տարին Լաչինում

Արտյոմ Միկրյուկովը լուսանկարիչ է, արդեն երկու տարի Հայաստանում է ապրում։ Այստեղ է եկել պատերազմի 2-րդ օրը։ Որոշել էր մի քանի շաբաթ ճամփորդել Հայաստանում ու վերադառնալ, սակայն պատերազմը նրան հետաքրքրեց: Տարբեր գործակալությունների նամակ ուղարկեց, որ կարող է իրենց համար գործ անել: Միայն Ռոյթերսի ռուսական ծառայությունից դրական պատասխան ստացավ և սկսեց համագործակցել, սակայն՝ Երևանից։ Ավելի ուշ Արցախում հայտնվեց փախստական ընտանիքի հետ, որի մասին նյութ էր պատրաստում։ Մի օր էլ Ստեփանակերտում հանդիպեց Դիմային և Արտյոմին, որոնք հետպատերազմյան կյանքի մասին ֆիլմ էին նկարում և որոշեց նրանց հետ գնալ այն վայրերը, որտեղ ամենածանր մարտերն են ընթացել։ Ասում է՝ զգացի, որ ուզում եմ ավելին պատմել, քան հնարավոր է 5 օրում։

Հունվարին, երբ խաղաղապահները դեռ ամբողջությամբ չէին բացազատվել, որոշեց ավտոստոպով Արցախ գնալ։ Երբ ավտոստոպով հասավ Կարմիր շուկա, լսեց երկու մասի բաժանված Թաղավարդի մասին, Ռոյթերսի հետ որոշեցին պատմել գյուղի մասին, սակայն այս անգամ խմբագրությունը նրանից նաև տեսանյութ էր ակնկալում։ Հենց այդ ժամանակ էլ Արտյոմը տեսախցիկի մեջ հայտնաբերեց տեսանյութ անելու ռեժիմը։ Խմբագրության ուզածը ստացավ, բայց այդքանով չբավարարվեց։ Կես տարի ապրեց Թաղավարդում՝ արդեն սեփական ֆիլմը նկարելու որոշմամբ։ Հիմա ֆիլմը հետարտադրական փուլում է, ասում է՝ մեծ անակնկալ էր, երբ իմացավ, որ Հայաստանում ապրող մարդիկ դժվարությամբ են հասկանում Ղարաբաղի բարբառը։ Պատմությունը մարդու մասին է, որի տղան անհետ կորած է։ Հայրը երկու տարի սպասել է, միայն վերջերս է հայտնի դարձել, որ գտել են մարմինը։

Օր 4-րդ, Ստեփանակերտ։

Հանդիպում կուսակցական գործիչների հետ։ Ամփոփ երկու միտք։ Հիմա փորձում են համոզել, որ եթե նապաստակն իրեն խելոք պահի, ապա գայլը չի ուտի։ Այդպես չէ։ «Ավտոմատով բայրակթարի դե՞մ», — սա տարածվում է մարդկանց հուսալքելու համար։

Լուսանցքում։ Ստեփանակերտի հյուրանոցում կախված է Աստվածամոր պատկերը։ Կանայք ասում են՝ Շուշիից է բերվել։ Պաշտպանել է իրենց ամբողջ պատերազմի ընթացքում։

Օր 5-րդ, Աղավնո։

Վերադառնում ենք Աղավնո։ Խաղաղապահները գնացել են։ Հարևան տան բնակիչների հետ զրույցի եմ բռնվում։ Գյուղում աղավնիներ կան, հարցնում եմ՝ գյուղի անվան հետ կապ ունե՞ն։ Պարզվում է՝ չէ։ Գյուղի անունը Աղավնի անունով աղջկա պատվին է։ 1992-ին կռվող ջոկատներից մեկի կազմում է եղել։

Լուսանցքում։ Երեկոյան երեխաներին մեր աշխատանքներից ենք ցույց տալիս։ Անիի խաղարկային ֆիլմը տատիկի մասին է, որը գյուղը չհանձնելու յուրահատուկ տարբերակ է մտածել․ ամեն օր լույսերը վառելու է, որ թշնամին մտածի՝ գյուղում շատ մարդ կա։ Այդպես էլ անում է․ գյուղում մենակ ապրող ծեր կնոջը զինվորականներն են օգնում լամպը փոխել։ Գիշերը գյուղում տուն չկա, որի լույսը վառ չլինի։ Ֆիլմի անունը «Լամպ» է՝ հիմնված իրական դեպքերի վրա։  

Հրամանագիր զորացրում կատարելու մասին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր 2022 թվականի օգոստոսի 3-ին հայտարարված մասնակի զորահավաքի շրջանակներում զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիների զորացրում կատարելու մասին:

2022-08-10

11 Օգոստոսի, 2022,  «Ռադիոլուր» Սյունիքն ընդունում է Աղավնոյից տեղահանված առաջին ընտանիքներին։ Այստեղ պատրաստ են կացարան տալ բոլոր նրանց, ովքեր իրենց հետագա կյանքը հենց այստեղ են ծրագրում։ Օրեր առաջ ստեղծված աշխատանքային խումբը գույքագրել է առկա բնակֆոնդն ու առաջարկում է հնարավոր տարբերակները։ Մարդիկ ունեն ընտրելու հնարավորություն Կոռնիձոր, Տեղ, Արավուս, Խնածախ, Խոտ համայքներում, Գորիս քաղաքում և ոչ միայն։Այս կացարանների վարձակալության գումարը պարտավորվում է պետությունը վճարել։ Մարզպետարանում ընդունում են ընտանիքներին, բնակարաններից բացի նաև ըստ անհրաժեշտության որոշակի վառելիք և ըստ կարիքավորության աստիճանի՝ որոշակի գումար տրամադրում։  

Աղավնոյի բնակիչ Արամ Իսախանյանը այրում է իր տունը։

Օգոստոսի 16, 11։ 40

Զանգում եմ մեր հարևանությամբ ապրող տան բնակիչներին։ Հեռախոսը վերցնում է տիկին Օվսաննայի թոռնիկը, փոխանցում՝ նրան։ 1994թ-ից ֆիզիկայի ուսուցչուհի Օվսաննա Հակոբյանն ապրում էր Աղավնոյում, հիմա Երևանում են։

«Շատ դժվար ժամանակներ ենք ապրում, խորքից է գալիս սխալները, բայց բոլոր դեպքերում, երբ տունը վառվում է, տան տերն ամեն միջոցի դիմում է, որ հրդեհը հանգցնի։ Գյուղը պահելու համար ոչինչ էլ չարվեց։ Եկան ասեցին՝ պետք է դուրս գաք, վտանգավոր է, արդեն անհնար է։ Տներին ձեռք չտաք, հարց է առաջանում իսկ ինչի՞ համար եք այդքան դողում թուրքի տների համար։ Մենք չենք ուզում մեր կառուցած տան դուռը թուրքը բացի։ Ախր, շատ ցավալի է։ Եկել ենք, տեղներս չենք գտնում։ Ժողովուրդը պատրաստ էր ամեն ինչի, բայց պետության կողմից ոչ մի աջակցություն չեղավ։ Զենք էլ չկար ձեռքներս, ոչ մի բան։ Մեր կամքը չէր թուլացել, բայց պետության կողմից թիկունք չկանգնելը կոտրեց մեր մեջքը։  Գյուղում դեռ բնակիչներ կան, բայց դուրս են գալիս։ Ասեցին՝ շատ վտանգավոր է, զոհեր կլինեն։ Թուրքի հետևողականությունից պետք է օրինակ վերցնենք ու նախապատրաստվենք, որ հետո հետ վերցնենք գյուղը։ Իմ երեխեքը չեն հաշտվում, ես չեմ հաշտվում։ Բնակիչներից ոչ մեկն էլ չի հաշտվում այդ մտքի հետ։ Ստեփանակերտից մի երեխա հարցրեց՝ որտեղից եք։ Ասացի՝ Աղավնոյից։ Ասաց՝ գնալո՞ւ եք։ Բա մեր մասին չե՞ք մտածում։ Երեխաներն ավելի հեռատես են»։

Մենք սերմ ենք․ փորձում են թաղել, հակառակն է լինում, աճում ենք

Աղավնոյի դպրոցի վրա գրաֆիտի է գծագրվում։ Kooyrigs և The Monarch project կազմակերպությունների համատեղ աշխատանքն է։ Kooyrigs կազմակերպության ծրագրերի ղեկավար Սոսե Սիմավորյանի խոսքով՝ իրենց Աղավնոյի դիմադրությունն է գյուղ բերել։

Ռիմա Մակարյանը Վանաձորում է ծնվել, 2010-ին տեղափոխվել է Կալիֆոռնիա, որտեղ էլ ստեղծել է The Mօnarch project բարեգործական կազմակերպությունը։ Պատերազմից հետո որոշել է ծրագրերը տեղափոխել Հայաստան։ Սկսել է Լոռու մարզից, հիմա նաև Արցախում են։

Դպրոցի պատին անմոռուկներ են՝ Ցեղասպանության սիմվոլները։ Ձեռքերը՝ միասնության խորհրդանիշ։ Գրելու են՝ «Մենք պարում էինք և կրկին կպարենք»։ Ուշադիր լինելու դեպքում կարելի է նաև սերմեր նկատել։ Աղջիկներն ասում են՝ մենք սերմ ենք․ փորձում են թաղել, հակառակն է լինում, աճում ենք։

Նանե Պետրոսյան

Ցուցադրել ավելի
Back to top button