Այսօրը

Այսօր | Նիկոլա Տեսլա

1856 թ. հուլիսի 10-ի գիշերը՝ մանկաբարձուհին, ով ընդունում էր երեխայի ծնունդը, ամպրոպը վատ նախանշան համարեց և ասաց, որ փոքրիկը խավարի ծնունդ է: Երեխայի մայրը պատասխանեց, որ սխալվում է, նա լույսի որդին է դառնալու:

Այսօր ծնվել է քսաներորդ դարի մեծ գյուտարար Նիկոլա Տեսլան։

Առանց Տեսլայի աշխարհը չէր լինի նույնը։ Տեսլայի շատ գյուտեր այսօր էլ գոյություն ունեն անփոփոխ տեսքով և այդպես էլ օգտագործվում են՝ լույս, փոփոխական հոսանք, էլեկտրական շարժիչ, ռենգենյան ճառագայթ, ռադիոկապ, հեռակառավարման վահանակ, էլեկտրական սուզանավ։ Նիկոլա Տեսլայի անունով կոչում են ընկերություններ, նրա գյուտերը համարում են մեծագույն, նրա գաղտնիքները փորձում են բացահայտել մինչև այսօր։

Նիկոլա Տեսլան ծնվել է Խորվաթիայում։ Հայրը քահանա էր: Ընտանեկան ավանդույթները շարունակելու համար հայրը ցանկանում էր, որ որդին դառնա հոգևորական, բայց  Տեսլային ոչինչ չէր հետաքրքրում՝ բացի  գիտություն։

Տաղանդը ժառանգել է մորից, հենց նրանից էլ սովորել է բազմաթիվ բանաստեղծություններ ու պատմվածքներ, բայց մայրը գրաճանաչ չէր: Նա ամեն ինչ պարզապես մտապահում էր, ապա սովորեցնում զավակներին: Նիկոլան ևս շատ յուրահատուկ հիշողություն ուներ. ամեն ինչ մտապահում էր՝ մեկ անգամ տեսնելով: Սա կոչվում է լուսանկարչական հիշողություն: Փոքր տարիքից, երբ նա որևէ բան էր հորինում, նրա ուղեղում  այդ ամենի ամբողջ մեխանիզմն էր նկարվում, այնուհետև  մեկ առ մեկ հավաքում էր այդ մեխանիզմը:

«Իմ ուղեղն ընդամենը ընդունիչ է։ Տիեզերքի խորքերից այն ընդունում է գիտելիք, ուժ և ոգեշնչում։ Ես դեռևս չեմ կարողացել խորասուզվել Տիեզերքի այս նվիրական էության մեջ, բայց գիտեմ, որ այն գոյություն ունի»։

Սովորել է Ավստրիայում, այնուհետև մեկնել է Ֆրանսիա աշխատելու: Այնտեղ գործարաններից մեկում ճարտարագետ է աշխատել և նորոգել է էլեկտրական սարքավորումները: Շուտով Ֆրանսիայից մեկնել է Ամերիկա։ Ամերիկացի գյուտարար Թոմաս Էդիսոնն  ընդունել է Տեսլային և աշխատանք տվել: Տեսլային առաջարկել է իր ստեղծած մշտական հոսանքի գեներատորների նոր սերունդ նախագծել: Տեսլան համաձայնել է: Նա տեսել է, որ այդ շարժիչները և գեներատորները պիտանի չեն, հաճախ փչանում են և որոշել է դրանք վերածել պիտանի սարքավորումների: Էդիսոնն այդ գործի լավ կատարման համար նրան խոստացել է 50 000 դոլար: Երբ Տեսլան ամեն ինչ լավ կատարել է և պահանջել վարձատրությունը, Էդիոսոնը պատասխանել է, որ դրամի հետ կապված կատակել է, և Տեսլան չի հասկանում ամերիկյան հումոր։

Տեսլան հեռացել է նրա ընկերությունից և, որպեսզի մի փոքր գումար աշխատի, Ամերիկայում փոսեր փորելով է զբաղվել: Այդ ամենից հետո Տեսլան և Էդիսոնը ավելի են հակադրվում իրար: Տեսլան պնդում է, որ Էդիսոնի կառուցած մշտական հոսանքի կայանները մեծ օգուտ չեն տալիս ժողովրդին։ Նա դրա փոխարեն առաջարկել է փոփոխական հոսանքը, որը վայրկյանում 50-60 անգամ փոխում էր իր ուղղությունը, և լարերն էլ ազատ դիմանում են փոփոխական հոսանքին: Նրա նախագիծը հաղթել է, և ի վերջո մշտական հոսանքը փոխարինվել է փոփոխական հոսանքով:

Ոչ բոլորին է անհրաժեշտ օրական ութ ժամ քնել առույգ լինելու համար: Տեսլան միշտ ասում էր, որ նա օրվա մեջ 22 ժամ արթուն է մնում և միայն 2 ժամ է քնում: Մի անգամ գիտնականն այնքան էր խորացել լաբորատորիայում իր ուսումնասիրություններից մեկի մեջ, որ առանց քնի և հանգստի աշխատել է 84 ժամ շարունակ:  

Տեսլան ամեն օր վիսկի էր խմում՝ ասելով, որ այն իր կյանքը կերկարացնի մինչև 150 տարի: Նա այս ոգելից ըմպելիքը կազդուրիչ, երիտասարդությունը պահպանող և կյանքը երկարեցնող էր համարում: Վիսկիից հրաժարվել նա ստիպված եղավ Առաջին աշխարհամարտի ժամանակ, երբ արգելվեց ալկոհոլի օգտագործումը: Տեսլան աստիճանաբար իր սննդակարգից հեռացրեց բոլոր խմիչքները՝ բացի ջրից և կաթից:

Նա տարօրինակ սովորություններ ուներ, ինչպիսիք են ընթրիքը սկսելը միմիայն 20:10 րոպեին կամ աղավնիների մասին հոգ տանելը: Ամեն օր  նրանց կերակրում էր այգում, վիրավոր թռչուններին տուն էր բերում և բուժում նրանց: Մի անգամ նա շուրջ 2000 դոլար է ծախսել, որպեսզի բուժի աղավնու կոտրված թևն ու ոտքը:

Երեքը նրա համար մոգական թիվ է եղել: Հաճախ միևնույն բանը երեք անգամ էր անում: Ճանապարհորդությունների ժամանակ հյուրանոցում միշտ կանգ էր առնում հյուրանոցային այնպիսի սենյակում, որի համարը բաժանվում էր երեքի:

Նա մահացել է 1943 թվականին Նյու Յորքի հյուրանոցներից մեկի 3327-րդ համարում. այն ևս բաժանվում է երեքի:

Ցուցադրել ավելի

Ա Բեկյան

Ես Անահիտն եմ, «Իմ ռադիոյի» ղեկավարը, որն անսահման կարոտում է առավոտյան իր ուղիղ եթերները։ Ես մարդ եմ, որն ապրում է ռադիոյում ու ռադիոյով։ Աշխարհում ոչ մի բանի հետ չեմ փոխի նոր հաղորդում մտածելու, ստեղծելու ու կյանքի կոչելու պրոցեսը։ Պաշտում եմ նաև իմանալ ռադիոլսողների արձագանքը մեր փոդքասթների ու երիտասարդ ալիքի մասին։ Այնպես որ շատ գրեք մեզ։
Back to top button