Այսօրը

Այսօր | Չափազանց կատարյալ արտիստը. Թոմ Հենքս

Պատկերացրու գնում ես Նյու Յորք։ Դու  օդում  ես, իսկ քո երկրում տեղի է ունենում պետական հեղաշրջում։ Արդյունքում չես կարողանում վերադառնալ հայրենի երկիր, իսկ այն երկիրը, որտեղ գտնվում ես չի ընդունում Ձեզ։ Ի՞նչ կանեիր դու։

Չէ, սա իրական պատմություն չէ, այլ Սթիվեն Սփիլբերգի «Տերմինալ» ֆիլմի սյուժեն, որտեղ գլխավոր դերը վստահված էր  հոլիվուդյան կինոաստղ Թոմ Հենքսին։

Այսօր դերասանի ծննդյան օրն է։

Հենքսը ծնվել է Կալիֆորնիա նահանգի Կոնկորդ քաղաքում։

Նրա հայրը շեֆ-խոհարար էր, մայրը՝ նույն ռեստորանում մատուցողուհի։ Երբ Թոմը 5 տարեկան էր, ծնողերը բաժանվեցին, և նա սկսեց ապրել 2 եղբայրների և հոր հետ։

Թոմը ցանկանում էր տիեզերագնաց դառնալ, սակայն ինստիտուտ ընդունվելուց հետո կիսատ թողեց ուսումը և միացավ դերասանական մի փոքր խմբի։

Ապագա դերասանի մասին կինոաշխարհը սկսեց խոսել Պեննի Մարշալի «Մեծը» կինոկատակերգությունից հետո։ 

Ֆիլմի հերոսը տասներեքամյա Ջոշուա Բասկին էր, ով տառապում էր դեռահասային բարդույթներից և երազում էր շուտ մեծանալ։ Երազանքը կատարվեց, երբ տղան իր ցանկությունը հայտնեց փողոցում դրված խաղային ավտոմատին։ Դա  սարք էր, որ կատարում էր բոլորի երազանքները։ Հաջորդ օրը Ջոշուան արթնացավ, որպես երեսուն տարեկան տղամարդ։

Այս դերի համար Հենքսն առաջադրվեց Օսկարի` լավագույն դերասան անվանակարգում։ Սակայն Թոմ Հենքսը բաղձալի արձանիկը ստացավ «Ֆիլադելֆիա»  ֆիլմում` Ջեֆրիին մարմնավորելու համար։ Այն  դարձավ Հոլիվուդի երկրորդ ամենաբարձր բյուջե ունեցող ֆիլմը: 

Կինոսյուժեի հիմքում իրական պատմություն էր: Սկզբում ոչ ոք դա չէր խոստովանում, մինչև այն պահը, երբ Ջեֆրի ընտանիքը դատի տվեց ֆիլմի ստեղծողներին։ Նրանք պնդում էին, որ վերջիններս  առանց թույլտվության օգտագործել են իրենց որդու  կյանքի պատմությունը: Սակայն դատական պրոցեսները որևէ արդյունք չտվեցին: Որոշ ժամանակ անց ֆիլմի հեղինակները խոստովանեցին, որ սցենարը իսկապես  հիմնված էր հենց այդ տղայի կյանքի իրադարձությունների վրա։ Դերի համար Թոմ Հենքսը ստիպված եղավ կտրուկ փոխել ոճը և նիհարել 12 կգով:  Նա ստացավ իր առաջին Օսկարը` տղամարդու լավագույն դերի համար։

90֊ականներին մեծ էկրան բարձրացավ ամերիկյան ամենահայտնի ֆիլմերից մեկը` «Ֆորեսթ Գամփը»,  որը  միանգամից 6 Օսկարի արժանացավ։ Իսկ տղամարդու լավագույն դերակատարման համար նախատեսված տիտղոսը կրկին Թոմ Հենքսին բաժին հասավ։ 

Ֆիլմը նկարահանվել է Ուինսթոն Գրումի «Ֆորեսթ Գամփ» վեպի հիման վրա։ Բնօրինակում գլխավոր հերոսը անտանելի ցինիկ է, իսկ Հենքսի անձնավորած  Ֆորեսթը ավելի զուսպ, ինքնամփոփ և մեկուսի։ «Կյանքը կոնֆետի տուփի նման է» ֆիլմից մեջբերումը լիովին հակադարձում էր վեպում արտահայտված հետևյալ մտքին՝ «Ապուշ լինելը կոնֆետի տուփ չէ»։

Քչերը գիտեն, որ նկարահանումների ժամանակ դերասանին հաճախ փոխարինում էր եղբայրը`  Ջիմ Հենքսը։ Սա հերթական  ֆիլմն էր Հենքսի մասնակցությամբ, որի մասին կինոքննադատները հիացմունքով խոսեցին։

Դերասանի գրեթե բոլոր կերպարներն ունեն պարզ մարդկային բնավորություն։ Խոսում են կյանքի փիլիսոփայության, չհանձնվելու, պայքարելու և պարզապես ապրելու մասին։

20-րդ դարի ամենադրամատիկ «Կանաչ մղոն» ֆիլմում  Հենքսն  անձնավորեց   բանտապետի, ով հսկում էր ցմահ դատապարտվածներին և ուղեկցում նրանց` մինչ էլեկտրական աթոռը։ Այստեղ Հենքսին տեսնում ենք այլ տեսանկյունից` բացահայտվում են դերասանի տաղանդի նոր շերտեր, որոնք մինչ այդ անհայտ էին  հանդիսատեսին։  Շատերը  փաստում են, որ ֆիլմից հետո սկսեցին վերաարժևորել  իրենց կյանքը։ 

Թոմ Հենքսը հոլիվուդյան այն արտիստներից է, ում  մասին դժվար է որևէ տհաճ դեպք հիշել։

Հաղորդավար Ջիմմի Քիմելը Հենքսի հետ հարցազրույցի ժամանակ ասում է, որ նա «չափազանց կատարյալ» է և երբեք սկանդալային իրավիճակներում չի հայտնվում: Հենց այդ պատճառով նա հաղորդման ժամանակ դերասանին  առաջարկեց գողություն անել մոտակա հուշանվերների խանութից: Դերասանը համաձայնեց։

Նա խանութից  վերցրեց  իր նկարով ստվարաթղթե պատկերը, մի քանի «Օսկար» արձանիկներ և դուրս վազեց խանութից՝ գոռալով. «Ես Թոմ Հենքսն եմ և վերցնում եմ այս արձանիկները»։

Սա միակ սկանդալն է դերասանի մասնակցությամբ։

Թոմ Հենքսը վերջին տարիներին սկսել է նաև գրել։

Արտիստի պատմվածքները շարադրված են վինտաժային գրամեքենաներով: Նա ունի 50-ից ավել  գրամեքենա, որոնք  վերջին տարիներին գրեթե միշտ իր հետ են, անգամ նկարահանումների ժամանակ։ 

Շատերի կարծիքով Հենքսի պատմվածքներն այնքան տպավորիչ են, որ կարդալուց թվում է թե հերթական ֆիլմն են դիտում։

Պատմվածքներից որոշները ձեզ կստիպեն լիաթոք ծիծաղել, որոշներն էլ լացելու աստիճան հուզվել։ Սրանք պատմություններ են, որոնք գրված են սիրով և մեծ ջերմությամբ։

Արմինե Դանիելյան

Ցուցադրել ավելի

Ա Բեկյան

Ես Անահիտն եմ, «Իմ ռադիոյի» ղեկավարը, որն անսահման կարոտում է առավոտյան իր ուղիղ եթերները։ Ես մարդ եմ, որն ապրում է ռադիոյում ու ռադիոյով։ Աշխարհում ոչ մի բանի հետ չեմ փոխի նոր հաղորդում մտածելու, ստեղծելու ու կյանքի կոչելու պրոցեսը։ Պաշտում եմ նաև իմանալ ռադիոլսողների արձագանքը մեր փոդքասթների ու երիտասարդ ալիքի մասին։ Այնպես որ շատ գրեք մեզ։Թատրոն կարանտին, Ռադիոզրույց, 2 Տանդեմ
Back to top button