Այսօրը

Այսօր | Մհեր Մկրտչյան

Մեծանուն գյումրեցին բոլորիս հայտնի դարձավ իր կերտած ինքնատիպ դերերով, տարբերվող արտաքինով և խարիզմայով։

Այսօր հայ կինոյի և թատրոնի մեծ վարպետ Մհեր Մկրտչյանի՝ Ֆրունզիկի ծննդյան օրն է։

Ծնվել է  1930 թվականին Գյումրիում։ Բոլորի կողմից սիրված ու բոլորին ուրախացնող դերասանին անվանում էին «ուրախ-տխուր մարդ»։  Նա գրեթե միշտ խաղում էր կատակերգական ֆիլմերում, սակայն երազում էր դրամատիկական դերերի մասին։  

Նրա կյանքը տխուր և դրամատիկ էր։  Ուրախ-տխուր մարդուն կյանքը փոքր տարիքից հարվածներ է հասցրել։ Նա իրեն միշտ զգում էր միայնակ, քանի որ ծնողներն աշխատում էին, իսկ քույրն ու եղբայրը փոքր էին, և Ֆրունզիկը չէր կարողանում նրանց հետ շփվել։ Պատուհանից նայում էր իր հասակակիցներին, սակայն չէր իջնում բակ նրանց հետ խաղալու, նրան շատ էի ծաղրում արտաքին տեսքի պատճառով։

Մանկության երազանքը, որն այդպես էլ չիրականացավ, հեծանիվ ունենալն էր։ Փոքր հասակում երազում էր փայլուն հեծանիվ ունենալ, անգամ ժամերով կանգնում էր ցուցափեղկի առաջ և նայում։ Վերջապես տանեցիները խոստացան, որ կգնեն հեծանիվը։ Ամբողջ ընտանիքը՝ մոր՝ Սանամի գլխավորությամբ շարժվեց խանութ։ Նրա հետևից քայլում էր փոքրիկ Ֆրունզիկը, ով գումարը հանում և սեղմում է ափի մեջ, քանի որ այդպես երազանքը ավելի մոտ էր թվում։ Եվ հանկարծ ինչ որ մի տեղ, շատ մոտիկ լսվում է․ «Խոսում է Մոսկվան, խոսում է Մոսկվան․․․»։  Ֆրունզիկը հիշում է, որ երկար ժամանակ կանգնած էր ցուցափեղկից մոտ, ուր փայլում էր հեծանիվը, իսկ դռան վրա կողպեքն էր և գրություն՝ փակ է պատերազմի պատճառով։

Չորսուկես տարի նրա երազանքը մնաց փակ դռան ետևում։  Տարիներ հետո Մհեր Մկրտչյանը գործուղումներից վերադառնալով որդու համար հեծանիվներ էր բերում, սակայն մեկ-երկու րոպե քշելով՝ տղան գնում էր «կռիվ-կռիվ» խաղալու։ Մի կողմում մնում էին հեծանիվներն ու Ֆրունզիկը։ Մի անգամ էլ նա հանկարծ սկսում է քշել հեծանիվը հենց սենյակում՝ վրեժ լուծելով իր մանկությունից։ Սակայն հասկանում է մի պարզ բան․ մարդ ամեն ինչ պետք է ստանա ժամանակին՝ և՛ օրորոցայինը, և՛ առաջին հեծանիվը:

Մհեր Մկրտչյանը շատերին հայտնի է որպես Ֆրունզիկ։ Ըստ նրա եղբայր Ալբերտ Մկրտչյանի՝ ծնողներն իրենց առաջնեկին Ֆրունզիկ են անվանել խորհրդային ռազմական գործիչ Միխայիլ Ֆրունզեի պատվին։ Երեսնական թվականներին հայերին մեղադրում էին ազգայնականության մեջ, և նրանք սկսեցին երեխաներին տարօրինակ անուններ տալ։ Իսկ երբ տարիներ անց Սունդուկյանի անվան թատրոնը, որտեղ աշխատում էր Ֆրունզիկը, Լիբանանում հյուրախաղերի էր մեկնել, տեղացիները նրան Մհեր էին անվանում, որը թարգմանաբար արև է նշանակում։ Ասում են, թե նա որոշ ժամանակ անգամ ունեցել է երկու անձնագիր, որոնք հետո կորցրել է և ապրել առանց անձնագրի։

Դերասանին լավ ճանաչող մարդիկ պնդում են, որ նա լավատես էր, շրջապատի սիրտն ու ոգին, սրտակեր, միաժամանակ՝ անսահման տխուր և հոգնած, անձնական խորը ողբերգություն ապրած մի անձնավորություն։  Նրան ճանաչում, սիրում և գնահատում էին բոլորը։ Ամենուր մոտենում էին, բարևում, ջերմ խոսքեր ասում։ Դերասանը կատակում էր, թե շուտով իրեն ո՛չ փասթաթղթեր պետք կգան, ո՛չ գումար, առանց այդ էլ բոլորն իրեն ճանաչում են։

Մհերը դեռ մանկուց երազում էր դերասան դառնալու մասին։ Տասնհինգ տարեկանում արդեն սկսեց հանդես գալ որպես դերասան, այցելում էր դերասանական խմբակներ, այնուհետև հանդես գալիս Մռավյանի անվան թատրոնում։ Այստեղ նա խաղացել է տասնյակից ավելի դերեր՝ ցուցաբերելով իր տարիքին անհամապատասխան վարպետություն։ Այնուհետև տեղափոխվել է Սունդուկյանի անվան թատրոն և միաժամանակ սովորել Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում։ 1959 թվականին ռեժիսոր Համասի Մարտիրոսյանը նրան հրավիրեց նկարահանվելու «01-99» կարճամետրաժ ֆիլմում, որտեղ Մհերի կերտած կերպարը դարձավ կինոարվեստում նրա գրանցած հաջողությունների սկիզբը։

Նա ոչ միայն սիրվեց Հայստանում և Խորհրային միությունում, այլ նաև հայերնիքի սահմաններից դուրս։ Հնդկական երկու՝ «Ալի Բաբան և 40 ավազակները», «Մուստաֆա» ֆիմերում ստանձնած դերերը հանրահռչակ դերասան Մհեր Մկրտչյանին անմահացրել են նաև  հնդիկ հանդիսատեսի հիշողության մեջ։

Նրա կերտած դերերը շատ ընդհանրություններ ունեն իր կյանքի հետ։ «Մեր մանկության տանգոն» կարելի է ասել, որ նրա ինքնակենսագրականն է։ Այն գրել և նկարահանել է նրա եղբայրը՝ Ալբերտ Մկրտչյանը։ Իրադարձությունները տեղի են ունենում նրա հայրենի քաղաք Գյումրիում։ Ֆիլմի սյուժեն պատմում է հոր և որդու միջև կոնֆլիկտը՝ կապված որդու դերասան դառնալու որոշման հետ։ Այս խնդիրը կար նաև  Ֆրունզիկի իրական կյանքում։ Ինչպես Մկրտչյանի, այնպես էլ ֆիլմում կրկնօրինակած նրա կերմարի հայրը ֆիլմի վերջում ձերբակալվում և ուղարկվում է աշխատաքային ճամբար։ Իր կերտած դերերի համար Մհեր Մկրտչյանն արժանացել է մի շարք պետական և ժողովրդական մրցանակների, շքանշանների։ Նա ոչ միայն նկարահանվում էր ֆիլմերում, այլև մուլտֆիլմեր էր հնչյունավորում, որոնցից են «Գտնված երազ» և «Ոչինչ» մուլտֆիլմերը։
Ֆրուզիկին սիրում էին բոլորը, սակայն անձնական երջանկության համար նրան պետք էր միայն մեկի սերը, որն այդպես էլ չգտավ։  Նրա անձնական կյանքը ողբերգական ընթացք ունեցավ։ Դերասանի առաջին և ամենամեծ սերը՝ Ջուլիան նրան երջանկություն բերեց։ Սակայն Ջուլիայի եղբայրները կտրականպես դեմ էին նրանց միությանն ու քրոջն ամուսնացրին ուրիշի հետ։ Մոտ մեկ տարի ծանր հոգեվիճակում գտնվելուց հետո նա հանդիպեց Դոնարային, ով կարողացավ նրան շեղել իր ցավերից։ Նրանք ունեցան երկու երեխա։Սակայն շուտով պարզվեց, որ Դոնարան ունի ծանր հոգեկան հիվանդություն, որը ժառանգաբար փոխանցվեց նաև նրանց որդուն։ Դոնարային տեղափոխեցին հոգեբուժարան, իսկ աղջիկը ամուսնավցավ Արգենտինայում։ 57 տարեկանում Ֆրունզիկը ամուսնացավ Թամարա Հովհաննիսյանի հետ։ Թվում էր, թե Ֆրուզիկը գտել է իր ընտանեկան ջերմությունն ու հանգստությունը։ Սակայն կյանքը ևս մեկ սարսափելի անակնկալ էր պատրաստել ․Սպիտակի երկրաշարժի հետևանքով փլվեց Գյումրու նրա տունը, իսկ օրեր անց էլ իմացավ, որ Արգենտինայում ավտովթարից մահացել է աղջիկը։ Դերասանը չկարողացավ հաղթահարել այս հարվածը։ Կյանքի վերջին տարիներին Ֆրունզիկ Մկրտչյանը դուրս չի գալիս ծանր դեպրեսիայից։  Խնդիրները հաղթահարել չի կարողանում օգնել անգամ կինը, և նրանք ամուսնալուծվում են։

Հենց այս դժվար տարիներին էլ նա ռեժիսոր Գեորգի Դանելիայի հրավերով «Միմինո» ֆիլմում մարմնավորում է գլխավոր հերոսին։ Մոսֆիլմի նկարահանած ֆիլմը նրան մեծ ճանաչում և փառք է բերում։ Բոլորին ուրախոացնող դերասանի ողբերգությունը, սակայն, մարդիկ չէին նկատում։

1993 թվականի աշնանը Ֆրունզիկ Մկրտչյանը վերջին  անգամ բեմ բարձրացավ՝ արդեն իր սեփական թատրոնում։ Նա խաղաց իր բեմադրած «Հացթուխի կինը», որտեղ մարմնավորում էր հացթուխին և խաղում իր կյանքի ամենաիրական դերը։ Դերասանը բեմում գոռում էր, լալիս․ այդպես նա արտահայտում էր կուտակած ցավը։

Նույն թվականի դեկտեմբերին Ֆրունզիկը որդուն տարավ Ֆրանսիա՝ բուժելու հույսով, սակայն պարզվեց, որ որդին անբուժելի հիվանդ է։ Դա մեծ հային վերջնականապես ծնկի բերեց, նա ուզում էր միայն մահանալ։ Մահվանից ժամեր առաջ նա եղբորը խնդրել է նկարահանել ֆիլմ, որտեղ բոլորը խելագար են, բայց իրեն են փորձում համոզել, թե խելագար է։ Նույն օրը երեկոյան Ֆրունզիկ Մկրտչյանը հեռացավ կյանքից։

Նա մահացավ, սակայն Գասպարը, Դմբուզ Արսենը, Նիկոլը, Ռուբենը, Գրիգոր աղան և նրա կերտած մնացած բոլոր ինքնատիպ դերերը անմահացան հայ կինոյի և թատրոնի պատմության մեջ։

Ցուցադրել ավելի
Back to top button