Այսօրը

Այսօր | Բոլոր ժամանակների կնոջ իդեալը՝ Լեդի Դին

Լեդի Դին կամ Լեդի Դիանա Ֆրենսիս Սփենսերը ծնվել է 1961 թվականի հուլիսի 1-ին Նորֆոլկի Սանդրինգհեմ քաղաքում։

Դիանան մանկությունն անցկացրել է Սանդրինգհեմում, որտեղ ստացել է նախնական տնային կրթություն։ Հետագայում սովորել է մասնավոր դպրոցում, իսկ ավելի ուշ՝ նախապատրաստական ​​դպրոցում, այնուհետև ընդունվել է արտոնյալ աղջիկների դպրոց, սակայն չկարողացավ ավարտել այն: Միևնույն ժամանակ, նա ուներ երաժշտական ​​և պարային ունակություններ։

Դիանան որոշ ժամանակ դպրոց հաճախել է Շվեյցարիայի Ռուժմոն քաղաքում։

Հենց այդ ժամանակ նա առաջին անգամ հանդիպել է իր ապագա ամուսնուն՝ արքայազն Չարլզին։

18ամյակին նվեր է ստացել 100000 ֆունտ արժողությամբ բնակարանը, որտեղ ապրել է  ընկերների հետ: Այս ժամանակ Դիանան սկսել է աշխատել որպես ուսուցչի օգնական, այնուհետև՝ դայակ։

1981 թվականի հուլիսի 29-ին տեղի ունեցավ Դիանայի և Չարլզի հարսանիքը։ Նա արքայազն Չարլզին մինչ ամուսնությունը հանդիպել էր մի քանի անգամ: Արարողությունը բնութագրվեց որպես «հարսանիք հեքիաթից» և  հեռարձակվեց հեռուստատեսությամբ։ Հեռարձակման համաշխարհային լսարանը կազմում էր 750 հազար հեռուստադիտող, մինչդեռ 600 հազար դիտորդ հավաքվեց փողոցներում ՝տեսնելու հարսանիքի երթը դեպի արարողության վայրը։

Դիանայի հարսանեկան զգեստն արժեր 9 հազար ֆունտ, իսկ զգեստի երկարությունը մոտ 8 մետր էր։

Ամուսնական կյանքի սկզբնական շրջանում Դիանայի զգեստապահարանը բավականին հասարակ էր, սակայն, անկախ դրանից աշխարհի տարբեր ծայրերում բնակվող կանայք սկսեցին ընդօրինակել նրան։ Այդ ժամանակ նա օգնության կանչեց անգլիացի հայտնի դիզայներներների և կարճ ժամանակ անց վերածվեց նորաձև գերաստղի:

Դիանան երազում էր իսկական, երջանիկ ընտանիքի մասին։ Նա իսկապես սիրահարված էր արքայազնին։Նրանք 2 որդի ունեցան, բայց ամուսնությունը հաջող ու երջանիկ չէր։ Չարլզը դեռ սիրում էր իր նախկին կողակցին՝ Կամիլային։ Դիանան երիտասարդության ու անփորձության պատճառով միշտ չէ, որ խելամիտ է իրեն պահել։ Նա լաց է եղել, սպառնացել, համոզել, փորձել գայթակղել Չարլզին, անգամ կտրել է երակները, վնասել կրծքավանդակը, ստամոքսը:

Փորձելով բոլոր հնարավոր տարբերակները՝  երիտասարդ կինը օգնություն է խնդրում սկեսուրից։ Վերջինս հայտարարեց, որ ոչինչ անել հնարավոր չէ, Չարլզին չի կարելի ուղղել։

Եվ Դիանան, հասկանալով, որ իդեալական ընտանիքի մասին իր երազանքները երբեք չեն իրականանա, սիրավեպ է սկսում իր ձիավարության հրահանգչի՝ Ջեյմս Հյուիթի հետ։ Այս հարաբերությունը նրան ինքնավստահություն տվեց, այն աստիճանաբար դադարեց թագավորական արքունիքի համար գաղտնիք լինելուց։ Երբ նրանց հարաբերություններն ավարտվեցին, Դիանան Ջեյմսին ասաց, որ պարզապես սփոփանք էր փնտրում կողքին։ Հյուիթը երկար ժամանակ դեպրեսիայի մեջ էր։

Չարլզն ու Դիանան ամուսնալուծվեցին 18 տարի անց՝ թագուհու պնդմամբ, քանի որ նա այլևս չէր կարողանում դիմանալ սկանդալներին և դավաճանություններին։

Պահպանելով Ուելսի արքայադստեր տիտղոսը՝  Դիանան սկսեց զրոյից։ Հասարակական կյանք, բարեգործություն, տարբեր հիմնադրամների աջակցություն, քաղցկեղի, ՁԻԱՀ-ի դեմ պայքար, հանդիպումներ քաղաքական գործիչների, հասարակ մարդկանց,  Հռոմի պապի և Մայր Թերեզայի հետ։ Ամբողջ աշխարհը խոսում էր Լեդի Դիի մասին: Նրան պաշտում էին, ուզում էին նմանվել, մարդկանց համար երազանք էր նրան մեկ անգամ տեսնելը, դիպչելը:

Նրա մեկ լուսանկարն ունենալու համար ամսագրերը պապարացիներին պատրաստ էին հազարավոր դոլարներ վճարել: Սա Դիանայի կյանքը վերածեց դժոխքի. լուսանկարիչներն ամենուր էին: Նա չուներ ոչ մի վայրկյան մենակ լինելու հնարավորություն:

Իրականությունից փախչելու համար Դիանան սիրավեպ սկսեց պակիստանցի բժիշկ Հասանաթ Խանի հետ։ Զույգը փորձեց գաղտնի պահել իրենց հարաբերությունները, թեև նրանց անընդհատ միասին էին տեսնում։ Նրանք մեկ տարի անց բաժանվեցին։

Մի քանի ամիս անց նա սկսեց հանդիպել միլիարդատեր կինոպրոդյուսեր Դոդի ալ Ֆայեդի հետ: Նրանք նախկինում ծանոթ էին, սիրավեպը սկզբում միայն մխիթարություն էր Դիանայի համար, սակայն արքայադուստրն աստիճանաբար սիրահարվեց։

1997 թվականի օգոստոսի վերջին Դոդին և Դիանան զբոսանավով ճանապարհորդեցին Իտալիայի ափ։  Օգոստոսի 30-ին զույգը Փարիզում էր։

Հաջորդ օրը՝ օգոստոսի 31-ին, մեքենան, որով ճանապարհորդում էր արքայադուստր Դիանան, առեղծվածային հանգամանքներում բախվեց Ալմա կամրջի տակ գտնվող թունելի սյանը։ Դոդին և մեքենայի վարորդը մահացան տեղում, Դիանան՝ մի քանի ժամ անց։ Ավտոմեքենայի միակ ողջ մնացած ուղեւորը թիկնապահն էր, ով կազդուրվելուց հետո ասել է, որ ոչինչ չի հիշում։

Վթարի պատճառը մինչ այսօր էլ ամբողջությամբ պարզ չէ։

Արքայադստեր սեղանապետը  զանգահարել է Դիանայի դիզայներներից մեկին, խնդրել նրան կարել վերջին զգեստը, որով էլ նրան հուղարկավորել են: Հետագայում դիզայներն  ասել է, որ դա իր կյանքի ամենատխուր պահն էր:

Դիանայի մահը մեծ ցնցեց ամբողջ աշխարհը։

Արքայադուստր Դիանայի մարմինը հուղարկավորվել  է Սփենսերների ընտանեկան գերեզմանատանը՝ մի առանձին լճի կենտրոնում գտնվող կղզում, որտեղ ոչ մի կենդանի շունչ չկա։

Հոգեհանգստի և թաղման արարողություններին ուղիղ հեռարձակմամբ ողջ աշխարհում հետևել են միլիարդավոր մարդիկ։ Դիանայի գերեզմանաքարի վրայի ծաղիկների բարձրությունը հասել էր  մեկ ու կես մետրի։ Մարդիկ իրենց լուռ էին պահում, համբերատար հերթ կանգնում, որպեսզի գրառում կատարեն ցավակցությունների գրքում և թողնեն իրենց նվերները։

Այսպիսով ավարտվեց արքայադստեր փայլուն կյանքը: Դիանան հիմա էլ շարունակում է մնալ կնոջ իդեալ, որին հետևում և ոգեշնչվում են մարդիկ ամբողջ աշխարհից:  

Ցուցադրել ավելի
Back to top button