Այսօրը

Այսօր | Մայք Թայսոն

Այսօր բռնցքամարտի սիրահարների համար տոն է: Ամենադժվար մանկություն ունեցած, խիստ ու դաժան մարտիկը` Մայք Թայսոնը, նշում է իր ծննդյան տարեդարձը: Նրանով հիացել են միլիոնավոր, եթե ոչ միլիարդավոր մարդիկ: Նրա մենամարտերի ներքո մեծացել է մի ամբողջ սերունդ:

Ծնվել է 1966 թվականի հունիսի 30-ին Նյու Յորք քաղաքի Բրուքլին փողոցում։ Նրա ծնողները եղել են Լորնա Սմիթը և Ջիմի Կիրկպատրիկը։ Սակայն նա իր ազգանունը ստացել է մոր առաջին ամուսնուց։ Թայսոնի իսկական հայրը մինչև Մայքի ծնվելը թողել է իր ընտանիքը։ 

Թայսոնը ունեցել է նուրբ բնավորություն և չի կարողացել պաշտպանել իրեն։ Մեծ եղբայր Ռոդնին, հարևան երեխաները և դասընկերները մշտապես ծաղրել են նրան։ Մի անգամ փողոցային ավազակախմբի անդամներից մեկը Թայսոնից խլել է սիրելի աղավնուն և պոկել նրա գլուխը։ Զայրացած Մայքը հարձակվել է իրեն վիրավորողի վրա և դաժանորեն ծեծել է նրան։ Դրանից հետո ավազակախմբի ներկայացուցիչները սկսել են հարգանքով վերաբերվել Թայսոնին։ Նրանք Մայքին ներքաշել են իրենց խմբի մեջ և սովորեցրել գողություն անել, խանութներ թալանել։ Այս պահվածքի պատճառով հայտնվել է մանկական գաղութներում։ Հենց այդ ժամանակ էլ  ծանոթացել է Մուհամմեդ Ալիի հետ, որը բանտ էր գնացել վատ պահվածք ունեցող դեռահասների հետ խոսելու։ Ալիի հետ հանդիպումից հետո Թայսոնը առաջին անգամ սկսել է մտածել բռնցքամարտի կարիերայի մասին։ 

Թայսոնի դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչը եղել է նախկին բռնցքամարտիկ Բոբի Սթյուարտը։ Մի անգամ, մենախցում հայտնվելով, Թայսոնը հայտարարել է, որ ուզում է բռնցքամարտիկ դառնալ։ Սթյուարտը համաձայնել է պարապել Թայսոնի հետ՝ կարգապահությունը չխախտելու պայմանով, և ինչքան լավ նա կսովորեր դպրոցում, այնքան շատ Սթյուարտը կմարզեր նրան։ Բոլորը Մայքին համարում էին ոչ այնքան ընդունակ, բայց նա կարողացավ նկատելիորեն բարձրացնել առաջադիմությունը։ 13 տարեկանում նա կարողացել է պառկած դիրքում բարձրացնել 100 կիլոգրամ քաշով ծանրաձողը։ Որոշ ժամանակ անց Սթյուարտը հասկացել է, որ իր աշակերտնը արդեն գերազանցում է իրեն և Թայսոնին ծանոթացրել է լեգենդար մարզիչ Կաս Դ’Ամատոյի հետ։  

36 տարի առաջ Մայք Թայսոնը դարձավ պատմության մեջ ծանր քաշային կարգում աշխարհի ամենաերիտասարդ չեմպիոնը։ Ռինգում 20 տարվա ընթացքում Թայսոնը անցկացրել է 58 մենամարտ, որից 50-ը ավարտվել է հաղթանակով։ Նա դարձել է աշխարհի բացարձակ չեմպիոն, տարբեր տարիներին ունեցել է գոտիներ՝ ըստ Բռնցքամարտի համաշխարհային խորհրդի, համաշխարհային ասոցիացիայի և բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի վարկածների։

1988 թվականը բեկումնային եղավ Թայսոնի համար։ Նա սկսեց չպարապել և չարաշահել ալկոհոլը։ Դրա հետևանքը եղավ 1990 թվականի փետրվարի 11-ին Ճապոնիայում նրա կրած պարտությունը «Բաստեր» Դուգլասից։

«Ես միշտ կասեմ, որ դա եղել է իմ լավագույն մարտը։ Ես միշտ այն կդնեմ առաջին տեղում։ Դա տարօրինակ է, բայց Կաս Դ’Ամատոն միշտ ասում էր ինձ. «Դու պետք է հաղթես բոլորին։ Դու ի վիճակի ես անել դա։ Սակայն ի՞նչ կկատարվի, եթե հաղթեն քեզ։ Դու կկարողանա՞ս խելքի գալ դրանից հետո։» Այս մարտը ապացուցեց, որ ես կարող եմ:» 

Անցյալ դարի 90-ականներին  չեմպիոնի կարիերան սկսեց անկում ապրել։ 2006 թվականին Թայսոնը ծրագրեց հրաժեշտի համաշխարհային շրջագայություն, բայց կարողացավ միայն մեկ մենամարտ անցկացնել քիչ հայտնի բռնցքամարտիկ Քորի Սանդերսի դեմ և հաղթեց։ Այսպիսով՝ ավարտվեց լեգենդար բռնցքամարտիկի կարիերան։

Մայք Թայսոնի ձեռքի հարվածի ուժգնությունը տատանվում է 800կգ-ից մինչև 1150կգ-ի սահմաններում, նույնիսկ մի առիթով Թայսոնն ասել է, որ իր կյանքում ամենաուժեղ հարվածը հասցրել է կնոջը՝ Ռոբինին, որից հետո նա թռել է միջանցքի միջով 8 մետր և հարվածել պատին։ Նշանավոր բռնցքամարտիկ Լարի Հոլմսը Թայսոնի դեմ մենամարտից հետո ասել է, որ երբ Թայսոնը հարվածում էր իրեն, թվում էր, թե արագընթաց ֆերարին վրաերթի է ենթարկում։

Թայսոնի հիմնական զբաղմունքներից մեկը աղավնիների բուծումն է: Այսօր նրա աղավնատանը ապրում է ավելի քան 2000 թռչուն:

Բռնցքամարտիկն այժմ վեգան է: Նա հիմնականում սպանախ ու նեխուր է ուտում: Հետաքրքիր է, որ նման սննդակարգի շնորհիվ նա երկու տարվա ընթացքում կարողացավ կորցնել գրեթե 60 կգ:

Ռինգում հարվածի ուժի և ագրեսիվ պահվածքի համար ժամանակին ստացել է «մարդասպան բռնցքամարտիկ» մականունը։ Արագ նոկաուտի վարպետ, ում ռեկորդներից շատերը մինչ այժմ չեն գերազանցվել։

Նա իր կարիերայի ավարտից հետո չի դարձել անցյալի մոռացված մասունք և հպարտորեն կանգնած է բռնցքամարտի լեգենդների  կողքին՝ ի դեմս Մուհամմադ Ալիի և Ջո Ֆրեյզիերի:

Անկախ ամեն ինչից նա մնում է ամենասիրված և իդեալական բռնցքամարտիկի չափանիշ։

Ցուցադրել ավելի
Back to top button