Այսօր | Գաբրիել Սունդուկյան
Նա հեղաշրջեց հայ դրամատուրգիան, ու առաջինն էր, որ պատկերեց քաղաքային կյանքն ու կենցաղը, խորությամբ արծարծեց հասարակության փոխհարաբերությունները, ներկայացրեց տարբեր խավերի՝ առևտրականից մինչև մտավորականի կյանքը։
Հունիսի 29-ը գրող, դրամատուրգ Գաբրիել Սունդուկյանի նրա ծննդյան օրն է:
Ծնվել է 1825 թվականին Թիֆլիսում, որտեղ լավ կրթություն է ստացել, այնուհետև ընդունվել Պետերբուրգի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետի արևելյան բաժինը։ Այդ ժամանակաշրջանում նրա սերն ավելի մեծացավ ռուս գրականության և թատրոնի նկատմամբ: Պետերբուրգի թատրոնները Սունդուկյանի համար դարձան այն դպրոցը, որտեղ ձևավորվեց նրա թատերական ճաշակը։
Սունդուկյանի գրական-թատերական գործնեությունը զուգադիպել է Հարավային Կովկասում կապիտալիզմի սկզբնավորմանը, և այդ շրջանի բարդ ու հակասական սոցիալ-տնտեսական հարաբերությունները արտացոլված են նրա ստեղծագործությունների մեջ։ Դերենիկ Դեմիրճյանի բնութագրմամբ` Սունդուկյանը հայ դրամատուրգիայի Աբովյանն է։ Նա առաջինն է պատկերել հասարակության ցածր խավերին՝ իրենց հոգսերով և ուրախություններով, շեշտել նրանց ազնվությունն ու մարդկայնությունը։ Հետևելով ժամանակի առաջավոր գեղագիտական մտքին՝ նա զարգացրել է ռեալիզմի գաղափարը և բացել նոր ուղիներ հայ դրամատուրգիայի հետագա զարգացման համար։
Սունդուկյանի ստեղծագործական կյանքը սկսում է «Գիշերվա սաբրը խեր է» կատակերգությամբ, որը միանգամից հավանության է արժանանում ընթերցողի կողմից, սակայն դրանից հետո 3 տարի գրողը ոչինչ չի գրում, հետո վերադառնում է «Խաթաբալա» պիեսով: Իր կատակերգություններում նա քննադատում է դրամասիրությունը, ձևամոլությունը և բարձրացնում բարոյական կարևոր հարցեր։
Ստեղծագործական երկրորդ շրջանում Սունդուկյանը կրկին գրում է կատակերգություններ, որոնց մեջ ծիծաղը ներհյուսված է արցունքին։ Դրա լավ օրինակն է «Էլի մեկ զոհ» պիեսը. ըստ էության, հայ առաջին դրաման, որտեղ ներկայացվում են ընտանիքներում եղած ներքին բախումները:
Սունդուկյանի հայ ռեալիստական դրամատուրգիայի ամենանշանակալից ստեղծագործությունը «Պեպո»-ն է, որը էկրանավորվեց է 1935 թվականին: Այն առաջին հայկական հնչյունային ֆիլմն է:
Պիեսը պատկերում է երկու հակադիր սոցիալական խավերի՝ բուրժուազիայի ու ժողովրդական զանգվածների հակադրությունը։ Պիեսում Սունդուկյանը սոցիալական հզոր բողոք է արտահայտում տիրողների արատավոր բարոյականության հանդեպ։
Սունդուկյանի «Պեպո» պիեսի բեմադրությամբ էլ 1921 թվականին, Երևանում բացվեց առաջին պետական թատրոնը. Այն այժմ կոչվում է գրողի անվամբ: