Այսօրը

Այսօր | ԻԼՈՆ ՄԱՍԿ

SpaceX, Tesla եւ SolarCity ընկերությունների հիմնադիր, գործարար եւ նորարար Իլոն Մասկը ծնվել է 1971 թվականի հենց այս օրը՝ հունիսի 28-ին։ Ըստ Ֆորբս ամսագրի 2021 թվականին Մասկը համարվել է աշխարհի ամենահարուստ մարդը․  նրա կարողությունը գնահատվել է շուրջ 189 միլիարդ դոլար։ Իլոն Մասկն  աշխարհի այն բացառիկ մարդկանցից է, ումից կարելի է արդյունավետության դասեր քաղել։ Իր ամբողջ կյանքն ապացուցում է, որ պետք է զբաղվել սիրելի գործով և զարգանալ բոլոր ոլորտներում։

Իլոն Մասկը ծնվել է Հարավաֆրիկյան Հանրապետության Պրետորիա քաղաքում։ Մանկուց սեր է ունեցել ընթերցանության նկատմամբ․ ամեն օր կարդացել է հինգից տասը ժամ։ 10 տարեկանում սկսել է սիրել ծրագրավորումը: Երկու տարի անց  ծնողներին պարտադրել  է համակարգիչ գնել և դրանով ինքնուրույն սովորել է ծրագրավորել և ստեղծել  է համակարգչային մի խաղ՝ Բլաստոր անունով, որը վաճառել  է  500 ԱՄՆ դոլարով:  Մասկը խիստ ճնշման էր ենթարկվում դպրոցում և  անգամ ծեծի պատճառով հիվանդանոց է ընկել։

Դպրոցն ավարտելուց հետո Մասկը որոշում է ԱՄՆ-ում ապրել, սակայն մտածում է, որ ավելի հեշտ է քաղաքացիություն ձեռք բերել՝ նախ լինելով Կանադայի քաղաքացի։

17 տարեկանում ընդունվում է Օնտարիոյի Քուին համալսարան։ Երկու տարի այնտեղ սովորելուց հետո  փոխադրվում է Փենսիլվանիայի համալսարան, որտեղ սովորում է ֆիզիկա, միաժամանակ բիզնեսի աստիճան է ձեռք բերում Վորթոն համալսարանից։ Եվս մեկ տարի անցկացնելով Փենսիլվանիայի համալսարանում՝ ստանանում է տնտեսագետի մասնագիտություն:

24 տարեկանում ընդունվում է Ստենֆորդ համալսարանի կիրառական ֆիզիկայի ֆակուլտետի ասպիրանտուրա, սակայն երկու օրից դուրս է գալիս, որպեսզի զբաղվի համացանցի, վերականգնվող էներգիայի և տիեզերքի ոլորտների գործարարությամբ:

Ուսանողության տարիներին Մասկը ապրել է օրական 1 դոլար ծախսելով․ սնվում էր արագ պատրաստվող ու անորակ ուտելիքներով։ Ուսման վարձը վճարելու համար Մասկն ու ընկերը վարձակալած սենյակը դարձրել էին գիշերային ակումբ․ մուտքը 5 դոլար էր։ 

1995 թվականին, Մասկը և եղբայրը՝ Քիմբալը, 28000 ԱՄՆ դոլարով, որը վերցրել էին իրենց հորից, ստեղծում են առաջին առցանց բիզնեսը՝ Զիփ 2-ը։

1999 թվականին Մասկը, Զիփ 2-ի վաճառքից ստացած գումարից հատկացնելով 10 միլիոն դոլար, համահիմնադրում է մեկ այլ ընկերություն:

2002 թվականին հիմնում է Տիեզերական հետազոտությունների տեխնոլոգիաներով զբաղվող ՍփեյսԷքսը:

Իլոն Մասկի հաջողության գրավականներից մեկն այն է, որ  աշխատում է առավոտից գիշեր, քնում է շատ քիչ, որի պատճառով էլ հաճախ օգտագործում է հաբեր քնելու և հանգստանալու համար։

Մասկի  առաջին կինը  Ջասթին Վիլսոնն էր։ Նրանք ամուսնացել են 2000 թվականին և բաժանվել 2008 թվականին։ Նրանց առաջին որդին մահացել է տասը շաբաթականում։ Հետագայում բեղմնավորման միջոցով ունեցան 5 որդի ` երկվորյակ,  այնուհետև՝ եռյակ։

Բաժանումից 2 տարի անց  Մասկը ամուսնացավ անգլիացի դերասանուհի Թալուլա Ռայլիի հետ. զույգը 2 տարի անց բաժանվեց։

Մասկը «Մասկ հիմնադրամի» նախագահն է, որն իր բարեգործական ջանքերը կենտրոնացնում է աղետի գոտում արևային էներգիայի համակարգերի ապահովման վրա։

Մասկի խոսքով պետք չէ ինչ-որ կասկածելի դասընթացների գնալ: Դա շատ վատ միտք է: Այնտեղ չեն սովորեցնում մտածել: Ավելի լավ կլինի խորությամբ ուսումնասիրել ֆիզիկա, ճարտարագիտություն, արվեստ, հումանիտար գիտություններ: Սրանք ամենալավ հիմքն են բիզնես սկսելու գործում։

                                                                                                          Նարինե Ղալամյան

Ցուցադրել ավելի
Back to top button