Ջորջիկ Պարսեմյանի օրինակը
Կանադայից գրեթե կես տարի առաջ է Ջորջիկ Պարսեմյան եկել Հայաստան։ Ասում է՝ ծնողները ողջունել են նրա որոշումը, քանի որ սփյուռքում ապրող յուրաքանչյուր ընտանիք ուրախ է լինում, երբ իրենց երեխան ցանկանում է հայրենիքն ավելի մոտիկից ճանաչել։ Ջորջիկը Մոնրեալում հայկական վարժարան է հաճախել, հետո համալսարանում սովորել, այն ավարտելուց հետո «Դեպքի Հայք» ծրագրով եկել Հայաստան։ Մի քանի ամիս է, ինչ կանանց նկատմամբ բռնությունը կանխարգելող հայկական SAFE You հավելվածում փրոջեքտ մենեջմնթով է զբաղվում։
Ջորջիկը պատմում է, որ մանկուց ցանկացել է երաժշտական խումբ ունենալ, հաճախել է կիթառի դասերի։ Կանադայում երաժիշտ ընկերների հետ խումբ էին կազմել։ Երբ եկավ Հայաստան որոշեց այդ երազանքն այստեղ շարունակել։ ֆեյսբուքում գրեց, որ փնտրում է թմբկահար, բաս կիթառահար, որոշ ժամանակ անց խումբը հավաքվեց։ Հիմա արդեն Yocto & Yotta անվամբ հանդես են գալիս երևանյան փաբերում։
Հայկական միջավայրին Ջորջիկը հարմարվել է, հաճախ է Երևանից դուրս ժամանակ անցկացնում, սիրով քայլարշավների մասնակցում, ծանոթանում հայրենի բնության գողտրիկ անկյուններին։ Սիրում զբոսնել նաև Երևանում, հատկապես Պուշկին փողոցն է գրավում։
11 ամիս Հայաստանում անցկացնելուց հետո մի քանի օրից Ջորջիկը կմեկնի Մոնրերալ։ Ասում է՝ այստեղ մասնագիտական կարևոր փորձաշրջան է անցել և կուտակած գիտելիքներն իր համար մեծ հեռանկարների սկիզբ կդառնան Կանադայում, բայց որոշել է` մի նոր նախագծով հետ կվերադառնա Հայաստան։