Այսօրը

Այսօր | Ես ուժեղ եմ, բայց միայնակ՝ Մերլին Մոնրոյի նման. Լանա Դել Ռեյ

1985 թվականի հուլիսի 21ին գործարարի և դպրոցական ուսուցչի ընտանիքում ծնվել է Էլիզաբեթ Վուլրիջ Գրանտը, որն այսօր բոլորիս հայտնի է Լանա Դեյ Ռեյ անունով:

Լանան երգչուհի է, երգահան, պրոդյուսեր ու բանաստեղծ։ Նրա երաժշտությունը հայտնի է իր կինեմատիկական ոճով, տխրության, ողբերգական սիրավեպի, գլամուրի և մելանխոլիայի թեմաներով, որոնք պարունակում են բազմաթիվ տարրեր ամերիկայան փոփ-մշակույթից:

Երգչուհին մանկությունն անցկացրել է Լեյք Պլեյսիդ կոչվող փոքրիկ քաղաքում: Սովորել է այն դպրոցում, որտեղ մայրն էր աշխատում: Վաղ տարիքում Էլիզաբեթը սովորում էր վոկալ և երգում եկեղեցու երգչախմբում:

Լանայի հայրը ձեռներեց Ռոբ Գրանտն է: Նա իր գործունեությունը սկսել է 90-ականների վերջին և շատ արագ դարձել հաջողակ ձեռներեց ու միլիոնատեր: 2011 թվականին ստացել է «Տարվա լավագույն ներդրող» մրցանակը: Նա ֆինանսավորել է երգչուհու առաջին ալբոմը. այդ ժամանակ երգչուհին հանդես էր գալիս My Jailer անունով, իսկ 2008-ին նա գրանցվեց  Myspace-ում  Sparkle Jump Rope Queen անունով: 

Աշխատել է որպես կամավոր, օգնել է հարբեցողներին և կարիքավորներին:

Նրա կուռքերն են Էլվիսը, Էմինեմը, Կուրտ Քոբեյնը:

15-ից 18 տարեկանում Էլիտար գիշերօթիկ քոլեջում գտնվելու ընթացքում, Լանան ալկոհոլից կախվածություն է ձեռք բերել:

Ամեն օր խմում էի, մենակ խմում էի: Երբ գրում եմ իմ կորցրածի մասին, գրում եմ նաև ալկոհոլի մասին. դա իմ առաջին սերն էր: Ալկոհոլն ամենավատ բանն է, որ պատահել է ինձ

Սովորել է Նյու Յորքի Բրոնքս նահանգի Ֆորդհեմի համալսարանում, որտեղ մասնագիտացել է մետաֆիզիկայի փիլիսոփայության բաժնում:

Երգչուհին 2010 թվականին թողարկել է Lizzy Grant անունով ալբոմ: Ձայնագրության պրոդյուսերն է Դեյվիդ Կանը, ով աշխատել է նաև Ռեգինա Սպեկտորի հետ։ Սակայն թողարկումն անհաջող էր և աննկատ մնաց:

Համաշխարհային համբավ Լանային բերեց համացանցը։ Առաջին տեսահոլովակը, որը թողարկվել է Լանա Դել Ռեյ անունով Video Games երգի համար, երեք շաբաթվա ընթացքում Յութուբում հավաքել է 600,000 դիտում. այսօր այդ թիվը հասել է 234 միլիոնի:

Լանան պայմանագրեր ուներ Next Model Management-ի հետ։ Նա նկարահանվել է H&M-ի,

Jaguar-ի և Gucci-ի գովազդային արշավներում։

Տարբեր տարիներին Լանայի երգերն օգտագործվել են Dior-ի, Քրիստոֆեր Քեյնի, Էմիլիո դե լա Մորենայի շոուներում։

Երգչուհու ձախ ձեռքին M դաջվածք կա՝ ի պատիվ նրա տատիկի՝ Մադլենի, ում հետ Լանան մանկության տարիներին շատ մտերիմ է եղել։ Նույն ձեռքի վրա դաջված է նաև «Դրախտ» բառը։ Աջ կողմում՝ «Ոչ ոքի չվստահել» արտահայտությունը, նույն տեղում՝ մատնեմատի վրա՝ «Մահացի՜ր երիտասարդ»:

Դել Ռեյը մի քանի ֆիլմերի սաունդթրեք է ձայնագրել։ Օրինակ՝ նրա վոկալը կարելի է լսել Թիմ Բարթոնի «Մեծ աչքեր» և Բազ Լուրմանի «Մեծն Գեթսբի» ստեղծագործություններում։

Լանան Vogue-ին տված հարցազրույցում ասել է, որ Լանա Դել Ռեյ անունը ծագել է նրանից, որ նա հաճախ է այցելում իսպանացի կուբացի ընկերներին Մայամիում.

«Լանա Դել Ռեյը հիշեցրեց մեզ դյութիչ ծովափը, — ասում է նա,- լեզվի ծայրին այն  հիանալի էր հնչում»։

Լաուրա Մանուկյան

Ցուցադրել ավելի
Back to top button