Այսօրը

Այսօր | Վերցրու կոտրված թևերդ և թռչի՛ր. Սըր Փոլ Մաքքարթնի

1942թվականի հունիսի 18-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը ժամանեց Վաշինգտոն՝ հանդիպելու ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտի հետ, քննարկելու Գերմանիայի դեմ ռազմավական գործողությունների ծրագիրը։ Այսպես կարող էր մեկնարկել երկրորդ համաշխարհային պատերազմի մասին որևէ վավերագրական ֆիլմ կամ պատմագիտական վերլուծություն, սակայն սա շոտլանդացի լրագրող Սիդնի Ռոբ Բեսոնի «Մարդը և առասպելը» վեպի առաջաբանն է.  ոգեշնչող մի պատմություն հասարակ ընտանիքի կիրթ և ազնիվ երիտասարդի մասին, որը դառնում է պատմության ամենանշանավոր ստեղծագործողներից մեկը։ Ւնչպես Բեսոնն է շարունակում՝ նույն  ժամանակ Լիվերպուլի Ուլթոն հիվանդանոցում, Մերի Պատրիսիայի և վաճառական Ջիմ Մաքքարթնիի ընտանիքում ծնվում է առաջնեկը՝  Ջեյմս Փոլ Մաքքարթնին: Լիվերպուլի երկնքում ոչ մի առաջնորդող աստղ այդ ժամին չկար, ինչը կազդարարեր նրա ծնունդը, փոխարենը երկնքում միայն կարելի էր նկատել արկերի հետքերը։ Այսպես է սկսվում խոշորագույն երաժշտի երկրային ուղևորությունը։ Հետպատերազմյան տարիներին Մաքքարթնիի ընտանիքն ապրել է համեստ պայմաններում, դա սակայն չի խանգարել մասնակցել մշակութային միջոցառումների, սիրել երաժշտությունը, նվագել և տարվել գրականությամբ։  Թվացյալ խաղաղ կյանքը փլուզվում է, երբ Փոլը 14 տարեկանում կորցնում է մորը։ Ծանր հոգեբանական ապրումներից դյուրազգաց պատանուն դուրս է բերում հայրը՝ ծննդյան տոնին որդուն շեփոր նվիրելով։ Երաժշտական այս գործիքը փոխելու էր երաժշտության պատմության ընթացքը՝ երևան բերելով նոր տաղանդի։ Բայց իռլանդացին չդարձավ շեփորահար, այլ ուղղակի փոխեց այն ակուստիկ կիթառի հետ և սկսեց նվագել ու երգեր գրել. այդպես էլ ծնվեց երաժշտության նկատմամբ տիեզերական սերը։ Դա այնքան անսահման էր, որ տիեզերքի միասնության օրենքի ուժով՝ շուտով Փոլը պետք է հանդիպեր մեկ այլ տաղանդավոր երիտասարդի՝ ապագա գերաստղի։

Օրերից մեկ օր Փոլի ընկերը նրան հրավիրում է ելույթ ունենալ Ուոլթոնում, որի ընթացքում Մաքքարթնին առաջին անգամ հանդիպում է աշխույժ և գերակտիվ Ջոն Լենոնին, իսկ հետո ընդունվում Լենոնի խումբ։ Կարճ ժամանակահատվածում տղաները մտերիմ ընկերներ են դառնում։ Ինչպես միշտ տիեզերքը ներդաշնակ և կենսունակ է միասնության մեջ։

Մաքքարթնին և Լենոնը նոր հորիզոններ էին նվաճելու և շուտով նրանց միանալու էին նաև արևելքի փիլիսոփայությամբ և շնչով համակված Ջորջ Հարիսոնը և այդ շրջանում քիչ հայտնի Ռինգո Սթարը։ 1960 ականների մշակույթը նոր գույնով էր ներկվելու, երբ ծնվելու էր The Bitleas -ը, և խմբի երգերի ու գաղափարական հայացքների տարածումը համընդհանուր էր դառնալու՝ ներառելով տարբեր մարդկանց, տարբեր մայրցամաքներից, տարբեր հայացքներով, որոնց սակայն մեկտեղելու էր երազելու ցանկությունը։ Այդ մեծ ոգեշնչման մասին Փոլ Մաքքարթնին ասում է

Պետք է հավատալ ինքդ քեզ, և ես  դա ամենայն լրջությամբ եմ ասում, քանի որ մենք (The Beatles-ը) էլ այդպես վարվեցինք: Ընկե՛ր, մենք հավատացինք ինքներս մեզ, մենք գիտեինք, որ մենք լավն ենք։

Նորաստեղծ խմբի 1963թվականին լույս տեսած ալբոմի երգերի մեծ մասը գրվել են Լենոնի և Մաքքարթնիի համատեղ ջանքերով, թեև մի քանի երգեր ամբողջությամբ պատկանում էին Մաքքարթնիին։ Լենոն-Մաքքարթնի տանդեմը ստեղծագործական բեղուն գործունեություն էր ծավալում և երկրպագուների հոծ բանակ հավաքում։

Ստեղծագործությունը, որից հետո խումբը գրավում է երկրապագուների սրտերը՝ She Loves You երգն է, այն համընկնում է խմբի ճանաչման բարձրակետի հետ։ Այս կոմպոզիցիան երկու ամիս շարունակում էր գլխավորել բրիտանական երաժշտական լավագույն շքերթները։ Դրանով էլ սկսվում է «Բիթլմանիա»-ն։ Խումբն արդեն համերգներով էր հանդես գալիս Եվրոպայում, սպասվում էր խոշոր համերգային ծրագիր ԱՄՆ-ում։

70-ականները տաղանդավոր երաժշտի համար զարգացման և ինքնաճանաչման տարիներ էին, նա  շատ արագ դարձավ Լոնդոնի ջազ ակումբների, արվեստի պատկերասրահների և այլ մշակութային կառույցների մշտական ​​այցելուն, իսկ երաժիշտների հետ հանդիպումները ոչ միայն նրան մեծ բավականություն էին պատճառում, այլև դառնում սռեղծագործական ոգեշնչման և երաժշտության մեջ նոր ժանրային առանձնահատկություններ ներմուծելու կարևոր գործոններ։ Գրական ստեղծագործություններն ու թատերական ներկայացումներն էլ ստիպում էին բանաստեղծական ելևէջներ  կիրառել և երգերն ավելի խորը դարձնել։ Այդ երգերում կա և՛ ոգեշնչում, և՛ հավատ, և՛ հավերժի սահմանից անդին երևացող ձայներ, երբեմն նաև շշուկներ։

Մաքքարթնիի հաջողության գրավականը ազնվությունն է՝ այն, ինչ ցանկանում է պատմել՝ պատմում է իր երաժշտության միջոցով: Ամեն անգամ, երբ ուզում է ինչ-որ բան ասել, երգ է գրում և միշտ նվագում է այն երաժշտությունը, որին հավատում է,  ասում է՝ երկպագուները զգում են խաբեությունը: Երբեմն այդ երգերը լսում է երազում, կամ ինչպես ինքն է ասում՝ ուղղորդող տեսիլներ է ունենում։ Ըստ Rolling Stone ամսագրի բոլոր ժամանակների լավագույն 500 երգերի շարքում 13-րդ հորիզոնականը զբաղեցնող Yesterday-ը ևս նման մի գեղեցիկ տեսիլի արդյունքում է ծնվել։ Մի անգամ Մաքքարթնին պատմել է, որ երաժշտությունը  ոչ թե ինքն է ստեղծել, այլ լսել է քնած ժամանակ և արթնանալով համոզվել է, որ պարզապես առաջ լսել էր այդ երաժշտությունը։ Այս երգն այժմ ներառված է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենաշատ քավերներ ունեցող կատարում, այն բարձր գնահատանքի է արժանացել  նաև Լենոնի կողմից, ով մի անգամ կատակել է և ասել, որ միակ բանը, որ Մաքքարթնին արել է Yesterday երգը գրելն էր։ Երազային տեսիլները համակում են նաև խմբի վերջին ալբոմն ու ձայնագրությունը։ Let It Be-ն , որը դարձավ լիվերպուլյան քառյակի կարապի երգը ևս գրել է Փոլ Մաքքարթնին։ Երգի գաղափարը Փոլի մոտ ծագել է շատ ծանր ժամանակահատվածում, որի ազդեցությամբ մի անգամ երազում տեսնում է իր հանգուցյալ մորը՝ Մերիին։ Մոր տեսիլը նրան ասում է, որ ամեն ինչ լավ է լինելու։ Դա էլ առիթ է դառնում ասելու, որ թող լինի հենց այդպես։

UNITED KINGDOM — JANUARY 01: Photo of Paul McCARTNEY and BEATLES; Paul McCartney, posed (Photo by Fiona Adams/Redferns)

Բիթլզի փլուզումից հետո Փոլ Մաքքարթնին հայտնվում է երկարատև դեպրեսիայի մեջ և երկար ժամանակ անցկացնում Շոտլանդիայի արևմուտքում։ Դեպրեսիայից հետո Մաքքարթնին թողարկում է իր առաջին սոլո ալբոմը, այն երեք շաբաթ չէր իջնում բրիտանական չարթերի առաջին հորիզոնականներից, ինչից հետո Փոլը իր նոր Wings խմբով հանդես է գալիս մինչև 1980 թվականին։

1977թ.ը դառնում է երաժշտի սոլո կարիերայի լավագույն շրջանը՝ սինգլը գլխավորում էր բրիտանական չարթերը։ Շուտով Մաքքարթնին դառնում է մոլորակի ամենաբարձր վարձատրվող երաժիշտը։ Հաջողության արդյունքներն ու բերկրանքը վայելելը սակայն երկար չեն տևում՝ խմբի սիրահարների և ընդհանրապես երաժշտական աշխարհի համար մեծ կորուստ էր լեգենդար Ջոն Լենոնի ողբերգական սպանությունը, ինչն ավելի խորը հետք է թողնում ընկերոջ վրա։ Անգամ մինչ այսօր Մաքքարթնին փաստում է, որ չի կարողանում հավատալ Լենոնի կորուստին։

Այսօր Մաքքարթնին շարունակում է ակտիվ ստեղծագործական գործունեություն ծավալել,  նրա կարիերայի  3000-րդ համերգը կայացավ 2004 թվականին, իսկ վերլուծաբանները 21-րդ դարը Մաքքարթնիի ստեղծագործական վերածննդի շրջանն են համարում։ Այժմ տեխնոլոգիական նորամուծություններին մի փոքր դժվար, սակայն այնուամենայնիվ ինֆորմացիայի հարահոսության պայմաններում  մի կերպ համակերպվելով՝ Մաքքարթնին անգամ բացում է սոցցանցերի նոր հաշիվներ և շարունակում է մեծ ոգևորությամբ ստեղծագործել։ Մեր օրերի ստեղծագործական ամենավառ վկայություններից է օրինակ  My Valentine երգը, որը գրել է 2012 թվականին իր երրորդ կնոջ՝ Նենսի Շևելի համար։

Ցուցադրել ավելի
Back to top button