IT շաբաթ․ «MetaGait» քայլքի իմիտացիա ստեղծող սարք
«ՔայլՏեք» հայկական ընկերությունը օրերս ներկայացրեց hիվանդի շարժունակությունը վերականգնող նորարարական «MetaGait» սարքը, որն օգնում է քայլել չկարողացող մարդուն ուղիղ կանգնել և քայլքի իմիտացիա ստեղծել։ «VR» ակնոցի ու հատուկ մշակված խաղերի շնորհիվ սարքը բուժառուին տեղափոխում է վիրտուալ իրականություն, որտեղ կարող է դահուկ քշել, վազել, զբոսնել։ Այս ակտիվությունը նպաստում է ուղեղում նոր նեյրոնային կապերի ստեղծմանը։ Ընկերության հիմնադիր, սարքի հեղինակ Դավիթ Արսենյանը նշեց, որ սա ընկերության նախորդ արտադրանքի՝ «Քայլաբեր»–ի կատարելագործված տեսակն է։
MetaGait-ը նախատեսված է ուղղահայաց դիրքում վերականգնողական վարժություններ կատարելու համար: Այն կարելի է օգտագործել տանը և խուսափել անշարժության հետևանքով առաջացող ավելի քան 30 հիվանդությունից։
Ծրագիրն իրականացնելու համար ReArmenia-ի հարթակում դրամահավաք է կազմակերպվել։
Մի սարքի արտադրության համար անհրաժեշտ է շուրջ 2 մլն դրամ, 35 սարքի համար՝ 75 մլն դրամ` ներառյալ տեղափոխման ծախսերը: Դավիթ Արսենյանը հույս հայտնեց,որ պետության աջակցությունը ևս չի ուշանա։
Ի դեպ «MetaGait» շնորհանդեսին ներկա զինհաշմանդամություն ունեցող երիտասարդին Դավիթ Արսենյանը նվիրեց շարժունակությունը վերականգնող՝ նորարարական սարքի ցուցանմուշը։