Այլ

Եգիպտոս․ Երբ ներկան և անցյալն ապրում են կողք կողքի 

Եգիպտոսն իր վաղեմի պատմությամբ և մշակույթով, հնի ու նորի միախառնմամբ ու ժամանակի հետ քայլելու կարողությամբ ամեն անգամ նորովի է բացահայտվում։ 

Առաջին հայացքից կարող է թվալ, թե պատերազմների ու ներքին խժդժոցների բոհով անցած այդ երկիրը հետաքրքիր է միայն իր անցյալով՝ նախորդ հազարամյակներից իրենց հետքը թողած ամենակարող փարավոններով, հսկա սվինքսերով, բուրգերով, թաքնված առեղծվածներով, սակայն մերօրյա Եգիպտոսն ու եգիպտացին նույնպես ունեն բացահայտման կարիք։ 

Մարտի 26-ից ապրիլի 2-ը կազմակերպված մեդիա այցի ընթացքում մի խումբ լրագրողների ընձեռնվեց հնարավորություն տեսնել թե՛ Եգիպտոսի ներկան, և թե՛ անցյալը, ծանոթանալ ինչպես պատմական, այնպես էլ նոր քաղաքների, զբոսաշրջության կենտրոնների, շքեղ հյուրանոցների, զբոսանավերի, եգիպտական խոհանոցի և ավանդական շուկաների գույների հետ։ 

Հայերի շրջանում ամենատարածված տուրիստական ուղղությունների մեկը՝ Հուրգադան, միշտ չէ, որ եղել է հանգստյան գոտի։ Անցյալ դարի վերջում՝ 1960-ականներին, եգիպտական այս քաղաքում գերիշխող էին ոչ թե աշխարհի տարբեր անկյուններից այստեղ եկած զբոսաշրջիկների ժպիտներն ու հնագույն պատմությամբ զարմացած հայացքներն, այլ հասարակ ձկնորսները, բեդուիններն ու իսրայելական կողմից պարբերաբար արձակվող հրթիռների ձայները։ Ռազմական շրջանը հանգստյան գոտու է վերածվել միայն Եգիպտոսի և Իսրայելի միջև կնքված համաձայնագրից հետո: Արդեն 1974 թվականին այստեղ կառուցվել է առաջին հյուրանոցը, իսկ 1980-ականներին զարկ է տրվել ակտիվ հյուրանոցաշինությանը՝ Կարմիր ծովի ափին գտնվող ձկնորսական քաղաքը վերածելով զբոսաշրջության զարգացող կենտրոնի։  

Հուրգադան միաձուլում է հինն ու ժամանակակիցը՝ ներկայանալով լավագույն հյուրանոցային ցանցերով և միջազգային օդանավակայանով, որն ուղիղ կապեր ունի Եվրոպայի և աշխարհի տարբեր քաղաքների, այդ թվում `Երևանի հետ, ինչն ապահովում է հազարավոր զբոսաշրջիկների հոսք, միևնույն ժամանակ, Եգիպտոսի բնակչության համար ստեղծելով հիմնական եկամտի և «one dollar»-ների հավելյալ աղբյուր։ 

Այսօր Հուրգադան պատրաստ է հյուրընկալել հազարավոր զբոսաշրջիկների և ամենևին չզիջել իր առաջարկած ծառայություններով՝ լինելով հասանելի և մատչելի ուղղություն բոլորի համար։ Մեդիա այցի ընթացքում լրագրողների առջև իր դռներն էր բացել Sunrise հյուրանոցային ցանցը, որի տասնյակի հասնող հյուրանոցներից յուրաքանչյուրը կարող է գրավել տարբեր նախասիրություններ և պահանջներ ունեցող զբոսաշրջիկների՝ առաջարկելով անգամ զբոսանավով նավարկություն Նեղոս գետի երկայնքով՝ «մեռյալների և ողջերի քաղաք» Լուքսորի պատմության և մշակույթի, ավերված քաղաքակրթության ներքո։  

Հուրգադայից ճամփորդությունը Լուքսոր ինքնին հնարավորություն է կտրվել ծովափնյա և ժամանակակից հանգստի միջավայրից՝ տեղափոխվելով  մեկ այլ ժամանակաշրջան, որտեղ գերիշխում են ուղտերով զբոսնող բեդուիները, փողոցային աղմկոտ շուկաները, առանց տանիքի, կիսակառույց, երբեմն միջնադարի շունչ հաղորդող եգիպտական տները, բակերում ու ճամփեզրերին զարմացած, բայց և ժպտացող աչքերով քեզ ուղեկցող եգիպտացիները։ Այստեղ, Կառնակի և Հատշեպսուտ տաճարներն ակամայից կտրում են քեզ իրականությունից և տանում մանկության ֆիլմերի և պատմության գրքերի էջեր։

Տուրիզմի մասնագետ, մեդիաճամփորդությունների համակարգող Ազա Շահազիզյանի խոսքով՝ դեպի Եգիպտոս ուղղությունը հայ զբոսաշրջիկի համար մնում է ամենահարմար և ամենահասանելի ուղղություններից մեկը, քանի որ մենք՝ հայերս, միշտ սիրում ենք հանգիստը համատեղել նաև պատմական վայրերի այցելությամբ, ինչը Եգիպտոսում հնարավոր է իրականություն դարձնել։ 

«Եգիպտոսը շատ ապահով ուղղություն է հայ ընտանիքների համար, որոնք սիրում են ճամփորդել նաև իրենց երեխաների հետ։ Այն լավագույն ուղղություններից մեկն է, որն ապահովում է զբոսաշրջիկի անվտանգությունը։ Օդանավակայանից սկսած հաշվի են առնվում անվտանգության բոլոր կանոնները, գործում են բոլոր ժամանակակից տեխնոլոգիաները՝ բացահայտելու որևէ խոչընդոտ, որը կարող է խաթարել հանգիստը։ Հանգստի ողջ ընթացքում ոստիկանները ամեն կերպ փորձում են ապահովել բոլոր զբոսաշրջիկների անվտանգությունն ու ապահովությունը» — նշել է Շահազիզյանը՝ հավելելով, որ արաբական այս երկրում քրիստոնյաները միշտ սպասված և հարգված հյուրեր են։

Ցուցադրել ավելի

Ա Բեկյան

Ես Անահիտն եմ, «Իմ ռադիոյի» ղեկավարը, որն անսահման կարոտում է առավոտյան իր ուղիղ եթերները։ Ես մարդ եմ, որն ապրում է ռադիոյում ու ռադիոյով։ Աշխարհում ոչ մի բանի հետ չեմ փոխի նոր հաղորդում մտածելու, ստեղծելու ու կյանքի կոչելու պրոցեսը։ Պաշտում եմ նաև իմանալ ռադիոլսողների արձագանքը մեր փոդքասթների ու երիտասարդ ալիքի մասին։ Այնպես որ շատ գրեք մեզ։
Back to top button