Անշունչ քարերից կարելի է «շնչող» դիմանկարներ ստեղծել․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»
2011 թվականին Նունե Մանուկյանն ու Արփի Բաբայանն ընդհանուր ծանոթների միջոցավ ծանոթացան, հետագայում սկսեցին միասին էլ աշխատել,իսկ 2018 թվականին արդեն լավ ընկերները որոշեցին իրենց համատեղ բիզնեսն սկսել։ Այն անվանեցին «Էգանատ»։
Աղջիկների պատրաստած խճանկարները յուրահատուկ են նրանով, որ ամբողջությամբ ստեղծվում են քարերից, դրանք չեն ներկվում, անհրաժեշտության դեպքում միայն կարող են փոփոխվել չափերով, անգամ դիմանկարների դեպքում ոչ մի վրձնային հարված չի լինում։
Ինչ-որ տեղ գնալու ժամանակ Արփին էլ Նունեն էլ իրենց հետ միշտ գեղեցիկ քարեր են բերում, անգամ եթե դրանցից պատվեր չլինի էլ, մեկ է կարողանում են հարմարեցնել ու իր ճիշտ տեղում դնել խճանկարի մեջ։
Աշխատանքի մեջ ամենաբարդն ու աշխատատարը դիմանկար ստեղծելն է։ Պետք է այնպիսի քարեր ընտրես, որ դեմքի ճիշտ գույն, հայացք ու դիմագծեր կարողանաս ստանալ։ Այդ հարցում Արփին արդեն պրոֆեսիոնալ է դարձել, ասում է Նունեն։