Իմ օրինակը

Աստղիկ Հարությունյանի օրինակը

Երեխաների մոտ բնության նկատմամբ սեր սերմանալու, հայրենիքի գողտրիկ անկյուններին ծանոթացնելու նպատակով Աստղիկ Հարությունյանը «Խոխա» արշավներ է կազմակերպում։ Ճանապարհներին ծանոթ լինել, տեղանքում ճիշտ կողմանորոշվել, ճկուն լինելը․ սրանք կարևոր հմտություններ են, որոնք անհրաժեշտ են ուղեկցորդ լինելու համար, բայց եթե արշավականները երեխաներն են, ապա պատասխանատվությունը կրկնապատկվում է և այդ ամենին զուգահեռ պետք է ցուցաբերել նաև ծով համբերություն։

Լուսանկարը՝ Աստղիկի ֆեյսբուքյան էջից

Մասնագիտությամբ լեզվաբան է Աստղիկը, Իտալիայում մարդու իրավունքներ և քաղաքագիտություն է ուսումնասիրել։ Մինչև արշավական ակումբ ստեղծելը 2010թվականից անգլախոս, իտալախոս զբոսավար է աշխատել։ Համավարակի օրերին ընկերների համար արշավներ է կազմակերպել, հետո նրանց խորհրդով ստեղծել «Արի» արշավախումբը, որի տրամաբանական շարունակությունն էլ դարձել է «Խոխա»–ն։

«Խոխա» արշվաները նախատեսված են 7–14 տարեկանների համար, բայց խմբին միանում են ավելի փոքր տարիքի երեխաներ։ Երթուղին Աստղիկն ընտրում է ըստ եղանակային պայմանների, օրինակ Արարատի, Վայոց ձորի մարզեր ամռանը չեն գնում, նախ շոգ է, հետո էլ սողունների ակտիվացման շրջանն է, ձմռանն էլ սարեր չեն բարձրանում, քանի որ լուրջ պատրաստվածություն է պետք,  հիմնականում ստորոտային, անտառային ուղղություններով են արշավում։ Աստղիկն ասում է՝ արշավի գնալիս միակ բարդությունը ճանապարհի երկարությունը չէ, կան հարաբերական բարձրության, արահետների բացակայության, ճանապարհի դժվարանցանելիության խնդիրներ, բայց, որքան էլ որ զարմանալի է հաճախ երեխաներն ավելի հեշտ են հաղթահարում բարդությունները, քան մեծերը։

Լուսանկարը՝ «Խոխա»–ի ֆեյսբուքյան էջից

«Խոխա» արշավներին 2020թվականի հոկտմեբեր, նոյեմբեր ամիսներին մասնակցել են նաև Արցախից Երևան և մոտակա մարզեր տեղահանված երեխաները։ Աստղիկի կարծիքով՝  այդ օրերին բնության գրկում հայտնվելն ամենալավ թերապիան էր նրանց համար։
Այս տարի մտադիր է նաև ներառական արշավներ կազմակերպել։
Մշակութային կթողներ այցելություններն ու քայլարշավների համադրությունն ամենագեղեցիկն են, բնության մեջ թաքնված խոնարհված եկեղեցիներ կան, որոնք պետք է բացահայտել ու հաճախ այցելել,– ասում է Աստղիկն ու ցանկանում է, որ մարդիկ մոտ լինեն բնությանը, սիրեն ու փայփայեն հայրենիքի գանձերը։

Ցուցադրել ավելի
Back to top button