Իմ օրինակը

Հակոբ Միկոյանի օրինակը

Հայաստանի տարբեր քաղաքներից ու գյուղերից 20 տարի ամեն օր մեկ պարկ աղբ է որոշել հավաքել մասնագիտությամբ զինվորական, ռադիոինժեներ, «Աղբ թափելն ամոթ է» նախաձեռնության հիմնադիր Հակոբ Միկոյանը։ Անկախ նրանից, թե ինչ կարգավիճակում կամ որտեղ կլինի, խոստացել է՝ բնությունը մաքրել աղբից։

Լուսանկարը` Հակոբի ֆեյսբուքյան էջից

Իր հարսանիքի օրն էլ էր Հակոբը որոշել մաքարապատմամբ զբաղվել, իսկ ծննդյան օրը որպես նվեր խնդրել յուրաքանչյուրից մեկ պարկ աղբ հավաքել իրենց համայնքից, լուսանկարել և իրեն ուղարկել։

Առանց զայրույթի ամեն օր իր գործն է կատարում, հասկանում է՝ տարիների ընթացքում կուտակված աղբը մեկ, երկու օրում հնարավոր չէ վերացնել. համառ աշխատանք ու նվիրում է պահանջվում: Իսկ իր նպատակը ոչ միայն որևէ տարածք աղբից մաքրելն է, այլև մարդկանց գիտակցությունը բարձրացնելը: Հաճախ լինում են դեպքեր, երբ նախատեսված մեկ պարկից շատ աղբ է հավաքում, երբեմն տեսակավորում ու գցում դրանց համար  նախատեսված  աղբամաները կամ փոխանցում տեսակավորմամբ զբաղվող ՀԿ-ին։ Հակոբը դուրս է գալիս փողոց ու նախապես չի ընտրում, թե որտեղից պետք է աղբ հավաքի, քանի որ ամեն քայլափոխին գետնին գցված ծխախոտի մնացորդներ են, պոլիէթիլենային տոպրակներ, շշեր։

«ՄաքարաՊատում» նախաձեռնության տարածմանը նպաստում է նաև սոցիալական մեդիան։ Ֆեյսբուքի, Ինստագրամի, Տիկտոկի էջերում վիդեոներ, լուսանկարներ է տեղադրում, ցույց տալիս կատարած աշխատանքը։
Մայիսի 8–ին Հայաստանում Մաքրապատման փառատոն կանցկացվի, դրան ընդառաջ Հակոբն աշխատում է տարբեր ՀԿ-ի, ընկերությունների հետ, հազարավոր մարդիկ են արդեն միացել փառատոնին։

Հակոբը հիշում է, որ տարիներ առաջ հաճախ էր վեճերի մեջ ընկնում, երբ մարդկանց հորդորում էր աղբը գետնին չնետել։ Թեև չնախատեսված վայրում աղբ գցելու համար տուգանք է հասնում, բայց կարելի է ասել այն չի գործում: Հույս ունի` շատ շուտով այդ օրենքը իսկապես կկիրառվի, բայց առաջին հերթին ցանկանում է, որ մարդկանց գիտակցությունն այնքան բարձրանա, որ որևէ օրենք գործի դնելու կարիք այլևս չլինի։

Ցուցադրել ավելի
Back to top button